Քաղաքականություն

Բարձր աշխատավարձի պայմանը ոչ թե մրցունակ կրթությունն է, այլ կարծիք չունենալը

Բարձր աշխատավարձի պայմանը ոչ թե մրցունակ կրթությունն է, այլ կարծիք չունենալը

ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի ասելով՝ բարձր աշխատավարձ ստանալու առաջնային պայմանը մրցունակ կրթությունն է: Եթե առաջնորդվենք այդ գաղափարով, ապա ՀՀ նախագահի պաշտոնին նշանակված անձը պետք է ամենամրցունակ կրթությունը ստացած լինի, որովհետեւ նրա աշխատավարձն ամենաբարձրն է չինովնիկների շրջանում: Որոշեցի կրկին աչքի անցկացնել նախագահի կենսագրությունը. խորհրդային տարիներին ավարտել է «Ժողը»՝ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ 4 տարվա ուսումնառությամբ: Հետագայում այլ կրթական դասընթացների չի մասնակցել: Այնուհետեւ սկսեցի ուսումնասիրել նախարարների, փոխնախարարների եւ պատգամավորների կենսագրությունները: Չէ, սուտ եմ ասում, մեկ-երկուսինը նայեցի ու դադարեցրի. հիմնականում քառամյա բարձրագույն կրթություն են ստացել, մեկ-երկուսը՝ նաեւ մագիստրատուրային եւ կամ ինչ-որ դասընթացների մասնակցել, եւ խիստ հազվադեպ գիտական կոչում ունեցողներ կան: Ռուսական ժողովրդական լեզվով ասած՝ «Не густо»: 

Ինչեւէ, փաստորեն, բարձր աշխատավարձ ստանալու առաջնային պայմանը ոչ թե մրցունակ կրթությունն է, այլ մեկ անձի կողմից պաշտոնի նշանակվելու հանգամանքը, ինչը չի կարող  չհանգեցնել սեփական կարծիք ունենալուց հրաժարվելուն: Իսկ որ դա այդպես է՝ ենթադրաբար, տեղյակ են բոլոր գրագետ հայաստանցիները: Բազմաթիվ ու համատարած են նաեւ այդ երեւույթի վկայությունները: Թեկուզ վերջինը՝ մեկ անձի կողմից կաթողիկոսի եւ այլ բարձրաստիճան հոգեւորականների առումով կուսակրոնության հարցը բարձրաձայնելուց հետո ՔՊ-ականների տեղաշարժն այդ ուղղությամբ: Կարծես կախարդական փայտիկի հարվածով՝ բոլոր աչքի ընկնող ու չընկնող ՔՊ-ականներին հանկարծ սկսեց հետաքրքրել կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ ընտանիք ունենալու հարցը: Նույնիսկ նրանց, ովքեր անգրագիտություն ցուցաբերեցին այդ հարցում: Այսինքն՝ չեն գիտակցում, որ իրենց ու իրենց երեխաների կնքված լինելու հանգամանքը բացարձակ կապ չունի կաթողիկոսի՝ կուսակրոնության ենթադրյալ խախտման հետ: Դրանցից էր, օրինակ, նախարարի պաշտոն զբաղեցնող Պապոյան Գեւորգը:

Վերը նշվածը վկայում է, որ բարձր աշխատավարձ ստանալու միակ անհրաժեշտ պայմանը սեփական կարծիք չունենալն է, ինչպես նաեւ վերադասի (այսինքն՝ Նիկոլի) մտքերը կապկելն է ու նրան քծնելը, ինչն առկա էր նախկինում՝ դեռեւս խորհրդային տարիներին, եւ ուղղակի ծաղկում է մեր օրերում: Այդ հատկանիշն ունենալու դեպքում նույնիսկ բարձրագույն կրթություն ստանալու կարիք չկա, ուր մնաց, թե մարդ ունենա մրցունակ կրթություն: Որպես դրա տիպիկ օրինակ՝ նշենք այն ջահելին, որը Դիլիջանի համայնքապետի ԺՊ նշանակվելուց առաջ ինչ-որ փաստաթղթում  «սեռ»-ի դիմաց նշել էր «արու»: Բայց ասվածը, բնականաբար, չի նշանակում, թե մրցունակ կրթություն ունենալն ընդհանրապես բանի պետք չէ: Այն պետք է, բայց այնպիսի երկրներում, որտեղ որեւէ մեկին աշխատանքի ընդունելիս առաջնային պայման է դիտարկվում նման կրթություն ունենալը: Բայց Հայաստանը, դժբախտաբար, նման երկրների շարքում տեղ չի գրավում: Այստեղ անհրաժեշտ է լինել ընդամենը ՔՊ-ական եւ կամ ՔՊ-ականի ընկեր, ծանոթ եւ այլն: Եվ, ինչպես ասվեց, հրաժարվել սեփական կարծիք ունենալու ավելորդ բեռից ու ձեռք բերել հետագա գործունեության տեսակետից խիստ անհրաժեշտ՝ Նիկոլին քծնելու սովորույթ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image