Քաղաքականություն

Ինչ ելք կունենա Ադրբեջան-Ռուսաստան պատերազմը

Ինչ ելք կունենա Ադրբեջան-Ռուսաստան պատերազմը

Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ է։  Թեեւ այն հիմա ավելի շատ լրատվական դաշտում է, բայց գնալով թեժանալու է. Ռուսաստանը փորձում է հնազանդեցնել Ադրբեջանին, նրան ցույց տալ իր իրական տեղն ու կշիռը, Ադրբեջանը հույս ունի, որ Ռուսաստանի պայթեցման գործում իր ավանդն ունենալու դեպքում կարող է ինչ-որ բեկորներ իրեն միացնել:

Ադրբեջանական լրատվամիջոցները Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում սպանված Հուսեյն եւ Զիյադդին Սաֆարովների դիակների դիմավորումը Բաքվի օդանավակայանում լուսաբանում են ամենայն մանրամասնությամբ՝ նրանց ներկայացնելով որպես ազգային հերոսներ․ օդանավակայանի տարածքում հավաքված են հարյուրավոր մարդիկ` ադրբեջանական դրոշներով: Դիմավորման միջոցառումը կազմակերպված է պետական մակարդակով, առանց որի այդքան մարդ չէր կարող հայտնվել օդանավակայանի թռիչքուղու հարակից տարածքում, այդքան մեծ թվով լրատվամիջոցներ չէին ուղեկցի նրանց: Սաֆարովները մահացել կամ սպանվել են ռուս իրավապահների կողմից իրականացված միջոցառման ժամանակ, կալանավորվել է 50-ից ավելի մարդ, որոնց ռուսական իրավապահները ներկայացնում են որպես էթնիկ հանցավոր խմբավորման անդամներ:

Ռուսներն ասում են, որ իրենց գործողությունների մեջ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա, իրենք ընդամենը փորձում են բացահայտել հանցագործություն եւ այն իրականացրած անձանց: Ադրբեջանում հասկանում են, որ դա հակաադրբեջանական գործողություն է․ նրանց վերագրվող հանցագործությունները տեղի են ունեցել 2001 թվականին, ինչո՞ւ են ռուս իրավապահները միայն հիմա որոշել բացահայտել 24 տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունը: Ռուսաստանում հարձակում է սկսվել ադրբեջանական համայնքի դեմ, դրանով Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ: Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինքը ոչ միայն տեղի չի տալիս այդ ճնշմանը կամ վախենում է դրանից, այլեւ կարող է պատասխան հարված հասցնել. Բաքվում ուժայինները մտել են Sputnik Азербайджан-ի խմբագրություն եւ կալանավորել խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին եւ գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին․ նրանք մեղադրվում են ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ: Ձերբակալվել է ռուսական Ruptly վիդեոգործակալության աշխատակից Այթեկին Հուսեյնովան, որը բջջային հեռախոսով նկարահանում էր Sputnik Азербайджан-ի աշխատակիցների կալանավորումը։ Հուսեյնովան Ռուսաստանի եւ Ադրբեջանի քաղաքացի է, բայց քանի որ գործել է ռուսական կողմի ցուցումով, նշանակում է՝ աշխատում է թշնամու օգտին:

Սա, իհարկե, պատերազմ է, որտեղ չնայած տանկերն ու հրանոթները չեն կրակում, բայց կան զոհեր եւ գերիներ: Ռուսների կողմից կալանավորված ադրբեջանցիները եւ Ադրբեջանում կալանավորվածները, ըստ էության, գերիներ են, եւ հետագայում կտեսնենք, որ նրանք ազատ կարձակվեն միայն փոխանակման, ոչ թե դատաքննության կամ դատարանի վճռի արդյունքում: Գերիներն ազատ են արձակվում նաեւ կողմերից մեկի հաղթանակի դեպքում. Ադրբեջանն իրեն բավարար ուժեղ է զգում, որպեսզի հակամարտության մեջ մտնի Ռուսաստանի հետ՝ փորձելով ցույց տալ, որ իր հետ չի կարելի խոսել ուժի կամ սպառնալիքի դիրքերից:

