Պետրոսյան Ռոմանոսից սկսած ինչքան խոսող ՔՊ-ական կա՝ ՀԷՑ ՓԲԸ-ի բռնազավթումից հետո խոսում էին ոլորտային գնումների ազատականացման մասին: Նույնիսկ օրենսդրական դրույթ էին ընդունել դրա առնչությամբ: Ու հպարտորեն արձանագրում էին՝ գնումների գործընթացում նախկինում առկա մի քանի ընկերությունների փոխարեն արդեն գործում են մի քանի անգամ ավելին: Երբ դա առաջին անգամ լսեցի՝ ինձ թվաց, թե խոսքն, ասենք, հագուստի կամ կոշիկի արտադրության մասին է: Որովհետև հենց նման ապրանքների արտադրության դեպքում է հնարավոր, որպեսզի հումք մատակարարող ընկերությունների շուկան ընդլայնվի հատուկ օրենքի կարգավորմամբ՝ եթե, իհարկե, նախկինում դրանց քանակը սահմանափակ է եղել: Բայց էլեկտրաէներգետիկական ոլորտը, որքան տեղյակ եմ, խիստ առանձնահատուկ ոլորտ է, իսկ հայկական շուկան էլ սահմանափակ: Ինչը նշանակում է, որ եթե դրանում օրենսդրական փոփոխությամբ հինգի փոխարեն ներառվել է 15-20 ընկերություն, ապա մեծ մասը հաստատ մինչ այդ որևէ առնչություն չի ունեցել ոլորտի հետ: Ինչը նշանակում է նաև, որ չի ունեցել ու այսօր էլ դժվար թե ունենա ոլորտային մասնագետներ:
Ու անմիջապես հիշեցի ժամանակին ՊՎԾ-ի ղեկավար նշանակված՝ իմ նախկին ընկեր Դավիթ Սանասարյանի պատմությունը: Նշանակումից կարճ ժամանակ անց ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել Սանասարյանի և նրա տեղակալի (թե ընկերոջ՝ արդեն չեմ հիշում) նկատմամբ: Վերջինս ինչ-որ կապ ուներ կահույք արտադրող ինչ-որ ընկերության հետ (այդ մանրամասներն արդեն էական չեն), բայց մասնակցել էր դեղորայքային գնման գործընթացին ու «շահել» էր այն: Սակայն կարգին մասնագետ չունենալով՝ մատակարարել էր խնդրահարույց տեսականի: Դեռևս «դուխով» Նիկոլն էլ դա օգտագործել էր իր ապագա մրցակցին շարքից հանելու նպատակով: Հաշվի առնելով այդ օրերին Դավթի մեծ հեղինակությունը՝ ԱԱԾ պետին հրահանգել էր խիստ վերաբերմունք դրսևորել տվյալ՝ հեղափոխականորեն ոչ այնքան լուրջ ապօրինության նկատմամբ: Այդ հանգամանքը մեկ-երկու տարի անց խոստովանել էր Արթուր Վանեցյանը, ով արդեն հրաժարական էր ներկայացրել ԱԱԾ պետի պաշտոնից:
Վստահ եմ, որ ՀԷՑ-ի մատակարարումների շղթայի, այսպես կոչված, ազատականացումն արդեն հանգեցրել է նույն երևույթին: Բայց քանի որ Պետրոսյան Ռոմանոսը վտանգ չի ներկայացնում վաղուց «դուխաթափ» եղած Փաշինյանի համար, ապա նման պատիժ այլևս չի կրկնվի: Էլ չասած, որ իբրև թե ՀԾԿՀ-ի ղեկավարի կողմից ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոսն օգտակար գործ է անում ՔՊ-ի համար՝ անգործ կուսակցականներին պաշտոնների նշանակելով ընկերությունում: Իհարկե, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը վաղուց արդեն մոռացել է, որ, որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, կռիվ էր տալիս կառավարման ոլորտը կուսակցականացնելու՝ հանրապետականների սովորույթի դեմ: Ինչպես նաև թքած ունի այն հանամանքի վրա (հիշենք թքած ունենալու նուրբ արվեստներին տիրապետելու՝ նրա ձգտման մասին), որ ՔՊ-ական ոչ պրոֆեսիոնալները վաղ թե ուշ ոլորտի հերը կանիծեն: Ինչը մոտ ապագայում կարտահայտվի հոսանքազրկումների հաճախականության, ինչպես նաև սակագնի բարձրացմամբ: Կարևորը Սամվել Կարապետյանին պատժելու ցանկության իրականացումն է:
Գանք ՀԷՑ առումով երկրորդ կարևոր խնդրին: Որպես հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերություն՝ ֆինանսապես ՓԲԸ-ն սնվում էր փոխառություններից և սակագնային մուտքերից: Կարող էր սնվել նաև պետական բյուջեից՝ եթե իշխանության հետ պայմանագրում նման կետ ներառվեր: Բայց դրա փոխարեն, ինչպես հասկանում եմ, գործել է սեփականատիրոջ միջոցներից սնվելու կարգը: Այսինքն, մշակվում է ինչ-որ ժամկետի ներդրումային ծրագիր: Ու դրա հիման վրա ձևավորվում է ՓԲԸ-ի ողջ աշխատակազմի կամ միայն ղեկավար կազմի ողջ աշխատավարձային ֆոնդը կամ դրա մի մասը: Եվ երբ մի քանի շաբաթ առաջ խոսակցություն գնաց, որ, որպես ժամանակավոր կառավարիչ, ինչո՞ւ պետք է Ռոմանոսն աշխատավարձ ստանա ներդրումային գումարից, ՔՊ-ականները լայն ճակատով հարձակում գործեցին՝ հայտարարելով, թե նման բան չկա: Որ Ռոմանոսի ու մնացած ՔՊ-ական ՀԷՑ-ականների աշխատավարձային ֆոնդը ձևավորվում է զուտ սակագնային մուտքերից: Պարզվում է, որ դա այդպես չէ, ու ես չեմ հասկանում, թե ինչու ՓԲԸ-ի սեփականատերերը (լինեն դրանք անձինք կամ ընկերություններ) չեն դիմում դատարան՝ ժամանակավոր կառավարչի վարձատրությունը ներդրումային գումարից դադարեցնելու պահանջով: Եվ ոչ միայն նրա, այլև բոլոր մնացած «ժամանակավորների» վարձատրությունը ևս: Եթե ՓԲԸ-ի կանոնադրությունը ոտնահարելով՝ ՀԾԿՀ-ն նշանակել է ժամանակավոր կառավարիչ, ապա ինքն էլ պետք է գտնի վարձատրելու համապատասխան ֆինանսական միջոցներ: