Հարցազրույց

«Հրապարակ»․ Ուշադիր հետեւում ենք այս այցի արձագանքներին

«Հրապարակ»․ Ուշադիր հետեւում ենք այս այցի արձագանքներին

«Հրապարակի» զրուցակիցն ադրբեջանական փորձագիտական խմբի համակարգող, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովն է։

- Հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս վիճակը բնութագրում է 3 իրադարձություն․ 2025-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, Ադրբեջանի տարածքով ՀՀ մատակարարվող նավթամթերքն ու ցորենը, քաղհասարակության ներկայացուցիչների փոխայցերը Երեւան եւ Բաքու։ Դուք եւս մասնակցել եք դրանց։ Ո՞րն է այդ այցերի գլխավոր նպատակը, ի՞նչ արդյունք եք արձանագրել։

- Աբու Դաբիում հուլիսի 10-ի հանդիպումը եւ դրան հաջորդած՝ Վաշինգտոնում 2025 թ․ օգոստոսի 8-ի գագաթնաժողովը՝ նախագահ Թրամփի մասնակցությամբ, ինչպես նաեւ՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից համատեղ հռչակագրի ընդունումը՝ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, հիմք դրեցին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության օրակարգին։ Կողմերը փորձում են ստեղծել հարաբերությունների շրջանակ, որի հիմնական պայմանը միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է եւ բոլոր հարցերը քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով լուծելու հանձնառությունը։ Ներկայում ընթանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, նախատեսվում է սկսել տարածաշրջանային TRIPP նախագծի իրականացումը, վերացվում են տնտեսական համագործակցության սահմանափակումները, իսկ երկխոսությունն իրականացվում է քաղհասարակության մակարդակով։ Իմ կարծիքով, գլխավոր նպատակն է՝ ցույց տալ, որ նախկինում անհնար համարվող ամեն ինչ այժմ իրականացվում է։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը կարող է ընդլայնվել եւ խորանալ հենց այս ուղղություններով՝ խաղաղության օրակարգի զարգացմանը զուգընթաց։

- Սակայն թե՛ հայաստանյան եւ թե՛ ադրբեջանական հասարակության մեջ միմյանց նկատմամբ անվստահության մեծ չափաբաժին կա, որքան էլ պաշտոնական մակարդակով դրական ազդակներ հնչեն, եւ դա բնական է՝ հաշվի առնելով երկարատեւ հակամարտությունը։ Իսկ ինչո՞ւ են Ադրբեջանի դպրոցական ծրագրերում, գրական գործերում շարունակում «թշնամի» համարել հայերին, Հայաստանը, եթե Ալիեւը խոսում է խաղաղության հաստատման մասին։

- Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր հետեւանքները՝ մարդասիրական, տնտեսական եւ քաղաքական։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը լայնածավալ էր, եւ, համապատասխանաբար, հետեւանքները շատ ավելի խորն ու լայն են։ Հետեւանքներից շատերն անշրջելի են։ Էթնո-տարածքային հակամարտությունն ունի երկու չափում․ այսօր կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ, կարելի է ասել, համաձայնել են՝ հետեւողական քայլեր ձեռնարկել հակամարտության տարածքային մասի վերջնական լուծման ուղղությամբ։ Սա ստեղծել է միջպետական փոխազդեցության եւ համագործակցության պայմաններ։ Հակամարտության երկրորդ մասը հասարակությունների միջեւ խաղաղության հասնելն է։ Սա բարդ խնդիր է, որը պահանջում է շատ ժամանակ, եւ այն կարելի է բաժանել ժամանակահատվածների։ Այս ժամանակահատվածներից յուրաքանչյուրը ստեղծում է նոր հնարավորություններ եւ պայմաններ՝ հասարակությունների միջեւ հաշտեցման գործընթացում քայլեր իրականացնելու համար։ Ներկայում իրականացվում են քայլեր, որոնք իրագործելի են՝ հաշվի առնելով խաղաղության օրակարգի ներկայիս համատեքստը։ Որքան առաջ է շարժվում խաղաղության օրակարգը, այնքան ավելի կարող են առաջ մղվել անհատական խաղաղության թեմաները հասարակությունների ներսում։ Սա վերաբերում է դպրոցական ուսումնական ծրագրերին, փոխադարձ մշակութային ժառանգությանը եւ շատ թեմաների, որոնք ներկայում զգայուն են հասարակությունների ընկալման մեջ: Այս ամենը կիրականացվի երկկողմանիորեն, քանի որ յուրաքանչյուր հասարակություն մշակել է սեփական սպասումները մյուսի նկատմամբ եւ իր ընկալումը խաղաղության օրակարգի պարամետրերի վերաբերյալ։ Ադրբեջանական հասարակության համար կարեւոր է խաղաղության օրակարգի վերաբերյալ հայ հասարակության դիրքորոշումը, որը համաձայնեցվել է ներկայիս Հայաստանի կառավարության հետ: Այս մասին մենք կիմանանք ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Սա խաղաղության գործընթացի կարեւոր շրջան է: Հաջորդ փուլը խաղաղության պայմանագրի ստորագրման եւ վավերացման մերձեցման քայլերն են։ Ներկայում խաղաղության պարամետրերը ձեւավորվում են երկկողմանիորեն: Քաղաքացիական հասարակության մակարդակում մենք որոշում ենք այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն՝ խաղաղության նեղ ընկալումից լայն ընկալման անցնելու համար: Սա վերաբերում է նաեւ ձեր հարցում նշված թեմաներին:

