Հասարակություն

Իրենցից հետո միայն աղբ են թողնում

Իրենցից հետո միայն աղբ են թողնում

Մարդկանց պրկված նյարդերը թուլացնելու, Արցախի եւ Հայաստանի գլխին կախված օրհասի վտանգից հասարակության ուշադրությունը շեղելու համար գործող իշխանությունը լծվել է տարատեսակ փառատոններ ու համերգ-փարթիներ կազմակերպելու «ծանր» գործին։ Այսինքն՝ հաց ու տեսարան է ապահովում, որ տաշի-տուշիի եւ գինարբուքի մեջ բթացնի մարդկանց զգոնությունն ու ստեղծի զվարճանքներով ապրելու կախվածություն։
Թերեւս լավ կլիներ, որ կազմակերպչական այդ փութաջանությունը դրսեւորվեր նաեւ փարթիներից հետո, որ արտասահմանցի հյուրերի հետ պոստֆակտում նույն տարածքում հայտնվելով՝ տեսածիցդ չամաչես ու գետինը չմտնես։ Խոսքը Թալինի տարածաշրջանի Դաշտադեմի կամ Քաղենիի ամրոցի շրջակայքի մասին է, որն աղբավայրի է վերածվել հուլիսի 21-ին կայացած «Զարկ տանք» փառատոնից հետո։ 

Փառատոնի կազմակերպիչը ԿԳՄՍ նախարարությունն ու «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» պետական կառույցն է։ Վերջինս ստեղծվել է 7 ամիս առաջ՝ ուրույն ճանապարհ անցած ու մեծ բեմեր նվաճած մի շարք մշակութային կոլեկտիվների միավորումից։ Այսինքն՝ մեկ կենտրոնից կառավարելու նպատակով պետությունը մի տանիքի տակ է հավաքել կայացած կոլեկտիվների, նրանց գլխին ղեկավար կարգել իր ճաշակով ինչ-որ մեկին ու կարգադրել՝ զբաղեցնել ժողովրդին։ 

«Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնն» էլ իր վերադաս ԿԳՄՍՆ-ի հետ Քաղենիի ամրոցի մոտ այնպես է «զարկ տվել», որ իրենցից հետո հուշարձանի շրջակայքում մեծ աղբանոց է գոյացել։ Ամենուր տարածված աղբակույտերը, կերակրի մնացորդներն ու դատարկ շշերը քամու հետ օդ էին բարձրանում՝ թույլ չտալով զմայլվել 11-րդ դարից մեզ հասած ամրոցի աննկարագրելի տեսքով։
Իսկ դատելով աղբակույտերի մեջ հայտնված բեյջերից, կարելի էր ենթադրել, որ ներկաներն այդպես էին գնահատել եւ իրենց անկեղծ վերաբերմունքն արտահայտել այն կեղծիքի դեմ, որը «Փառատոն» փաթեթավորմամբ հրամցվել էր թմբիրի մեջ գտնվող հասարակությանը։

Արագածոտնի մարզի Դաշտադեմի կամ Քաղենիի ամրոցը պակաս կարեւոր ուղղություն չէ զբոսաշրջության համար։ Որքան էլ լքված՝ լինում են պատմամշակութային արժեքներով հետաքրքրված «մոլորվածներ», այդ թվում՝ օտարերկրացիներ, որոնց հավասարաչափ զարմացնում է թե՛ դարավոր կառույցը, թե՛ դրա շրջակայքի աղբը։ Քանի դեռ Դաշտադեմում փառատոն չէր արվել, ամրոցի շրջակայքը մաքուր էր, գեղեցիկ։ Իսկ փառատոնից հետո ոտք դնելու տեղ չկա։ 

«Զարկ տանք»-ի կազմակերպիչներ, լավ կանեք՝ մի զարկ էլ ձեր խղճին տաք եւ  ձեզնից հետո ձեր աղբը ձեզ հետ տուն տանեք։ Մի արեք՝ ինչ անում եք։ Ավելի լավ է՝ իրերն ու երեւույթները թողնեք այն վիճակում, ինչպիսին կան։ Ազգային մշակույթի հանրահռչակումն առանց ձեզ էլ կլինի, տուրիստներն առանց ձեր միջամտության էլ կգտնեն իրենց հետաքրքրող ճանապարհները, որովհետեւ դուք միայն աղտոտում, ապականում ու ոչնչացնում եք եղածը։ Դուք ձեր նպատակի ճանապարհին ոչնչի առաջ կանգ չեք առնում․ ձեր հետեւից միայն աղբ եք թողում։ Դուք վտանգավոր եք հայի ու հայկականության համար։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image