Հարցազրույց

Ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը մեթոդաբար ոչնչացնում ազգի հոգեբանական պատրաստակամությունը. Արման Աբովյան

Ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը մեթոդաբար ոչնչացնում ազգի հոգեբանական պատրաստակամությունը. Արման Աբովյան

«Չնայած այն հանգամանքին, որ իրավիճակը զարգանում է ամենաբացասական սցենարներից մեկի համաձայն, պետք է հասկանալ, որ ոչ մի անսպասելի բան տեղի չի ունենում։ Բավական է միայն վերհիշել փաշինյանական կառավարության երկու տարի առաջ արած հայտարարությունները, և ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Միանշանակ է, որ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և ռազմավարական տարածքների փուլային հանձնումը` հայ բնակչության տեղահանմամբ, անխուսափելի էին փաշինյանական «խաղաղության դարաշրջանի» իրականացման շրջանակներում (ենթադրվում է, որ մոտավորապես նույնը շուտով տեղի կունենա Հայաստանի որոշ սահմանամերձ շրջանների բնակիչների հետ), քանի որ «մենք չենք ուզում կռվել և պետք է հասնենք խաղաղության» արտահայտությունը ենթադրում է Արցախի հանձնում և Հայաստանի փուլային մասնատում»,-այս մասին Հրապարակին հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը:

Վերլուծաբանը գտնում է, որ ամենացավալին այն է, որ այս պարագայում իրադարձությունների այլ զարգացում չի կարող լինել՝ հաշվի առնելով այն, որ եթե ազգը, ժողովուրդը, իշխանությունը հրաժարվեն պաշտպանել իրենց շահերը՝ պատճառաբանելով նրանով, որ «պատերազմ է լինելու և մարդկային կորուստներ», ապա անխուսափելիորեն այդ ազգային-քաղաքական կոնգլոմերացիաները իրենց գոյության հաշվին դառնում են քաղաքական գործընթացների օբյեկտ:

«Պետական անվտանգության ոլորտում աքսիոմատիկ կանոնն ասում է՝ եթե հոգնել ես պետության շահերի համար պայքարելուց, ուրեմն անխուսափելիորեն կզրկվես պետականությունից։ Անշուշտ, Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը առաջացել է երկրի անվտանգությունն ապահովելու երրորդ կողմերի խոստման դիմաց պետական, քաղաքական, տնտեսական, ռազմական ինստիտուտների բնականոն գործունեությունը ապահովելուց ՀՀ իշխանությունների տոտալ հրաժարման գործընթացում։ Այս պոստուլատը տեղ ունի աշխարհաքաղաքականության մեջ, բայց միայն այն դեպքում, եթե երաշխավորված է, որ երրորդ երկրների շահերը համընկնում են շահագրգիռ երկրի շահերի հետ: Սակայն Հայաստանի և Արցախի դեպքում դա չի կարող լինել, քանի որ այն երկրները, որոնք գտնվում են հայկական էթնոքաղաքական կազմավորումների անմիջական միջավայրում, իրենց նպատակ են դրել Հայաստանի ու Արցախի ոչնչացումը, իսկ երկրներն ու «երաշխավորներն» օբյեկտիվ աշխարհաքաղաքական հանգամանքներից ելնելով` պարզապես չեն կարող լիարժեք «երաշխավորի» դեր կատարել»,-ասաց Աբովյանը։
Վերլուծաբանը նշում է, որ ստեղծված իրավիճակը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանի և Արցախի գոյության միակ երաշխիքը բոլոր առկա միջոցներով ոչնչացմանը դիմակայելու ընդհանուր կամքն է։ Ընդգծում՝ ուրիշ ելք չկա։ 

Աբովյանն ասում է. «Եվ այստեղ հարց է առաջանում, թե այս դեպքում ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը մեթոդաբար ոչնչացնում ազգի հոգեբանական պատրաստակամությունը՝ պայքարելու Հայաստանի ու Արցախի պահպանման համար։ Կարծում եմ՝ հարցը հռետորական է»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image