Բոլորիս համար էլ պարզ է, որ երկրի համար գոյութենական նշանակություն ունեցող 2026-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավն այլեւս սկսված է: Պարզ է նաեւ, որ այդ ընտրությունները եւ դրա նախընտրական քարոզարշավը ո՛չ խաղաղության եւ ո՛չ էլ ժողովրդավարության մասին չեն:
Ինչպես այդ ընտրությունները, այնպես էլ ողջ նախընտրական քարոզարշավը ոչ թե պատերազմի եւ խաղաղության, բռնապետության եւ ժողովրդավարության միջեւ ընտրություն են լինելու, այլ Հայաստանի Հանրապետության՝ թուրք-ադրբեջանական տանդեմից վասալային կախվածություն ունենալու կամ չունենալու մասին են: Այս տեսակետից հաշվի առնելով Նիկոլի ու իր խմբակի արած-չարածը՝ կարող ենք արձանագրել, որ այդ ընտրություններն առաջին հերթին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության թիվ մեկ սպառնալիքին՝ Փաշինյան Նիկոլին իշխանությունից հեռացնելու եւ նիկոլիզմը Հայաստանից արմատախիլ անելու կամ չանելու մասին են լինելու:
Հետեւաբար, այս նախընտրական քարոզարշավում ընդդիմության առաջին գործը, թերեւս, ոչ թե Նիկոլի հրահանգով կազմակերպվող անօրինական ձերբակալությունները կամ եկեղեցու դեմ նրա սանձազերծած արշավները դատապարտող հայտարարություններ անելն է, այլ երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունը՝ պարտվելու եւ հանձնվելու պատմություն դարձնող նրա ձեռնարկներին հակադրվելն ու դրանք թույլ չտալը:
Իսկ դրա համար առաջին բանը, որը պետք է անի ընդդիմությունը, հասկանալն է, որ Նիկոլին ու իր խմբակին հաղթելու տեղը ո՛չ ընտրությունների օրը եւ ո՛չ էլ ընտրատեղամասերը չեն: Այն, ինչ այդ օրը կատարվելու է ընտրատեղամասերում, ընդամենը երկրում մինչ այդ ձեւավորված իրավիճակի ֆիքսումն է լինելու: Իսկ ընդդիմության հաղթելու եւ Նիկոլի պարտվելու պատմությունը մինչեւ ընտրությունների օրը գրվող ու դրա մասին պատմություն է:
Հետեւաբար, եթե օրվա ընդդիմությունը ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծելու, այլ իրոք այս իշխանություններին իշխանությունից հեռացնելու համար է պայքարում, ապա նա այսօր պետք է մտածի ոչ թե ընտրությունների բուն օրվա, այլ մինչեւ ընտրությունների օրը երկրում իրավիճակ փոխելու մասին:
Այո, մտածի ու սովորի: Սովորի, որ իշխանություններին միայն տաղավարներում ելույթներ ունենալով հաղթել չի լինի: Նրան հաղթելու համար պետք է հավատավոր ժողովրդով գնացվի ու եկեղեցուց ապօրինի խլված Հովհաննավանքի բանալիները կարգալույծ եղած քահանայից վերցվի, պետք է իշխանությունների կողմից անօրինաբար ձերբակալված ցանկացած հայորդու համար հասարակական ընդվզում կազմակերպվի, պետք է իշխանության ցանկացած անօրինական քայլին համարժեք քայլով պատասխանվի:
Հակառակ դեպքում օրվա ընդդիմությունը թող չփորձի իր ապաշնորհությունն ու անճարակությունը ժողովրդի՝ «փողոց դուրս չգալու» կամ «երկիրը ցնցումների չտանելու» մասին խուճուճ պատմություններ պատմելով արդարացնել: Թող չփորձի, որովհետեւ, եթե ճիշտ է, որ երկիրը ցնցումներից զերծ պահելն իշխանությունների պարտականությունն է, ապա նույնքան էլ ճիշտ է, որ իր պարտականությունները չկատարող իշխանությանն իշխանությունից հեռացնելու իրավունքն էլ ընդդիմությանն է: Ու նա պետք է իրացնի իր այդ իրավունքը, մանավանդ որ ժողովուրդը պատրաստ է դրան։ Մանավանդ որ ժողովուրդը սպասում է դրան:
Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