Քաղաքականություն

Գյումրիում բոլոր հաշվարկները չեն գործում․ Ինչ է սպասվում վաղը

Գյումրիում բոլոր հաշվարկները  չեն գործում․ Ինչ է սպասվում վաղը

Վաղը Գյումրեցու համար ինչ-որ առումով ճակատագրական օր է: Քաղաքապետի ընտրությանը բոլորն են լարված սպասում․ կհաղթի՞ ընդդիմությունը, թե՞ անակնկալներ են սպասվում։ Նորընտիր ավագանու անդամները ՝ մասնավորապես ընդդիմադիր, հրաժարվում են խոսել վաղվա նիստից, խոստանում են խոսել նիստի ավարտից հետո, երբ Գյումրին կունենա քաղաքապետ։ Մեր տեղեկություններով, նրանց հանձնարարված է այս օրերին լռություն պահպանել, որպեսզի անզգուշաբար ասված մեկ բառը չօգտագործվի ընդդիմության քաղաքապետի թեկնածուի՝ Վարդան Ղուկասյանի դեմ։

Hraparak.am-ի հետ զրույցում «Հայաստան » խմբակցության ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը հույս հայտնեց, որ անակնկալներ չեն գրանցվի և Գյումրիում ընդդիմությունը վաղը հաղթանակ կտոնի։ 

Ի տարբերություն պատգամավորի, գյումրեցի արվեստագետ, հայտնի քանդակագործ Արթուր Գևորգյանը աչքի տակ մի քանի սցենար ունի։«Ինձ մոտ տպավորություն է, որ Գյումրիում բոլոր հաշվարկները , օրենքները չեն գործում, բացի երկրի ձգողականության օրենքից։ Այստեղ հաշվարկ անելը թերևս անհնար է, ասենք՝ ՔՊ-ի թեկնածուն 14 ձայն ունի, ընդդիմությունը ստանում է 14 ձայն և քաղաքապետ չի ընտրվում, երկրորդ անգամ էլ նման բան է տեղի ունենում․․․։ Ամեն դեպքում, ես ավելի հակված եմ, որ այս ընտրությունների հանգուցալուծումը կանխատեսելի չէ, քանի որ մարտի 31-ից իշխանությունները փորձագիտական մակարդակով կարծիք էին հայտնել, որ վերջապես կա նոր ընտրությունների տարբերակը, ենթադրում եմ, որ հակված են ևս մեկ նոր ընտրություններ խաղարկելուն» ,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց նա։

Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի մարտի 30-ի արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 47 434 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 111 236 է։ 9 քաղաքական ուժից անցողիկ 6 տոկոսը հաղթահարել են 5-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 17 188 քվե- 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 9 727 քվե- 8 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 904 քվե- 2 մանդատ, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 7 380 քվե- 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 739 քվե- 3 մանդատ։

Գյումրու ավագանին, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, կազմված է լինելու 33 անդամից: Քաղաքապետ ընտրվելու համար կուսակցություններին եւ դաշինքներին անհրաժեշտ է լինելու 50 տոկոսից ավելի ձայն: Տվյալ դեպքում դա 17 անդամի «կողմ» ձայնն է: Ավագանու անդրանիկ նիստին՝ ապրիլի 16-ին ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը հայտարարել են, որ իրենց միավորման արդյունքում քաղաքապետ են ընտրելու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Արդյոք ընդդիմադիր ուժերը հավատարիմ կմնան իրենց պայմանավորվածությանը, թե նոր ինտրիգներ են սպասվում, պարզ կդառնա վաղը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image