- Բաքուն պնդում է, որ խաղաղության պայմանագրի վերջնական կնքման համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը՝ նշելով, թե «դրանում տարածքային պահանջներ կան»։ Երեւանը հերքում է դա, բայց խոսվում է մոտ ապագայում երկրի մայր օրենքը փոխելու մասին։ Ըստ Ձեզ, սա կողմերի միջեւ միակ «վիճելի» կե՞տն է, միայն սա՞ է խոչընդոտում վերջնական խաղաղության հաստատմանը։

- Հայաստանում նոր սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրաքվեն ներքին գործընթաց է, որի արդյունքները կազդեն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման եւ վավերացման վրա: Նոր սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել մարտին: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող հայկական քաղաքական ուժերը պետք է ձեւակերպեն իրենց դիրքորոշումը՝ առաջարկվող նախագծի վերաբերյալ: Հետաքրքիր կլինի նաեւ տեսնել, թե ինչպիսին է հաղթող քաղաքական ուժի դիրքորոշումը նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի մասին՝ կառավարության ծրագրում։ Սա, իր հերթին, մեզ կմոտեցնի խաղաղության գործընթացում անդառնալիության կետին՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանը եւ վավերացմանը։ Ադրբեջանական հասարակության համար կարեւոր է իմանալ, թե ինչպես են ընտրություններին մասնակցող հայկական քաղաքական ուժերն իրենց ծրագրերում անդրադառնալու Ադրբեջանի հետ հարաբերություններին, ներկայիս խաղաղության օրակարգին, եւ ինչպես է քվեարկելու հայ հասարակությունը: Խաղաղության օրակարգի պարամետրերը հստակ են եւ ուրվագծված են նախորդ հարցերի պատասխաններում։

- Հայաստանում էլ վերապահումներ կան․ նախ, չեն հաշտվել Լեռնային Ղարաբաղի կորստի եւ հայաթափման հետ, ողջամիտ չեն համարում, այսպես կոչված, 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու Բաքվի պահանջը, որը փաթեթավորվում է «Արեւմտյան Ադրբեջան» եզրով, սահմանազատման գործընթացի արձանագրած արդյունքները համարվում են միակողմանի զիջում, իսկ Բաքվում դատապարտված հայ գերիների ճակատագիրը վաղուց վեր է զուտ հայկական մտահոգությունից։ Եվ այս ամենը խոսում է թշնամանքի ու հաշվեհարդարի մասին, նման պայմաններում խաղաղության մասին խոսելն ազնի՞վ է։

