Այլ

Ռուսաստանում էլ են նախընտրական կրքեր եռում

Ռուսաստանում էլ են նախընտրական կրքեր եռում

Սեպտեմբերն ընտրությունների ամիս է ոչ միայն Հայաստանում՝ Երեւանի ավագանու ընտրությունների պատճառով, որոնք տեղի են ունենալու սեպտեմբերի 17-ին, այլ նաեւ՝ Ռուսաստանում։ Այստեղ սեպտեմբերի 10-ին լինելու է միասնական քվեարկություն՝ տարբեր մակարդակների ընտրությունների հետ կապված, այդ թվում՝ Պետական դումայի հավելյալ ընտրություններ, 26 սուբյեկտներում՝ ղեկավարի ընտրություններ (21-ը՝ ուղիղ քվեարկությամբ, 5-ը՝ տեղական օրենսդրական մարմնի միջոցով) եւ 16 սուբյեկտներում՝ տեղական օրենսդրական-ներկայացուցչական մարմինների ընտրություններ։

Ու չնայած ռուս-ուկրաինական պատերազմին, Ռուսաստանում էլ բավական հետաքրքիր քաղաքական-ընտրական կրքեր են եռում։ Մասնավորապես, հատկապես Դումայի պատգամավորները հանդես են գալիս տարատեսակ, երբեմն՝ զարմանալի նախաձեռնություններով։ Օրինակ, Պետդումայի փոխնախագահ, «Նոր մարդիկ» կուսակցությունը ներկայացնող խմբակցությունից Վլադիսլավ Դավանկովն առաջարկել է կառավարությանը՝ կազմակերպել ՌԴ շարքային քաղաքացիների համար անվճար տուրիստական այցելություններ դեպի Հնդկաստան։ Այդ նախաձեռնության իրականացման համար, ըստ Դավանկովի, կարելի է կիրառել այն 39 միլիարդ դոլարին համարժեք գումարը՝ ռուփիների տեսքով, որը կուտակվել է նավթային մատակարարումների արդյունքում եւ պայմանավորված է հնդկական ռուփիի՝ ոչ կոնվերտացիոն արժույթ լինելով, եւ որը հնարավոր չի լինում դուրս բերել եւ տեղափոխել Ռուսաստան։

Լիբերալ դեմոկրատների կուսակցությունը ներկայացնող պատգամավորներն էլ առաջարկում են շարունակել ավանդույթը եւ, ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ գումար բաժանել շարքային քաղաքացիներին, որ կարողանան իրենց երեխաներին դպրոց ուղարկել։ Նշվում է, որ միանվագ օժանդակությունը կազմելու է մոտ 14 հազար ռուբլի, որքան որ ՌԴ-ում գնահատված է նվազագույն կենսապահովման համար անհրաժեշտ շեմը։ Օրենքի նախագիծն արդեն Դումա է ներկայացվել։

Օգոստոսն ընդհանրապես պատգամավորական նախաձեռնությունների առումով բավական առատաձեռն էր։ 
Օրինակ՝ առաջարկվել է մայրական կապիտալը բարձրացնել մինչեւ 1 միլիոն ռուբլի, հինգերորդ երեխան ունեցողներին նվիրել բնակարան, դպրոցական ապրանքների համար սահմանել հարկային արտոնություններ, աշխատավարձերն ինդեքսավորել՝ ըստ ինֆլյացիայի, եւ այլն։ Ու մինչ այս նախաձեռնությունները դեռ «միս ու արյուն» պետք է ստանան ռուսական դաշնային-համապետական օրենսդիր մարմնի ստորին պալատում, շարքային ռուսաստանցիները հասկանում են, որ դրանք նախընտրական պոպուլիստական «ակցիաների» կատեգորիայից են, եւ առանձնապես լուրջ չեն վերաբերվում դրանց։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image