Հասարակություն

«Հրապարակ»․ Ազատաշենը՝ փոքրիկ Վենետիկ, բայց ջրի փոխարեն ցեխ է

«Հրապարակ»․ Ազատաշենը՝ փոքրիկ Վենետիկ, բայց ջրի փոխարեն ցեխ է

Մասիս խոշորացված համայնքի Ազատաշեն բնակավայրի փողոցներում ամեն առավոտ նույն կինոն է՝ «Ցեխապատում» վերնագրով: Փոխվում են միայն գործող անձինք: Մե՛կ երեխաների կոշիկներն են մնում առատ ցեխաջրում թաղված, մե՛կ աշխատանքի շտապող աշխատողներն են հայտնվում հիմար վիճակում ու ոտքից գլուխ կուսական ցեխով պատված՝ տուն են դառնում, որ շորերը փոխեն: Ասֆալտն այստեղ կպչուն միտք է, երազանք, կարծես Ազատաշենի մասին է ասել Նիկոլը՝ «ասֆալտը ասֆալտ ա»:
Ազատաշենի կենտրոնական փողոցին հարող 2-րդ, 6-րդ, 11-րդ փողոցները միայն անունով են փողոց: «Այն ճանապարհը, որով ես պետք է դուրս գամ դեպի գլխավոր փողոց, անանցանելի է: Խայտառակ վիճակ է: Անգամ տաքսի չենք կարողանում կանչել»,- գանգատվում է բնակիչներից մեկը: Տաքսիստները, նրա բառերով, գալիս են, տեսնում են «փողոցի բերանի» խոր ցեխաճահիճը, գնում են հետ: Նավեր էլ գյուղում չկան:

Աշնանը համայնքապետարանից, Ազատաշենի վարչական ղեկավարը խոսք են տվել համագյուղացիներին, որ եթե ջրի «տռուբաները» փոխեն, կբերեն, փողոցն «արագի մեջ» կասֆալտապատեն: Մարդիկ «տռուբաները» փոխել են ու մնացել սպասող: 

Ջրագիծն Ազատաշենում մեկ այլ կինո է: Ջրագծեր փոխելու սուբվենցիոն ծրագիր կա համայնքում, բայց, չգիտես ինչու, բնակիչներին են ստիպել, որ ամեն մեկն իր տուն մտնող ջրագիծը փոխի: «Գյուղապետն ասել ա, որ տենդեր ենք շահել, բայց քանի որ խողովակները հին են, ու պայթելու վտանգը մեծ է, իսկ «Վեոլիա ջուրը» դրանով չի զբաղվում, դուք փոխեք տռուբեքը, որ բերենք՝ ասֆալտենք: Ամեն մեկն իր տան դիմացի ջրի խողովակը փոխեց, ու վերջ: Էլ ո՛չ եկան, ո՛չ ասֆալտապատեցին»,- պատմում են մի խումբ ազատաշենցիներ՝ խնդրելով իրենց անունները չհրապարակել: «Թող լուծում տան էս հարցին, մենք ինչքա՞ն ապրենք ցեխերի մեջ»,- հարցնում են մեզ դիմողները: Շուտով անձրեւներ են սկսվելու Ազատաշենում, Ազատաշենը «Տիտանիկ» է դառնալու, իրենք էլ խորտակվելու են, գնան: 

Զանգահարեցինք Ազատաշեն բնակավայրի վարչական ղեկավար Սարգիս Ստեփանյանին, որն ասաց, որ ասֆալտի կարիք կա միայն 2-րդ եւ 6-րդ փողոցներում, որը գնում է դեպի դպրոց: Բայց նրան լսելուց հարցերը շատացան: «Ջրագիծ ենք փոխել: Պետք է ասֆալտապատեին սուբվենցիոն ծրագրով, ձգվեց: Այս ամսվա վերջ երեւի կլինի ասֆալտը»,- խոստացավ նա: Ո՞վ է ջրագիծ փոխել, ո՞ր կազմակերպությունն է շահել մրցույթը, բա ինչո՞ւ են բնակիչները՝ ամեն մեկը 50 հազար դրել, իրենց ջրագիծը սարքել, եթե ջրագիծ փոխելու սուբվենցիոն ծրագիր կա: Բայց վարչական ղեկավարն ասաց, որ չի տիրապետում տեղեկատվության, խորհուրդ տվեց դիմել Քոչարին՝ Մասիսի համայնքապետարանից:

Համայնքապետարանի Քոչարը՝ գնումների բաժնի պետ Քոչար Խաչատրյանը զարմացավ, որ բնակիչներն են 50 հազար դրել ու ջրագիծ փոխել: «Ո՞վ է հավաքել էդ փողը, ո՞վ է ասել նման բան, մեզ մոտ այդպիսի պրակտիկա չկա, առաջին անգամ Ձեզնից եմ լսում»,- ասաց նա: Վարչական ղեկավարին էլ հերքեց. իհարկե, ամսվա վերջին ոչ մի ասֆալտ էլ չի լինի: «Մինչեւ ամսվա վերջը տրամաբանական չէ, որ դա իրականացնենք, քանի որ եղանակային պայմանները բարենպաստ չեն»,- ասաց նա: Բայց վարչական ղեկավարն ասաց: «Մենք չենք անում ուղղակի անելու, մարդկանց բերանը փակելու համար: Այս եղանակին չի կարող լինել ասֆալտապատում: Թող սպասեն մարդիկ: Եկեք ռեալ նայենք, ցեխին չի կարելի ասֆալտ անել: Գարնանն Ազատաշենում կունենանք ասֆալտ, բայց ոչ ձմռանը»,- ասաց նա: 

Բայց մարդիկ այլեւս չեն կարողանում ոտքերը դնել ցեխի մեջ, օդով են ման գալիս, էլ ինչքա՞ն սպասեն: Քոչար Խաչատրյանը վստահեցրեց, որ ինքն այդ մարդկանց հասկանում է, ինքն էլ է ցեխի մեջ մեծացել: «Ես Այնթապից եմ, 40 տարի ցեխերով եմ գնացել-եկել, ես այդ մարդկանց հասկանում եմ, ինչո՞ւ դժգոհության ալիքը հիմա սկսեցին բարձրացնել: 40 տարի չէին դժգոհում, հիմա՞ սկսեցին դժգոհել: Գարնանը լինելու է, բայց կոնկրետ օր չեմ կարող ասել»: Քոչար Խաչատրյանն իր թղթերը նայեց ու տեսավ, որ Ազատաշենի 2-րդ եւ 11-րդ փողոցներն ասֆալտապատման ծրագրում ներառված են: 6-րդը՝ առայժմ ոչ: 6-րդ փողոցը շարունակելու է նավարկել ցեխաջրերով: Գումարի չափն էլ մոտ 50-60 մլն է: 
Հիշեցնենք, որ դեռ 2019 թվականին Արարատի մարզային իշխանությունները գլուխ էին գովում, թե Ազատաշեն համայնքը սուբվենցիոն ծրագրով տենդեր է շահել: Սուբվենցիոն ծրագրով անցկացվում է 343 գծամետր երկարությամբ ոռոգման ջրագիծ՝ 14 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Ի՞նչ եղավ այդ սուբվենցիոն ծրագիրը, փողն ո՞ւր է: Ո՛չ Քոչար Խաչատրյանը, ո՛չ էլ բնակավայրի վարչական ղեկավարն այս մասին ոչինչ չգիտեին: Նրանք մինչեւ խոշորացումը, այսինքն՝ 2021 թվականը, ոչ մի ինֆորմացիա չունեն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image