- Այո, ազնիվ է: Ոչ մի հակամարտություն երբեք չի լուծել իր բոլոր հետեւանքները: Այսօր խաղաղության օրակարգը ճանաչել է այս իրականությունը, եւ Ադրբեջանի ու Հայաստանի կառավարությունները փորձում են դուրս գալ հակամարտության պարույրից եւ սահմանել փոխհարաբերությունների նոր շրջանակ: «Արեւմտյան Ադրբեջանի» եւ Հայկական ԽՍՀ-ում ապրող ադրբեջանցիների վերաբերյալ ես նշեմ, որ սա հակամարտության հետեւանքների մարդասիրական բաղադրիչի մի մասն է եւ Բաքվում քննարկվում է մարդու իրավունքների համատեքստում: Նմանապես, Հայաստանը եւ որոշ եվրոպական երկրներ անդրադառնում են Ադրբեջանի տարածքը լքած հայերի հարցին: Այնուամենայնիվ, ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում մարդու իրավունքների համատեքստը լրացվում է տարածքային համատեքստով՝ տարածքային ամբողջականությանը սպառնացող ենթադրյալ սպառնալիքով: Արեւմտյան ադրբեջանցիների հարցը կբարձրացվի նույն համատեքստում, ինչ որ բարձրացվում է Ադրբեջանից դուրս եկած հայերի հարցը։ Ընտրությունը մնում է նրանց, ովքեր բարձրացնում են հարցը՝ իրենց ընտրած համատեքստերում։ Ադրբեջանական հասարակությունը չի ընդունում ընտրողական մոտեցումը։ Ադրբեջանում բանտարկված հայ քաղաքացիների վերաբերյալ կարող եմ ասել, որ դատավարություններն ավարտվել են, եւ ադրբեջանական հասարակության համար սա հաստատված իրականության մի մասն է։ Միակ երկիրը, որն ունի լեգիտիմություն՝ բարձրացնելու արտասահմանում դատապարտված հայ քաղաքացիների հարցը, Հայաստանի Հանրապետությունն է։ Սահմանների սահմանազատման հարցի վերաբերյալ կարող եմ ասել, որ մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում գործում է միջկառավարական հանձնաժողով, եւ կա պարտավորություն՝ բոլոր հարցերը լուծել քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով։ Արդյունքներ արդեն ձեռք են բերվել. սահմանի մի փոքր հատված սահմանազատվել եւ սահմանագծվել է, ինչը հիմք է հանդիսացել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար՝ այս հատվածն օգտագործելու սահմանը հատելու համար։

- Առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանցիներն ազատ ելումուտ են անում Հայաստանում, խոսքը որեւէ պատվիրակության մասին չէ։ Օրերս ձեր երկու հայրենակից իրենց ավտոմեքենայով եկել էին մեր երկիր, ազատ տեղաշարժվում էին, զրուցում ոստիկանների հետ, տեսանյութեր հրապարակում ադրբեջաներենով՝ հայկական բնակավայրերը ներկայացնելով ձեր տերմիններով։ Կնշե՞ք մեկ օրինակ, երբ հայերն այդպես անվտանգ ելումուտ են արել Ադրբեջանում։

- Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր ադրբեջանական ծագումով երկու ռուս քաղաքացիների՝ Հայաստանում գտնվելու ժամանակահատվածը, ինչպես նաեւ՝ նրանց ճշգրիտ ճանապարհորդության ժամանակացույցը։ Սա շատ բան է ասում։ Մենք նաեւ ուշադիր հետեւում ենք այս այցի վերաբերյալ հայ հասարակության արձագանքներին։ Հայերն Ադրբեջան են այցելել միջազգային միջոցառումների շրջանակներում։ Հայերի եւ ադրբեջանցիների կողմից Ադրբեջան եւ Հայաստան ազատ փոխայցերը խաղաղության գործընթացի անբաժանելի մասն են կազմում։ Տեսնենք, թե խաղաղության գործընթացի որ փուլում նման այցելությունները չեն դառնա արտառոց եւ չեն գրավի այդքան մեծ ուշադրություն։

- Հայաստանում նախընտրական շրջան է․ հանրությունը համոզված է, որ, Արեւմուտքից բացի, Փաշինյանը թուրք-ադրբեջանական տանդեմի նախընտրելի թեկնածուն է։ Ադրբեջանական մամուլը նրա մասին ավելի մեծ հարգանքով է խոսում, քան, օրինակ, ձեր երկրի ռազմավարական դաշնակից՝ Ռուսաստանի նախագահ Պուտինը։ Ենթադրվում է, որ Հայաստանի գործող վարչապետը կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները։ Եթե դուք վստահ եք ձեր գերազանցության մեջ, ինչո՞ւ եք խաղաղությունը կապում մի մարդու հետ, որի վարկանիշը նվազում է նույնիսկ սեփական երկրում։

- Թույլ տվեք ուղղում անել։ Ադրբեջանն ունի դաշնակցային փոխգործակցության հռչակագիր Ռուսաստանի հետ։ Հայաստանը Ռուսաստանի լիիրավ դաշնակիցն է՝ թե՛ երկկողմանի, թե՛ ռազմաքաղաքական եւ տնտեսական ինտեգրման միջոցով։ Ըստ էության, ես նշում եմ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի օրինական վարչապետն է, որն անցյալ օգոստոսին համաձայնեցրել է խաղաղության օրակարգն Ադրբեջանի նախագահի հետ։ Վաշինգտոնի գագաթնաժողովից ի վեր մենք Հայաստանում որեւէ խոշոր բողոքի ցույց չենք տեսել։ Շատ ընդդիմադիր ուժեր քննադատել են Հայաստանի կառավարությանը, բայց դա չի վերաճել լայնածավալ բողոքի ցույցերի։ Քաղաքական ուժերի վարկանիշը որոշվում է ընտրություններով, եւ մենք ունենք ընդամենը մի քանի ամիս՝ սպասելու։

