Հարցազրույց Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Մարիա Գաբրիելյանի հետ:
- Վերջին ժամերին Սիրիայից ստացվող լուրերը տագնապալի են. քրիստոնյաների շրջանում նախատոնական կրոնական հետապնդումներից մինչեւ կենցաղային հանցագործություններ: ԶԼՄ-ներն ահազանգում են՝ քրիստոնյաներին արգելում են նշել սուրբծննդյան տոները, տոնածառներ են այրում, եկեղեցիներ են պղծում, զինված ներխուժում են մարդկանց տներ՝ գումար պահանջում, թալանում: Ի՞նչ է կատարվում իրականում:
- Բնավ այդպես չէ, կամ առնվազն գույները շատ են թանձր. արձանագրված մի քանի դեպքերը պետք չէ անվանել հակաքրիստոնեական լուրջ արշավ։ Խառնակչական արարքներն անհատական մոտեցումներ են, որոնք հետապնդվում են նոր իշխանությունների կողմից: Նման դրության մեջ բացառված չէ, որ օգտվեն առիթից, եւ այսպիսի անընդունելի երեւույթների մեջ հայտնվենք:
- Սիրիայի նոր կառավարիչները եւ անձամբ առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաան վստահեցրեց, որ «համերաշխ» են երկրի կրոնական եւ քրիստոնեական բոլոր համայնքների հետ, տրվել են «անվտանգության երաշխիքներ»: Կոնկրետ հայ համայնքը որքանո՞վ է ապահովագրված վտանգավոր միջադեպերից:
- Նոր իշխանությունը ջանում է տեր կանգնել իր խոստմանը, եւ իրականությունն այլ պատկեր չունի: Բոլոր համայնքներին, ներառյալ՝ հայ համայնքին, տրվել են անվտանգության երաշխիքներ։
- Քրիստոնեական գլխավոր տոներից մեկի նախաշեմին, պաշտոնապես հայտարարվեց, որ կաթոլիկ Սուրբ ծնունդը երկրում հանգստյան օր է լինելու, պետծառայողները չեն աշխատելու դեկտեմբերի 25-ին եւ 26-ին: Խոստումը կատարե՞լ են:
- Այո, խոստումը կատարված է։ Դեկտեմբերի 25-ին եւ 26-ին պետական արձակուրդ է։
- Քրիստոնյաներն ու դրուզները դեկտեմբերի լույս 24-ի գիշերն ակցիա են անցկացրել Դամասկոսի Սախնայա արվարձանում` բողոքելով քրիստոնյաների հանդեպ հետապնդումներից, ինչպես նաեւ հիմնականում քրիստոնյաներով բնակեցված գյուղերում օտարերկրյա զինյալների (թուրքամետ կազմավորումների) ներկայությունից։ Սիրիայի հայկական համայնքի ներկայացուցիչները մասնակցե՞լ են ցույցերին:
- Ոչ, չեն մասնակցել:
- Ինչո՞ւ:
- Ճիշտն ասած, տեղյակ չեմ, նույնիսկ չգիտեմ՝ որոշ հայեր ինքնակամ մասնակցե՞լ են դրանց, թե՞ ոչ:
- Ասադի տապալումը ողջունած Արեւմուտքն ու միջազգային իրավապաշտպանները «բերանները ջուր են առել»՝ աչք փակելով կրոնական հողի վրա կատարվող մերժելի երեւույթների դեմ, որի թիրախում նաեւ Սիրիայի հայությունն է:
- Թեեւ նշված որակումները շատ ծանր են, եւ իրականում առայժմ նման ընդգծված մոտեցում չենք նկատել, սակայն Արեւմուտքի դիրքորոշումը զարմանալի չէ։
- Այս օրերին Թուրքիան ակտիվ, եթե չասենք՝ ռազմավարական կապեր է հաստատում Դամասկոսի նոր իշխանությունների հետ: Անկարան եւ Բաքուն նույնիսկ մենիշխանական ծրագրեր ունեն, ինչը չի կարող խնդրահարույց չլինել սիրիահայության համար: Մյուս երկրներն էլ սկսել են «լեզու գտնել»՝ հանուն իրենց ու իրենց քաղաքացիների շահերի եւ անվտանգության: ՀՀ իշխանությունները տակավին «դիտորդի» դերում են, մտահոգիչ չե՞ն Երեւանի լռությունն ու անգործությունը:
- Նախքան ՀՀ իշխանության լռության մտահոգիչ լինելուն անդրադառնալը, հարկ է նշել, որ Հայաստան-Թուրքիա կամ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն են մտահոգիչ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Եթե իր ժողովրդի մասին չի մտածում, ինչպե՞ս ակնկալենք, որ կմտածի երկրից դուրս ապրող հայրենակիցների մասին։
- Իսկ ինչպե՞ս է պատրաստվում Սիրիայի հայ համայնքը տոնել սուրբծննդյան տոները: Որեւէ առանձնահատկություն կա՞, գուցե նաեւ՝ տրամադրություն...
- Սիրիահայությունը սովորականի պես փորձում է տոնել Սբ ծննդյան տոնը։ Այո՛, ցնցումն ահավոր էր, տրամադրությունն անկում ապրեց, նույնիսկ տների մեջ շատերը տոնածառ զարդարելու տրամադրություն չունեն։ Սակայն սիրիահայը շատ ավելի վատ պայմանների մեջ է եղել նախորդ տարիներին, հետեւաբար՝ իր հուսադրությամբ եւ ուժեղ կամքով հատկանշված սիրիահայն այս փորձությունը եւս կշրջանցի եւ շատ շուտ կվերագտնի ինքն իրեն: