Քաղաքականություն

Եթե կարդաք, թե ինչ հիմնավորումներով է քննիչը կարճել վարույթը, ուղղակի կապշեք

Եթե կարդաք, թե ինչ հիմնավորումներով է քննիչը կարճել վարույթը, ուղղակի կապշեք

Անցյալ տարվա ամռանը Դիմադրության շարժման ժամանակ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառած ոստիկանները հերթով ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Հիշեցնենք, որ բազմաթիվ դեպքերով ոստիկանները ծեծի էին ենթարկում քաղաքացիներին, հետո բերման ենթարկում, եղան դեպքեր, երբ նույնիսկ սեռական բնույթի հայհոյանքներ էին տալիս քաղաքացիներին, թքում նրանց վրա։ Այդ ամենի մասին բազմաթիվ ապացույցներ կան: Մեզ հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ քննիչները ծիծաղելի հիմնավորումներով կարճում են քրեական գործերը։

«Դուք հիշո՞ւմ եք, թե Դիմադրության շարժմանը հաջորդած եւ նախորդած ժամանակահատվածում ինչ բռնություններ էին կիրառվում պատգամավորների, քաղաքացիների նկատմամբ եւ հատկապես բռնություն կիրառող ոստիկանները՝ կարմիր բերետավորները, տեսագրություններով պարզ երեւում է, թե ինչեր են կատարում, մոտավորապես 70-ից ավելի դրվագներով այս անձինք անցնում են։ Քննչական կոմիտեն ինձ պատասխանում է, որ ճիշտ է, որ այդքան մարդ է անցնում, բայց որեւէ մեկի նկատմամբ չկա կոնկրետ մեղադրանք։ Ավելին՝ ընդամենը 20 օր առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած այն հայտնի դեպքով, երբ ինձ սկզբում քաշքշում են, նստեցնում մի մեքենա, հետո հանում, մտցնում մի «Գազել» մեքենա եւ այլն… գալիս է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում, որով ես տուժող էի ճանաչված, եւ եթե Դուք կարդաք քննիչի հիմնավորումները, թե ինչ հիմնավորումներով է կարճել վարույթը, ուղղակի կապշեք։ Օրինակ՝ Հայկազ Ջոմարդյանի, Ալեքսանդր Ազարյանի (դա այն անձն է, որը Սարյան փողոցում քաղաքացուն «օբերկոտով» փռեց գետնին), որը հայտնի է նաեւ Արամ Վարդեւանյանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագով, Թադեւոս Ավետիսյանի նկատմամբ եւ էլի բազմաթիվ այլ անձանց նկատմամբ բռնություն գործադրելու դրվագներով հիմնավորումներ են տվել, որ այս մարդիկ որեւէ օրենք չեն խախտել։ Ավելին՝ այնքան անտակտ պահվածք են ցուցաբերել, որ ինձ վերագրել են մի բան, որն իրականության հետ որեւէ կապ չունի։ Օրինակ՝ Ֆրանսիայի հրապարակի այդ հայտնի դեպքով վերագրել են, թե իբր ես նստած եմ եղել խաչմերուկի մեջտեղը, ոստիկանը եկել, ինձնից պահանջել է, որ ես ազատեմ, ես չեմ ազատել, դրա համար ստիպված կիրառել են ուժ՝ չիմանալով, որ ես նաեւ պատգամավոր եմ։ Սա իրականության հետ բացարձակ կապ չունի․ ես ո՛չ փողոցում եմ եղել, ո՛չ նստած եմ եղել, ես ընդամենը վրանից տեսել եմ, որ քաղաքացիների նկատմամբ բռնություններ են գործադրվում, մոտեցել եմ, եւ նույնիսկ բառ չասած՝ միանգամից շրջապատել են ինձ ու տարել մի մեքենայից մյուսը, այդ նույն Ազարյանը սկսեց ինձ խեղդել։ Ականատես վկաներ էլ են եղել։ Այս քննչական մարմինները նույնիսկ այդ ականատեսներին չեն բացահայտել, չեն հարցաքննել»,- ասաց Մինասյանը։

Պատգամավորի խոսքով՝ քննչականն առաջնորդվում է Tем не менее Рафик ни в чем не виноват սկզբունքով․ «Մեկ այլ դրվագում՝ քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած, որի տեսագրությունն էլ կա, եւ երեւում է, թե ինչպես է Հայկազ Ջոմարդյանը շիշը վերցնում ու շպրտում քաղաքացիների ուղղությամբ։ Հիմնավորումը․ «Հայկազ Ջոմարդյանը հատուկ նպատակով չի շպրտել, անորոշ ուղղությամբ է շպրտել եւ ընդամենը արձագանքել է քաղաքացիների կողմից շիշ շպրտելու գործողությանը։ Անհեթեթություն է․․․, հայտնի արտահայտություն կա՝ Tем не менее Рафик ни в чем не виноват, տիպիկ այդ վիճակն է։ Այսօրվա քննչական մարմինները, իրավապահ համակարգն ամբողջությամբ մտած են քաղաքական իշխանության ցանկություններն անվերապահ կատարելու դաշտ»։

Նշենք, որ նույնկերպ Քննչական կոմիտեն դեռ որեւէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրել Եռաբլուր պանթեոնում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված բռնության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում, երբ ծնողները փորձել էին կանխել Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր, իսկ ոստիկանները, ծեծի ենթարկելով ու քարշ տալով, բերման էին ենթարկել ծնողներին, այդ թվում` զոհվածների մայրերին։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image