ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հր. Աճառյանի անվ. Լեզվի ինստիտուտում գործը եռում է։ Երիտասարդ գիտնականների մի խումբ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության» ծրագրի շրջանակներում իրականացրել է «Հայերեն էլեկտրոնային սրբագրման համակարգ» գիտահետազոտական թեման:
Մերի Սարգսյան՝ ծրագրի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ. «Ուսումնասիրել ենք մի շարք օտարալեզու և հայալեզու սրբագրման համակարգեր՝ բացահայտելով մեր համակարգերի բաց կողմերը: Ցավոք, ներկա դրությամբ հայալեզու սրբագրիչները դեռևս ուղղագրական և քերականական խնդիրներ լուծելու սահմաններում են, ինչը օտարալեզու խմբագրիչներն արդեն հեշտությամբ լուծում էին նախորդ դարում: Ոչ մի հայալեզու սրբագրիչ դեռևս ի վիճակի չէ լուծելու ոճական և շարահյուսական սխալներն ուղղելու խնդիրներ: Սա ունի անշուշտ իր օբյեկտիվ պատճառները: Առայժմ հայերենի լիարժեք ձևային նկարագրության հարցը լուծված չէ, հայերենի ձևայնացման տարբեր փորձեր արվել են, սակայն լիակատար ձևային նկարագրություն ասպարեզում չկա: Իսկ էլեկտրոնային սրբագրման համակարգերի հիմքում լեզվի ձևային նկարագրությունն է ընկած, հատկապես եթե ցանկանում ենք լուծել ոճական և շարահյուսական խնդիրներ»:
Արձանագրված բացերը նկատի ունենալով՝ Լեզվի ինստիտուտի աշխատակիցները armspell.am վեբ կայքում գործող էլեկտրոնային շտեմարան են ստեղծել: Շտեմարանն ունի մեծածավալ տվյալների հենք և լիարժեք իրականացնում է իր առջև դրված սրբագրման աշխատանքը: Հասանելի կլինի մեկ ամսից՝ աշխատանքն ամբողջությամբ ավարտելուց հետո. «Հայերենի էլեկտրոնային սրբագրիչի տվյալների շտեմարանը կազմված է հետևյալ աղյուսակներից՝ բառույթ, խոսքի մաս, հոգնակի թվի տիպ, հոգնակի թիվ, թեքման տիպ, հոգնակի թվի թեքման տիպ: Համակարգն ավտոմատ կազմում է մուտքագրված բառերի թեքված ձևերը՝ ըստ մուտքագրված պիտակի: Օրինակելի նմուշները պատրաստի կազմություններ են, որոնք նախապես մուտքագրվում են համակարգ: Կարող են լինել նույն բառույթի մի քանի տիպեր»:
Գիտական հետազոտությունն իրականացնող խմբում ընդգրկված է նաև Լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի ավագ լաբորանտ-հետազոտող Սեդա Եղիայի Բաղրամյանը, որը նույն ինստիտուտում նաև հայցորդ է: Տեխնիկական և վեբ-կայքի աշխատանքներն արվել են «ԱԻՍՏ ԳԼՈԲԱԼ» հոլդինգի հետ համատեղ: Սրբագրման համակարգի ստեղծողները նշում են, որ այն կարելի է գործակցելի դարձնել նաև օտարալեզու սրբագրման համակարգերի հետ: Նրանց կողմից թեմայի վերաբերյալ գիտական հոդվածներ են գրվել հայաստանյան և միջազգային գիտական ամսագրերում (Sargsyan M. A., Some Observations on Armenian Electronic Proofreading Systems, ''World Science'', №6 (34), Vol. 8, June 2018, Warsaw, Poland, pp. 21-24, DOI:https://doi.org/10.31435/rsglobal_ws/12062018/5888):
Չնայած նշված հոդվածին՝ Մ. Սարգսյանը ափսոսանքով է նշում, որ “Scopus” գիտատեղեկատվական շտեմարաններում հաշվառվող ամսագրերում թեմայի շուրջ դեռ հրապարակում չկա: Ծրագրի ղեկավարը կարծիք է հայտնում, որ թեման արդիական է և քիչ ուսումնասիրված, ինչն էլ նշված շտեմարաններում հաշվառվող ամսագրերում հանդես գալու հնարավորություն է տալիս. «Գիտական արդյունքը միջազգայնացնելուց առաջ, կարծում եմ, անհրաժեշտ է լիարժեք ձևով հանրայնացնելու մեխանիզմ մշակել, ցույց տալ, թե աշխատանքը ինչպես կարող է կիրառվել ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս, ինչ դեր կարող է ունենալ, ինչով է կարևոր և օգտակար: Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ արդիական խնդիրներ են լուծվում դրանով: Օրինակ՝ հայանպաստ ինչ դեր ունի, արդյո՞ք կարևոր է մեր երկրի զարգացման և հայապահպանության գործում: Կարևոր քայլ է նաև օտարերկրյա համանման աշխատանքների հետ համեմատելը, ցույց տալ, թե ինչքանով կարող է գործակցելի դառնալ, ինչ դեր ու կշիռ կարող է ունենալ միջազգային համագործակցության մեջ»:
Առաջիկայում սրբագրման համակարգը կմեկնարկի աշխատանքն ու կկայանա շնորհանդեսը։ Երիտասարդ գիտնականները տրամադրված են ավելիին, քան արվել է առ այս պահը: Նրանք ձգտում են ևս մեկ դժվար, բայց և արդյունավետ քայլ անելու՝ սրբագրման համակարգը ներդնելու օպերացիոն համակարգերում: Եվ անելու դա օր առաջ՝ անհամբերությամբ: