«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Արա Պողոսյանն է։
- Թուրքիան, ուզենք-չուզենք, հետզհետե մեծացնում է իր աշխարհաքաղաքական կշիռն ու ազդեցությունը տարբեր, այդ թվում՝ մեր տարածաշրջանում՝ ի դեպ չերկնչելով դիվանագիտական շանտաժի դիմելով։ Անկարան տևաբար հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանի վերաբացումը պայմանավորում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և վերջնական խաղաղության հետ։ Համարու՞մ եք, արդյոք, որ այդ համատեքստում ՀՀ այսօրվա իշխանությունները Անկարա-Բաքու տանդեմի օրակարգն են սպասարկում և ի՞նչ ռիսկեր եք տեսնում այս ամբողջ գործընթացում։
- Գործընթացն իսկապես սկսվել է նախապայմաններով, և դրանք երբեք չեն փոխվել։ Հայ – թուրքական հարաբերություններում նախապայմանները եղել են ինչպես 2008-ին մեկնարկած «Ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը ստացած գործընթացում, այնպես էլ 2022-ի սկզբին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպմամբ մեկնարկած այս փուլում։ Ցավոք սրտի, հայ ժողովրդին կեղծվեց բանակցությունների էությունը, հայտարարվելով, որ դրանք առանց նախապայմանների են և հայ–ադրբեջանական բանակցություններից անջատ, այնինչ իրականում ամեն ինչ տրամաբանորեն հակառակն էր։ Դատելով ամբողջ գործընթացից և Հայաստանի իշխանությունների հռետորաբանության արմատական փոփոխությունից, կարելի է ասել, որ այսօր Հայաստանի իշխանությունները ՀՀ արտաքին քաղաքականությունը ներդաշնակեցնում են Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության օրակարգերին։
Հայաստանի ազգային–պետական շահերի կերպափոխումն այնպես, որպեսզի դրանք համահունչ լինեն Բաքվի և Անկարայի շահերին, ապրիորի առաջացնում է ներքին կոնֆլիկտ հայկական ինքնության, հիմնարար ազգային շահերի և վարվող արտաքին քաղաքականության միջև։ Սա տասնամյակներ շարունակ հայության նկատմամբ կիրառված գոյաբանական արտաքին սպառնալիքների կերպափոխումն է միաժամանակ ներքին և արտաքին սպառնալիքների։ Մյուս կողմից՝ ՀՀ էներգետիկ, լոգիստիկ, տնտեսական և արդյունաբերական համակարգերի փոխկապակցումը Թուրքիային և Ադրբեջանին, իր հերթին առաջացնում է ՀՀ ինքնիշխանության և անվտանգության երկարաժամկետ սպառնալիքներ, որոնք տնտեսապես, քաղաքականապես Թուրքիայից և Ադրբեջանից կախված պետության կողմից չեն կարող լինել կառավարելի։
- Հաշվի առնելով Հայաստանի և Թուրքիայի միջև ձևավորված վերջին փոխշփումները, Փաշինյանի այցը Թուրքիա, հանդիպումներն Էրդողանի հետ, որոշակի դրական ուղերձները, ե՞րբ կհաստատվեն երկկողմ դիվանագիտական հարաբերությունները և ե՞րբ կբացվի հայ-թուրքական սահմանը՝ հատկապես, որ թուրքական կողմը հայտարարել է սահմանային անցակետի իր հատվածի աշխատանքները գրեթե ավարտելու մասին։
- Ես կարծում եմ, որ դա կպահանջի ժամանակ։ Թուրքիան մինչև վերջ և միանգամից չի գնա նման քայլի։ Ավելին՝ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիան օգտագործում է որպես դիվանագիտական ազդեցության գործիք, որով շարունակաբար Հայաստանից փորձելու են ստանալ բազմաթիվ հարցերում զիջումներ։ Այդ զիջումներին հասնելու համար սովորաբար՝ ինչպես ցույց է տվել վերջին 4 տարիների փորձը, նրանք տալիս են խոստումներ և այդ խոստումները կատարելու դիմաց պահանջում զիջումներ։ Ցավոք սրտի, ձևավորվել է այսպիսի պրակտիկա, երբ թշնամական կողմերի զիջումների պահանջներին մենք ոչինչ չենք հակադրում։ Որ ավելի ցավալի է, Հայաստանի իշխանությունների վարքագիծը հուշում է, որ նրանք նույնիսկ ցանկություն չունեն դիմադրելու, և դիմադրության ցուցադրությունն էլ ինչպես ցույց է տալիս ժամանակը միայն ներքին լսարանաի համար է։
- Ոճրագործի անցյալ ունեցող Թուրքիան, կարծես, փորձում է «մաքրագործել հին մեղքերն» ու փրկել «դեմքը»՝ վերածվելով աշխարհում խաղաղասեր ու խաղաղարար պետության։ Նա խաղաղության քարոզի քողի տակ միջնորդական ջանքեր է գործադրում օրինակ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Դեռևս ՌԴ հատուկ ռազմական գործողությունից քիչ ժամանակ անց Ստամբուլում կայացան Մոսկվա-Կիև առաջին բանակցությունները։ Կհաջողվի՞ Անկարային ազդել երկրորդ համաշխարհայինից ի վեր Եվրոպայի ամենամեծ պատերազմի ավարտի վրա և ի՞նչ է տալու դա նրան, բացի քաղաքական հեղինակությունից։
- Կարծում եմ, որ ԱՄՆ–ՌԴ ուղիղ երկխոսության սկզբից ի վեր Թուրքիայի նախկին դերն այս հարցում նվազել է։ Ավելին՝ նույնիսկ ԵՄ–ի հետ Ռուսաստանն այսօր չի ցանկանում բանակցել, ինչը հուշում է, որ այս հակամարտության ավարտի վրա Թուրքիան իր նախկին թվացյալ ազդեցությունը չի կարող ունենալ։ Իհարկե, եթե դա հնարավոր լիներ, ապա Թուրքիան կստանար ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, լոգիստիկ, տեխնոլոգիական հնարավորություններ թե՛ Ուկրաինայի հաշվին և տարածքում, ինչպես նաև դիվիդենտներ ԵՄ–ի հետ հարաբերություններում, ՌԴ–ի հետ հարաբերություններում, սակայն, ինչպես նշեցի, քիչ հնարավորություն եմ տեսնում Թուրքիայի կողմից Ռուսաստան–Ուկրաինա հակամարտության հանգուցալուծման վրա էական ազդեցություն ունենալու հարցում։
- Ասադի իշխանության տապալումից հետո, ոնց առանց իր ջանքերի, միգուցեև՝ նախաձեռնության, Թուրքիան շարունակում է ամրապնդել դիրքերը Սիրիայում՝ այն դիտարկելով իբրև Մերձավոր Արևելքում սեփական ազդեցության ընդլայնման ռազմավարական հենակետ։ Իրան-Իսրայել-ԱՄՆ կոնֆլիկտային եռանկյունին այս օրերին լուրջ մտահոգություն է առաջացրել նույն Մերձավոր Արևելքում։ Թուրքիայի հարաբերությունները թշնամական չես համարի Իրանի և ԱՄՆ-ի հետ՝ ի տարբերություն Իսրայելի։ Այս կոնֆիգուրացիայում ո՞րն է Անկարայի դիրքորոշումը Իրանի հետ կապված իրավիճակում։
- Իսկապես՝ սա այն դասական դեպքերից է, երբ տեսնում ենք դասական ռեալիզմը միջազգային հարաբերություններում։ Թուրքիայի և Իրանի հարաբերություններում ձևավորվել է սիտուատիվ, այսինքն իրավիճակային համագործակցության հնարավորություն։ Մերձավոր Արևելքում միակ հարցը, որի շուրջ Սիրիան, Իրաքը, Թուրքիան և Իրանը մշտապես ունեցել են կոնսենսուս, դա եղել և մնում է քրդական հարցը։ Այս երկրներից յուրաքանչյուրը ունի իր «սեփական քրդական քեյսը», և բոլորի համար այն վտանգավոր է, ուստի քրդական քեյսի ակտիվացումը առաջացնում է սիտուատիվ համագործակցություն այս 4 երկրների միջև։ Ի դեպ՝ 1926 թվականին սկիզբ առած «Արարատի ապստամբությունը» ևս առաջացրեց Թուրքիա–Իրան համագործակցություն, որից հետո Իրանը Թուրքիային զիջեց Նախիջևանի հետ ընդհանուր սահմանի մի փոքր հատված, ինչն էլ փոխեց ռեգիոնալ աշխարհաքաղաքականությունը արդեն մի քանի տասնամյակ անց։ Հետևաբար, քանի դեռ կա Իրանի մասնատման վտանգ, որը կարող է առաջացնել քրդական նոր միավոր, Թուրքիան կաջակցի Իրանին,
- Ինչպես նկատել եք, Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Ռազմավարական խորք» աշխատության մեջ, որպես հանրապետության «մերձավոր արտասահման» և ռազմավարական շահերի գոտի, առանձնացնում է 4 տարածաշրջան՝ Հարավային Կովկաս, Մերձավոր Արևելք, Կենտրոնական Ասիա և Բալկաններ։ Առաջին երեք ռեգիոններում Թուրքիայի ազդեցությունն ակնհայտ է, ինչ է, հիմա էլ այդ երկիրն իր հայացքը ուղղում է դեպի Բալկաննե՞ր՝ հաշվի առնելով, որ օրերս Ստամբուլում կայացել է Բալկանյան խաղաղության հարթակի երկրորդ նիստը՝ Թուրքիայի, Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Չեռնոգորիայի, Կոսովոյի, Հյուսիսային Մակեդոնիայի և Սերբիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ։
- Իրականում սա նոր չէ։ Դեռևս Ահմեդ Դավութօղլուի ԱԳ նախարար եղած տարիներին, երբ նա առաջարկեց «0 խնդիր հարևանների հետ» կոնցեպտը, արդեն իսկ Թուրքիան սկսել էր աշխատել Բալկանյան երկրների հետ։ Ահմեդ Դավութօղլուն հենց «Ռազմավարական խորք»–ի մեջ չափազանց կարևոր դեր էր վերապահում երկու կոնֆլիկտների՝ Արցախյան և Կոսովոյի։ Նա համարում էր, որ Արցախը վերցնելով նրանք հնարավորություն կունենան վերցնել ամբողջ Հարավային Կովկասը, իսկ Կոսովոն վերցնելով՝ Բալկանները։ Ինչպես տեսնում ենք, առաջին խնդիրը գոնե այս փուլում լուծել են, իսկ մյուսը՝ Կոսովոյի խնդիրը գրեթե լուծված է թուրքական ազդեցության հաստատման իմաստով։ Հյուսիսային Մակեդոնիան, Բուլղարիան և Ալբանիան բավականին լուրջ կրում են իրենց վրա թուրքական ազդեցությունը։ Ժամանակին, երբ Թուրքիան հրաժարվեց դեպի ԵՄ շարժվելու ուղղության տեսիլքից և հայացքն ուղղեց դեպի Արեւելք, դեռևս պահպանում էր ռազմավարական առաջնահերթությունը Բալկաններում, այժմ աստիճանաբար կտեսնենք Թուրքիայի հայացքը դեպի Արևմուտք, ինչը առավել քան կարագացնի Բալկաններում իր ազդեցության հաստատման գործընթացը։