Գերմանական մամուլում մանրամասն հրապարակված է, թե Գերմանիայում ընթացող ֆուտբոլի առաջնությանը Գերմանիայի պաշտոնյաներից ովքեր կարող էին ներկա գտնվել, քանի տոմս է տրամադրվել պաշտոնյաներին` անվճար, եւ այլն:
Հուլիսի 6-ին «Համաշխարհային շաբաթ» էլեկտրոնային պարբերականը, օրինակ, «Գերմանիայի քաղաքական գործիչները կստանան շուրջ 700 EM տոմս՝ անվճար» վերտառությամբ հրապարակման մեջ այնպիսի մանրամասներ է ներառել, որ հայաստանյան հասարակությունն ընթերցելով՝ կարող է շոկի մեջ ընկնել:
Ըստ հրապարակման, Եվրո-2024 մրցաշարի ողջ ընթացքի համար ՈՒԵՖԱ-ն Գերմանիայի դաշնային կառավարության անդամների համար տրամադրել է ընդամենը 707 տոմս՝ այսպես կոչված, պատվո տրիբունայում նստելու եւ խաղերը դիտելու համար։ Համաձայն հրապարակման, մեկ խաղի համար ընդամենը մոտ 10 տոմս է տրամադրվել։ Նախարարներից բացի, կարող էին ներկա լինել նաեւ պետնախարարներն ու պետքարտուղարները։ Ընդ որում, նախապես որոշված է եղել` «եթե տոմսերը քչություն անեն, ապա բաշխումը կկատարվի ըստ պաշտոնյաների կարեւորության»։
«Եթե Գերմանիան հասնի կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ, ապա կտրվի 30 կամ 50 տոմս։ Եթե Գերմանիան քառորդ եզրափակչում պարտվի Իսպանիային, ապա կմնա 669 տոմս, մինչդեռ եզրափակիչ դուրս գալու դեպքում կտրվի 707 տոմս»։ Ահա, այսպես մանրակրկիտ սահմանվել է ամեն ինչ` թափանցիկ եւ հանրության համար հասանելի:
Հիմա տեսնենք, թե հայ պաշտոնյաներն ինչպես են ապրում: Նրանք ողջ հուլիսին կեղծ գործուղումներ ձեւակերպեցին, որ պետության հաշվին մեկնեն Գերմանիա` ֆուտբոլ դիտելու: Ընդ որում, ոչ միայն ճանապարհածախսը, այլեւ կեցության ծախսերն էր պետությունն անում․ մի դեպքում՝ կառավարությունը, մյուս դեպքում` Ազգային ժողովը, գործուղումներ ձեւակերպելով ֆուտբոլասեր ՔՊ-ականների եւ կերակրատաշտից սնվողների համար: Վերջում էլ ՔՊ առաջնորդը` կնոջ հետ, իբրեւ թե «աշխատանքային այցով», մեկնեց Գերմանիա, որ ֆուտբոլի եզրափակիչը մարզադաշտում դիտի: Եվ այնքան ցինիկորեն, որ խաղի ժամանակ էլ լուսանկարներ ու վիդեոներ տեղադրեցին` չվախենալով անգամ հանրային պարսավանքից, որ մարդիկ կդատապարտեն պետական միջոցներով ֆուտբոլային «կայֆեր» անելը: Երկիրը պարտության ու կորուստների տարած իշխանությունը հպարտ է իր պարտությամբ եւ ոչ մի պարտավորություն չի զգում հանրության առաջ, նրան թվում է՝ իշխանությունն իրենց տրված է միայն վայելքների համար: Պատկերացնո՞ւմ եք, թե Գերմանիայի քաղաքացիներն ինչպես կվերաբերվեին նման պահվածքին:
Վերը նշված պարբերականի հրապարակումից եւ կից մեկնաբանությունների երկար շարքից կարելի է հասկանալ, թե ինչպիսի աչալրջությամբ են գերմանացիները հսկում իրենց իշխանությունների յուրաքանչյուր քայլը, եւ ինչպես է յուրաքանչյուր եվրոն հաշվարկված այդ գերհարուստ երկրում, մանավանդ՝ պետական պաշտոնյաների ծախսերն ինչպես են հսկվում։
Գերմանական հասարակությունը մեզ «վարպետաց դաս» տվեց, թե ինչպիսին պետք է լինեն հաշվետվողականությունը, թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունը։ Իսկ մնացածը, թե ելույթներում ինչ հռետորաբանություն կկիրառվի, ինչպես կարդարացնեն իրենց եվրոպական վոյաժները, ինչ հեքիաթներ կպատմեն եվրոպական ինտեգրման մասին, «ջուրծեծոցի» է, պետական միջոցների վատնում եւ անհարգալից վերաբերմունք հարկատուների ու ՀՀ քաղաքացիների նկատմամբ։