Նոյեմբերյան համայնքի Զորական եւ Կոթի գյուղերի բնակիչ, անչափահասների խմբի կողմից այս տարվա սեպտեմբերին ծեծված, Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանող Ալեն Ջանվելյանին օգնելու համար Արցախից սերված, խոցելի անձանց խնդիրներով զբաղվող Նանար Պողոսյանը հանգանակություն է արել, ապա դեկտեմբերի 11-ին Ֆեյսբուքի իր էջում հրապարակել իր նախաձեռնած հանգանակությամբ հավաքված 1 միլիոն 90 հազար դրամը ծախսելու հաշվետվությունը․
«1․ Վառելափայտ՝ 6.8 կուբամետր -150.000 ՀՀ դրամ։
2․ Վառարան -18.000 ՀՀ դրամ։
3․ Տան 6 ամսվա վարձ -150.000 ՀՀ դրամ։
4․ Տոնածառի խաղալիքներ, լույսեր եւ Ձմեռ պապ - 35.720 ՀՀ դրամ։
5․ Հեռուստացույց -110.000 ՀՀ դրամ։
6․ Հեռախոս - 416.900 ՀՀ դրամ։
7․ Հեռախոսի կոճ - 12.900 ՀՀ դրամ։
8․ Սնունդ - 104.241 ՀՀ դրամ։
Իսկ մնացորդը` 92.500 ՀՀ դրամը, առձեռն փոխանցել եմ Ալենի մայրիկ տիկին Ամալյային, քանի որ ասել է, որ վահանաձեւ գեղձի խնդիր ունի, իսկ Ալենի աչքերի խնդրի մասին տեղում եմ իմացել, անզեն աչքով տեսնելուց եւ իմ հարցնելուց հետո: Ինչպես նաեւ՝ եթե ընկերներիս մեջ կլինի աչքի բժիշկ եւ պատրաստակամ կլինի անվճար Ալենի աչքերը վիրահատի, շատ շնորհակալ կլինեմ։ Հայերս, ուրեմն, բացի դրամահավաքից, մարդիկ են եղել, ովքեր Ալենին, իր մայրիկին ու քույրիկներին հագուստներ են գնել կամ իրենց խանութից նվիրել, այդ մարդիկ են Մարիամ Սահակյանը, Լիլիթ Թեւանյանը եւ Սուսաննա Պողոսյանը։ Ալենի փաստաբան Զորի Բաբայանը նվիրել է տոնածառ։ Իսկ արցախցի Արայիկ Ապրեսյանը նվիրել է 20 հատ ճուտիկ, իրենց նախնական կերով (ճուտիկները մի քանի ամսից արդեն ածան հավ են լինելու)։ Նար-Դոսի հասցեում գտնվող բանջարեղենի իր խանութից Հակոբ Հակոբյանը նվիրել է լիքը բանջարեղեն՝ մեշոկներով, եւ միրգ, ինչպես նաեւ՝ պատրաստակամություն է հայտնել սեփական բեռնատար ավտոմեքենայով ողջ օգնությունն անվճար կերպով տեղափոխելու Նոյեմբերյանի Բերդավան գյուղ, Ալենենց տուն»։
Ալեն Ջանվելյանի մայրը՝ Ամալյան, տնտեսուհի է աշխատում Բերդավան գյուղում` հանդիսավար, ասմունքող Լիանա Զուրաբյանի ընտանեկան հյուրատանը: Դեկտեմբերի 11-ին Լիանա Զուրաբյանը Ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ երեւում են նաեւ Ալեն Ջանվելյանն ու իր մայրը։ Լ․ Զուրաբյանը տեսանյութում հայտնել է, որ Ալեն Ջանվելյանն ուներ տեսողության խնդիր, որը նրա ծեծից հետո ավելի է խորացել, Ալենը պետք է վիրահատվի, դրա համար գումար է պետք։ Լիանա Զուրաբյանը հայտնել է նաեւ, որ Ալենի մայրն ունի «զոբ» հիվանդություն, որը տղայի ծեծից հետո ավելի է սրվել, եւ կոչ է արել՝ գումարներ նվիրաբերել Ալենի եւ նրա մոր առողջության համար։