- Արդարացի՞ է, ըստ Ձեզ, որ 44-օրյա պատերազմը փաստացի կանգնեցրեց Պուտինը՝ նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ համաձայնագրով, իսկ հակամարտության խաղաղ կարգավորման «փառքն ու դափնին» իրեն է վերագրում Թրամփը՝ Երեւանից ու Բաքվից իբրեւ երախտիք արժանանալով TRIPP նախագծի անվանակոչմանը։

- 44-օրյա պատերազմն ավարտվեց, երբ իրականացավ Ադրբեջանի նախագահի կողմից պատերազմի առաջին օրը հայտարարված նպատակը։ Դա հայկական զինված ուժերի դուրսբերումն էր Ադրբեջանի տարածքից։ Համաձայնագրերի արդյունքում Ռուսաստանին տրվեց բացառիկ իրավունք՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններում․ ստեղծվեց եռակողմ ձեւաչափ. Ռուսաստանի զինված ուժերը մտան Ղարաբաղ եւ մասնակցեցին Բաքվի եւ Ղարաբաղի հայերի միջեւ շփումներին։ ՌԴ-ն պետք է 5 տարի ժամկետով ստանձներ Հայաստանից Ղարաբաղ տանող ճանապարհի եւ Ադրբեջանի ցամաքային հատվածից դեպի մեզ պատկանող Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցությունների վերահսկողությունը Հայաստանի տարածքով։ Թուրքիայի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի ունեցավ ՌԴ ԱԳՆ շենքում։ Սակայն մանիպուլյատիվ մոտեցման պատճառով Մոսկվան կորցրեց իր բոլոր գործառույթները նշված տարածքներում։ Նույնը տեղի ունեցավ նաեւ ԵՄ միջնորդության հետ։ Այսօր ստեղծվել է երկկողմ ձեւաչափ, որի շրջանակներում Միացյալ Նահանգները՝ նախագահ Թրամփի գլխավորությամբ, դեր է խաղում հաղորդակցությունների ապաշրջափակման ավելի լայն հարցին վերաբերող միասնական նախագծում, եւ այս ոլորտն իր հերթին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության բազմաթիվ ոլորտներից մեկն է։ ԱՄՆ-ի մասնակցությունը TRIPP նախագծում՝ Հայաստանի ինքնիշխան որոշումն է, եւ Ադրբեջանը նույնպես իր ինքնիշխան համաձայնությունն է տվել նորաստեղծ հայ-ամերիկյան ընկերության հետ համագործակցելու համար: Հետեւաբար, եթե ԱՄՆ-ի մասնակցությունը TRIPP նախագծում Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունների ինքնիշխան որոշումն է, ապա տրանսպորտային երթուղին նախագահ Թրամփի անունով կոչելը լռելյայն արդարացված է։

- Դուք անձամբ հավատո՞ւմ եք հայ-ադրբեջանական հաշտությանը, բարեկամության հարցը թողնենք ապագային։

- Եթե ես չհավատայի դրան, չէի մասնակցի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ քաղաքացիական հասարակության երկխոսությանը: Այս գործընթացի բանալին իրատեսական մոտեցումն է: Այսօր կան հնարավորություններ՝ հաշտեցման գործընթաց սկսելու համար: Իհարկե, քաղաքական երկխոսության եւ տնտեսական համագործակցության մակարդակում արդյունքներն ավելի շուտ կզգացվեն եւ կարող են չափվել․ դրանք, այսպես ասած, շոշափելի են: Հասարակական մակարդակում աշխատանքը պահանջում է ժամանակ, համբերություն, մասնակիցների կողմից համառություն, հետեւողականություն եւ ուշադիր պլանավորում: Խաղաղության գործընթացի յուրաքանչյուր նոր փուլ կցուցադրի խաղաղության նկատմամբ նոր նախասիրություններ, որոնք կստեղծեն խաղաղության հաստատման բովանդակությունն ու հիմքերը հասարակությունների ընկալման մեջ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image