Քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել․
«Ծովինար Թադևոսյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ներկայացրել է նորանշանակ պետին։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ փետրվարի 11-ի հրամանով ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Գարիկ Ծատուրյանը։
Վերոգրյալի համատեքստում քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ներկայացրել է նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Գարիկ Ծատուրյանին։
Ծովինար Թադևոսյանը նախ՝ շնորհավորել է հիմնարկի նորանշանակ պետին հիմնարկի ղեկավարումը ստանձնելու առթիվ, ապա՝ իր խոսքում նշել, որ Գարիկ Ծատուրյանն ունի երկարամյա աշխատանքային փորձ քրեակատարողական ոլորտում, տիրապետում է համակարգի առանձնահատկություններին, և հույս է հայտնել, որ անձնակազմի հետ նրա համատեղ աշխատանքը կարճ ժամանակահատվածում կտա առավել բարձր արդյունքներ։ Գարիկ Ծատուրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ հավաստիացնելով, որ կներդրվեն բոլոր ուժերը՝ նշված արդյունքներին հասնելու համար»։
Նշենք, որ Ծատուրյանը ոլորտի երկարամյա աշխատողներից է, ժամանակին եղել է նաեւ «Արմավիր», նույն ինքը Չոբանքյարա բանտի պետի տեղակալը։ Վերջին տարիներին աշխատում էր ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում։
Նշենք նաեւ, որ «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Արսեն Արզումանյանը հրաժարականի դիմում էր գրել։