Հարցազրույց

«Հրապարակ». Ասել, թե Մակրոնն ավելի հայասեր է, քան Փաշինյանը՝ սրիկայություն է

«Հրապարակ». Ասել, թե Մակրոնն ավելի հայասեր է, քան Փաշինյանը՝ սրիկայություն է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ հնչեցրած սկանդալային հայտարարություններին իշխող ՔՊ-ում չեն հավատում կամ մեկնաբանում են յուրովի։ Երեկ ՀՅԴ Բյուրոն տարածեց Ֆրանսիայում հիշյալ հանդիպման ժամանակ դաշնակցականների եւ Մակրոնի միջեւ ծավալված զրույցի պատառիկներ, մասնավորապես՝ երբ Ֆրանսիայի նախագահին ներկայացրել են, որ «անընդունելի է հայապատկան դարավոր Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու որեւէ խոսակցություն կամ մտադրություն», եւ որ Ֆրանսիան այս ուղղությամբ պետք է գործողություններ իրականացնի, Մակրոնը պատասխանել է․ «Ես Ալիեւի վրա ավելի ճնշում եմ բանեցրել եւ կբանեցնեմ, քան Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որը հստակ կեցվածք եւ պատգամ ունի»։ Ապա շարունակել է․ «Չկասկածեք Արցախի եւ ընդհանրապես Հայաստանի հարցերով վճռականությանս վրա: Պիտի շարունակեմ ջանքերս, նույնիսկ եթե մինչ օրս այս օրակարգով գրեթե միակն եմ միջազգային ընտանիքի մեջ»: Հիշեցնենք, որ մենք նախօրեին գրել էինք նաեւ, որ Քիշնեւում հնգակողմ հանդիպումից հետո, հենց ինքնաթիռից Մակրոնը զանգահարել էր Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի համախագահ Մուրադ Փափազյանին եւ ասել, որ միայն ինքն է պաշտպանել Արցախի ինքնիշխանության հարցը, մյուս 4-ը, այդ թվում՝ Փաշինյանը, կողմ են եղել Արցախն Ադրբեջանի կազմում ներառելուն։ Մենք կապվել էինք Մուրադ Փափազյանի հետ՝ ճշտելու, թե սա որքանով է համապատասխանում իրականությանը, նա խնդրել էր․ «Թույլ տվեք չմեկնաբանել»։

Զրուցել ենք ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ։

- Պարոն Ասլանյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Մակրոնի այն հայտարարությունը, որ ինքն Ալիեւի վրա ավելի շատ ճնշում է բանեցրել եւ կբանեցնի, քան Փաշինյանը։ Չմոռանանք, որ Մակրոնը ո՛չ նախկին է, ո՛չ էլ թալանչի, մեր բարեկամ պետության ղեկավարն է։

- Մակրոնը մեր բարեկամը չէ, այլ միջազգային մակարդակում այն դեպքն է, որն աշխարհում ուզում է՝ դեմոկրատիան էլ ավելի ընդարձակվի․ Մակրոնին այդպես է պետք ընկալել։ Մակրոնն այդտեղ առաջ է գալիս դեմոկրատիան պահող անձնավորություն։ Ճիշտն ասած՝ այդ հայտարարությունը չեմ լսել, ի՞նչ հայտարարություն է արել։

- Մարսելի հայ համայնքի հետ օրերս ունեցած հանդիպման ժամանակ դաշնակցական հայտնի ներկայացուցիչների հետ զրույցում, ըստ ՀՅԴ հաղորդագրության, ասել է, որ ինքը միակն է, ով, ըստ էության, չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում, ի տարբերություն Փաշինյանի եւ միջազգային մյուս դերակատարների։ Նաեւ վստահեցրել է․ «Ես Ալիեւի վրա ավելի ճնշում եմ բանեցրել եւ կբանեցնեմ, քան Փաշինյանը»։

- Ես, ճիշտն ասած, այդպես չէի բնութագրի, որովհետեւ բնական է, որ Մակրոնն Ալիեւի վրա ավելի շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ, քան Փաշինյանը։ Որովհետեւ Մակրոնը Ֆրանսիայի պրեզիդենտն է, իսկ Փաշինյանը՝ Հայաստանի, որը ծանր պատերազմից վերքերը բուժելով նոր է վերականգնվում։ Իսկ Ֆրանսիային ի՞նչ կա որ, եթե ուզենա, մի Ալիեւ՝ չէ, երկու Ալիեւ միանգամից կճզմի։

- Խոսքը դիրքորոշման մասին է, որ Փաշինյանը․․․

- Ոչ, ինչո՞ւ եք Դուք հարցն այդքան փոքրացնում, ես էլ ասում եմ, որ ամեն մի խոսակցության հիմքում ընկած է այդ պետության հզորությունը, միջազգային իր կարողությունները։ Քաղաքականության մեջ գոյություն ունի պետություն եւ նրա դերը։ Եվ այստեղ այդ փոքրիկ հարցում, կոնկրետ Արցախի հարցում հարցը ոնց է դրված, Ֆրանսիան Ֆրանսիան է, ինքը հզոր պետություն է, եւ Ֆրանսիայի հետ խաղ չեն անում, եւ բնական է, որ շատ ավելի ծանրակշիռ խոսքեր է ասում, քան կասի Փաշինյանը։ Յուրաքանչյուր պետության ղեկավար ոտքը մեկնում է իր պետության հնարավորություններով։ Սա պատմական ճշմարտություն է։ Ենթադրենք՝ ԱՄՆ-ին ամենափոքր մի պետություն՝ Լեսոթոն, բռնի եւ ասի՝ ես քեզ պատերազմ եմ հայտարարում, Ամերիկան նրան ինչի՞ տեղ կդնի։

