1990-ական թվականներից աշխարհի տարբեր կետերում մարդիկ սկսեցին իրենց համար բացահայտել իրանական կինոն։ Քննադատները, կինոյի ոլորտի մասնագետներն ու փառատոնային ժյուրիների անդամները առիթը բաց չեն թողնում՝ պարգեւատրելու կամ դրվատանքի խոսքեր ասելու իրանցի կինոգործիչներին։ Իրանական կինոն, ինչպես իրանական պետության ու իրանցի ժողովրդի պատմությունը, ունեցել է իր վերելքներն ու վայրէջքները, սակայն կարողացել է մշտապես պահպանել այն յուրահատուկ արեւելյան գրավչությունը, որով դարձել է արեւելյան հեքիաթի կամ իրականության պոետականացման կինոարտացոլանք։ Ու պետք է արժանին մատուցել իրանցի կինոգործիչներին, եթե հաշվի առնենք, որ Իսլամական Հանրապետությունը կրոնապետական երկիր է, որտեղ իշխող համակարգը միշտ չէ, որ բարեհաճ է տրամադրված կինոարվեստի հանդեպ։ Սրանով է թերեւս պայմանավորված նաեւ, որ իրանական կինոն, այսպես թե այնպես, քաղաքականացված տարրեր է պարունակում իր մեջ։
Իսկ ամեն ինչ սկսվել է 1900 թվականին։ Այդ ժամանակ դեռեւս միապետական Իրանում կար պալատական լուսանկարիչ՝ Միրզա Իբրահիմ խան անունով։ Նա այն ժամանակվա իրանական շահ Մոզաֆարէդդինի պալատական լուսանկարիչն էր՝ Աքաս-բաշին։ Շահին նա լուսանկարում է 1900 թվականի հուլիսին Փարիզ կատարած այցի ժամանակ ու ծանոթանում Լյումյեր եղբայրների ստեղծագործական գործունեությանը եւ այդ մասին պատմում շահին։
Մոզաֆարէդդինը կարգադրում է Աքաս-բաշուն՝ ձեռք բերել բոլոր անհրաժեշտ սարքավորումները եւ տեղափոխել դրանք Թեհրան, որպեսզի տեղում հնարավոր լինի կինո նկարել։ Աքաս բաշին արդեն 1900 թվականի աշնանն իրականացնում է առաջին կինոցուցադրությունը։ Առաջին հանդիսատեսը շահի մերձավոր շրջապատն էր, նրա ընտանիքի անդամները, նախարարները, սպասավորները։ Կինոժապավենն էլ նվիրված էր շահի գազանանոցին եւ Թեհրանում աշուրայի արարողությանը։ Այսպես իրանական Ղաջարների արքայատան վերջալույսին ձեւավորվում է իրանական կինոն։ Առաջին հանրային կինոցուցադրությունը եւս իրականացվում է Միրզա Իբրահիմ խանի կամ Աքաս-բաշու կողմից։ Ցուցադրություններն իրականացվում են նրա ֆոտոստուդիա-խանութի ետնաբակում։ Այն ժամանակ իրանական ֆիլմեր, որպես այդպիսիք, չկային։ Ցուցադրվում էին արտասահմանյան կատակերգություններ կամ իրանական քրոնիկաներ։ Դա 1930-ական թվականներն էր։ Նաեւ չկային կինոցուցադրությունների սրահներ։
Իրավիճակը փոխվեց, երբ Իրանում հայտնվեց առաջին կինոդպրոցը։ Հիմնադիրը հայազգի Հովհաննես Օհանյանն էր, որը կրթություն էր ստացել Ռուսաստանում՝ ռեժիսոր էր։ Նա նկարահանում է իրանական առաջին լիամետրաժ՝ «Աբին ու Ռաբին» կինոնկարը։ Մի քանի տարի անց էլ ի հայտ է գալիս առաջին հնչյունային իրանական կինոն՝ «Լուրեցի աղջիկը»։ Լուրերը իրանցի ժողովուրդ են։ Կինոնկարի պրոդյուսինգով զբաղվել է Բրիտանական Հնդկաստանից մի ընկերություն, իսկ ռեժիսորը ծնունդով բոմբեյցի Արդաշիչ Իրանին էր։ Սա առաջին կինոնկարն էր, որտեղ հերոսները խոսում էին ֆարսի լեզվով։ «Լուրեցի աղջիկը» կինոնկարում առաջին անգամ էկրանին հայտնվում է կին, եւ այն առանց գրաքննության ցուցադրվում է նաեւ մահմեդական երկրների կինոթատրոններում։ Ջաֆարի եւ Գյոլնարի սիրո մասին պատմող ժապավենը՝ այն մասին, որ զույգն ի վերջո փախչում է Իրանից, ուներ նաեւ քաղաքական ենթատեքստ։ Այն ցույց էր տալիս, թե ինչպիսին էին իրանական պետությունում կենսամակարդակն ու ժողովրդի բարեկեցությունը Ղաջարների եւ նրանց փոխարինած Փեհլեւիների օրոք։ Պրեմիերայից հետո Ռեզա շահի կառավարությունն այս կինոնկարն օգտագործում է որպես գործիք՝ պրոպագանդելու իր «նվաճումները»։ Այն դառնում է կինովարձույթում հիթային։ Ահա, այսպես էլ ձեւավորվել է իրանական կինոն՝ իհարկե, ոչ առանց հայազգի գործիչների մասնակցության։