Թվում է, թե ուժերի հարաբերակցությունն Ադրբեջանի կողմը չէ, որովհետեւ եթե պատերազմը վարվի հենց այն միջոցներով, որով այն հիմա իրականացվում է, Ադրբեջանը պարտություն է կրելու: Ի վերջո, Ադրբեջանում ապրող ռուսների թիվն անհամեմատ ավելի փոքր է, քան Ռուսաստանում ապրող ադրբեջանցիներինը, Ադրբեջանը կալանավորեց 1-2 ռուս լրագրողի, կարող է կալանավորել եւս մի քանիսին, իսկ Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների թիվը հարյուր հազարավոր է, տարբեր գնահատականներով՝ 2 միլիոնից ավելի: Մի՞թե Ալիեւը չգիտի, որ իր երկրում այդքան թվով ռուսներ կամ Ռուսաստանի քաղաքացիներ չկան, որ ինքը կարողանա նրանց կալանավորել եւ փոխանակել Ռուսաստանի հետ կամ նրանց ճնշելով՝ կարողանա Ռուսաստանին ստիպել դադարեցնել Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիների դեմ հարձակումները: Իհարկե, Ալիեւը դրա մասին գիտի, հաշվարկն այլ տեղ է:

Արեւմուտքը Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի հասնելու համար տեւական ժամանակ է՝ տարբեր երկրներից պահանջում էր երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ, որի արդյունքում Ռուսաստանն իր զորքի մի մասը ստիպված կլինի ուկրաինական ռազմաճակատից տեղափոխել նոր ուղղություն: Արեւմտյան երկրները նման առաջարկ էին անում Վրաստանին, որը Ռուսաստանի հետ ռազմական կոնֆլիկտ ունի, օկուպացված տարածքներ, Մոլդովային, որի միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը՝ Մերձդնեստրը նույնպես անկախություն է հռչակել, եւ այնտեղ ռուսական բանակ կա: Բայց ոչ մեկը չէր համարձակվում Ռուսաստանի հետ բացահայտ առճակատման գնալ: Հիմա որոշել են փոխել ռազմավարությունը` Ռուսաստանը պայթեցնել ներսից:

Ռուսաստանում հիմա ամբողջ թափով բորբոքում են ատելություն իսլամադավան ռուսաստանցիների եւ քրիստոնյաների միջեւ։ Խնդիրը շատ պարզ է․ Ռուսաստանում քաղաքացիական բախումներ հրահրել կրոնական ատելության եւ անհանդուրժողականության հողի վրա: Դրա համար պետք է ամեն ինչ անել՝ ցույց տալու, որ Ռուսաստանի իշխանությունները բացասական եւ խտրական վերաբերմունք ունեն իսլամադավան բնակիչների նկատմամբ, կարեւոր չէ՝ նրանք Ռուսաստանի քաղաքացի են, թե աշխատանքային միգրանտ: Ադրբեջանը միացել է այս նախագծին եւ պատրաստ է Ռուսաստանում ունեցած իր ռեսուրսով պատերազմել Ռուսաստանի դեմ, քանի որ այդ պատերազմում իրենք միայնակ չեն՝ իրենց հետ են Հյուսիսային Կովկասի, Թաթարստանի եւ ՌԴ մյուս իսլամադավան շրջանները եւ դրանց բնակիչները: 

Արցախը գրավելուց եւ հայաթափելուց հետո Ալիեւը երազում է Ադրբեջանի տարածքի էլ ավելի ընդլայնման մասին: Նա աչք ունի ոչ միայն Հայաստանի, Իրանի տարածքների վրա, այլ նաեւ՝ Ռուսաստանի: Եթե հաջողվի ներսից տրաքացնել Ռուսաստանը, Ալիեւը կարող է Ադրբեջանին միացնել Դաղստանի առնվազն մի մասը` Դերբենտի շրջանը՝ հարակից տարածքներով, որտեղ մեծ թվով ադրբեջանցիներ են բնակվում: Նա համարձակորեն մտնում է նման աշխարհաքաղաքական խաղերի մեջ՝ համոզված լինելով, որ Ռուսաստանն այնքան ուժ եւ հնարավորություն չունի՝ իր դեմ բացահայտ հանդես գալու համար, իսկ Թուրքիայի եւ Արեւմուտքի աջակցությամբ ինքը կարող է հերթական հաղթանակը տոնել՝ վայելելով դրա արդյունքները:

Հայաստանն այս պատերազմում Ադրբեջանի դաշնակիցն է, հակառուսական Հայաստանը ոչ մի դեպքում չի կարող Ռուսաստանին օգնել Ադրբեջանին ճնշելու հարցում, ընդհակառակը՝ գլխատելով ռուսահայ սփյուռքը (Արա Աբրահամյան, Սամվել Կարապետյան եւ ուրիշներ), Փաշինյանն օգնում է, որ ռուսահայերը եւս, որպես քրիստոնեական համայնք, չունենան որեւէ մասնակցություն այս պատերազմում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image