- Հիմա եթե մենք փոքր ենք, պիտի ամեն ինչ տանք ուժեղների՞ն, Արցախը տանք, Հայաստանը․․․

- Նորից գնացիք ուրիշ տեղ, հիմա եթե ԱՄՆ-ին պետք լինի, նույն րոպեին կվերցնի, առանց ասելու։ Չեմ հասկանում, ինչո՞ւ եք դաշնակների կեղծ բաներով գնում եւ ոչ հայրենանվեր բաներ ասում։ Ոնց որ կանգնել են որոշ մարդիկ ու հիմար-հիմար դուրս են տալիս, թե՝ դադարեցրեք ԱՄՆ-ում բանակցությունները, որպեսզի Ադրբեջանը նոր սադրանքներ չկատարի։

- Արցախի ԱԺ նախագահը հիմարությո՞ւն է ասել։

- Դուք էլի մանիպուլացնում եք, աշխարհի ամենախելացի մարդիկ էլ կարող են ամենահիմար մտքերը հայտնել։ Ինձ համար այդ կոչն ընդունելի չէ, եթե այդ բանակցությունների պատճառով Ալիեւը կատաղել է եւ դիմում է նման սադրանքների, ուրեմն ճիշտ ուղով ենք գնում, դրանից է կատաղել։

- Քիչ առաջ ասում էիք՝ մենք փոքր ենք, ինչ ուզենան, կանեն, Ալիեւն ինչո՞ւ պիտի կատաղի։ Եվ, ընդհանրապես, Ձեր ասածի տրամաբանությամբ՝ ի՞նչ իմաստ ունեն բանակցությունները, մեկ է՝ մենք հզոր չենք, ինչ ուզեն, պիտի տանք։

- Մենք Ադրբեջանի հետ չենք բանակցում, որ ասեն՝ փոքր ենք, այսօր ԱՄՆ-ն ձեռք է մեկնել եւ ասում է՝ եկեք երկու կողմերդ, ու մենք պետք է վերջապես խաղաղություն հաստատենք, այս դեպքում Հայաստանը բանակցում է ԱՄՆ-ի հետ։ Իսկ եթե Ալիեւը կատաղել է այդ բանակցություններից, ուրեմն ինքն է դժգոհ։

- Իսկ գուցե ճնշում է գործադրում, որ զենքով մեր հարցերը լուծի։ Կամ՝ ի՞նչ բանակցություններ, այն էլ՝ խաղաղության համար, եթե դրանց ընթացքում կրակում են։

- Չի կարող պատահել, ոչ, այդպես չէ։

- Ինչո՞ւ։

- Որովհետեւ․․․։

- Լավ, եթե հիմնավորում չունեք, վերադառնանք Մակրոնին, ով նաեւ լույս է սփռում, թե իրականում ինչի շուրջ են ընթանում բանակցությունները։ Երբ նրան մեր հայրենակիցներն ասել են, որ անհնար է Արցախը դնել Ադրբեջանի կազմում, պետք է գործողություններ արվեն, Մակրոնը բառացի պատասխանել է․ «Ես Ալիեւի վրա ավելի ճնշում եմ բանեցրել եւ կբանեցնեմ, քան Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որը հստակ կեցվածք եւ պատգամ ունի»։ Ո՞նց է ստացվում, որ Մակրոնը չի համարում, որ Արցախն Ադրբեջանի մաս է, իսկ Փաշինյանը համարում է։

- Հենց սա էլ կատաղեցրել է Ալիեւին, եւ դա ձեռք չի տալիս դաշնակներին։ Մակրոնը նկատի չունի Փաշինյանին, ինքը նկատի ունի եվրոպական մյուս երկրներին, ինչո՞ւ եք Դուք այդպես մեկնաբանում։

- Ոչ, Դուք եք այդպես մեկնաբանում, ես հասկանում եմ, որ Մակրոնը միակն է միջազգային միջնորդներից, որը կտրականապես եւ հստակորեն կանգնած է Հայաստանի կողքին։ Նա շեշտում է Փաշինյանի անունը։

- Չի ասում, ըտեղ «Փաշինյան» բառ չկար։ Նորից կարդա․․․
Ես չեմ կարդացել առաջին մասում «Փաշինյան» բառը։ Չի կարելի, չի կարելի հակապետական ․․․Մի՞թե  այդ մարդկանց համար, որոնք նպատակ ունեն Փաշինյանի իշխանությունը տապալելու, իրենք գան, նորից լափեն այս երկիրը, հերիք եղավ, էլի, ի՞նչ եք ասում, դուք չե՞ք տեսնում, որ վերջապես եկել է պահը, որ պետք է լուծվի ամեն ինչ, որ մեր սերունդները կարողանան հանգիստ ապրել։

- Մակրո՞նն է ուզում իշխանափոխություն՝ գալ, լափել։

- Դուք դաշնակների ու ռոբասերժական կլանի թեզերն եք մեջբերում, Մակրոնի խոսքերը հստակ են, ինքն ասում է՝ այո, ես պետք է Ադրբեջանին ինչքան հնարավոր է սեղմեմ, որ ինքն այլեւս շունշանորդություն չանի, ու այստեղ փնտրել-գտնել, թե Մակրոնն ավելի հայասեր է, քան Փաշինյանը, սրիկայություն է։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image