ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ մի գրառում էր արել, որն ակնհայտ հակասության մեջ է նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում արված բացահայտման հետ: Նախագահ Սարգսյանը, «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ, այս պահին Փաշինյանի կողմից պատանդառված Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին տված հարցազրույցում խոսելով 2018-ին տեղի ունեցած հակասահմանադրական հեղաշրջման մասին, սենսացիոն բացահայտում էր արել` ասելով, որ հեղաշրջումը գլխավորում եւ կառավարում էր Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, իսկ հեղաշրջման իբրեւ թե առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր գործողությունները համաձայնեցնում էր նրա հետ, հրահանգավորվում նրա կողմից:
Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ եվրաբյուրոկրատիայի կողմից Հայաստանի իշխանություններին խոստացվող կամ արդեն իսկ տրամադրված ֆինանսական եւ քարոզչական աջակցությանը, գրել է. ««Նախկինների» օրոք Հայաստանի կառավարությունը Եվրոպական Միությունից ստանում էր ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն՝ Ընտրական բարեփոխումների համար, ընտրությունների թափանցիկությունը եւ տեխնիկական հագեցվածությունը ապահովելու համար, դրանք առավել ժողովրդավարական, ազատ եւ արդար դարձնելու համար։ Այս ռեժիմի կողմից ընտրություններից առաջ ԵՄ-ին դիմելու օրակարգը փաստացի քաղաքական հակառակորդների դեմ պայքարով հիմնավորելը ոչ միայն խայտառակություն է ինքնիշխանության տեսակետից, ոչ միայն բացահայտ միջամտություն է մեր ներքին գործերին, այլեւ ԵՄ-ի կողմից ավտոկրատին աջակցելու բացառիկ ակտ։ Եթե նախկինում ԵՄ-ն Հայաստանում դեմոկրատիա էր ֆինանսավորում, ապա հիմա՝ բռնատիրություն»։ Ինչպե՞ս կարող էր ԵՄ-ն նախկինների օրոք ե՛ւ ժողովրդավարություն ֆինանսավորել, ե՛ւ հեղաշրջում, ինչպե՞ս կարող էր ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանն աջակցել եւ այդ ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանության բռնի տապալմանը, սրանք անհամատեղելի են:
Աշոտյանը փորձում է հայ հասարակությանը համոզել, թե իրենց իշխանության տարիներին իրենք ԵՄ-ից գումար են ստացել բարեփոխումների համար, եւ այդ գումարն օգտագործվել է երկրի զարգացման համար, մինչդեռ գործող իշխանությունները գումար եւ աջակցություն են խնդրում եւ ստանում իրենց քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու համար: Սա կեղծ համեմատություն է, եւ այս համեմատությունն ինչ-որ առումով փորձ է՝ արդարացնելու ԵՄ-ին, եվրաբյուրոկրատիային, թե մեղավորը նրանք չեն, որ բացահայտորեն միջամտում են Հայաստանի ներքին գործերին` ընտրական պրոցեսներին, խառնվում են իշխանության ձեւավորման հարցերին, այլ՝ Հայաստանի իշխանությունները, որ նրանցից աջակցություն են խնդրում եւ նրանց հնարավորություն տալիս միջամտելու եւ խառնվելու մեր ներքին գործերին: Եթե նախկինները ԵՄ-ից փող, աջակցություն էին խնդրում եւ ստանում երկրի ընտրական բարեփոխումների համար, ապա սրանք աջակցություն են խնդրում երկրի ներքին գործերին միջամտելու համար, ԵՄ-ն ի՞նչ մեղավոր է` թող լավ բանի համար դիմեն, լավ բանի համար աջակցություն ստանան:
Իրականությունը, սակայն, այն է, որ ո՛չ նախկինների եւ ո՛չ էլ ներկաների օրոք ԵՄ-ն ժողովրդավարություն, ազատ ու թափանցիկ ընտրություններ չի խրախուսել: Եվրաբյուրոկրատիան որոշակի օժանդակություն է ցուցաբերել Հայաստանի տարբեր տարիների իշխանություններին, բայց դա արել են բացառապես մի պայմանով, որ Հայաստանի իշխանությունները չեն խոչընդոտելու երկրի տարածքում, այսպես կոչված, քաղաքացիական հասարակություն աճեցնելուն եւ բազմացնելուն, որը հետագայում պետք է գործիք դառնար երկրում հակասահմանադրական հեղաշրջում իրականացնելու եւ սեփական վասալներին իշխանության բերելու հարցում: Իշխանությունը դրա հետ համաձայնել է՝ մտածելով, որ այդ քաղհասարակություն կոչվածն իրենց վերահսկողության տակ է եւ չունի բավական հանրային ազդեցություն եւ ուժ՝ ինչ-որ բան փոխելու համար: Մտածել են, բայց փաստացի սխալվել:
Հայաստանի բոլոր իշխանություններն էլ, 1990-ից սկսած, փորձել են լավ հարաբերություններ կառուցել եվրոպական երկրների եւ ԵՄ-ի հետ՝ Եվրոպան համարելով համաշխարհային ուժի կենտրոններից մեկը: Եվրաբյուրոկրատիան էլ վարել է Հայաստանը սեփական ազդեցության գոտի` ծայրագավառ դարձնելու քաղաքականություն, Արեւելյան գործընկերության ֆորմատը դրա մասին էր: Հայաստանում բուծվող սեփական ազդեցության գործակալների ցանցն էլ, այսպես կոչված՝ քաղհասարակությունը, իշխանությունների վրա ազդելու փափուկ ուժի գործիքն էր: Իրենց թվում էր՝ գործընթացները գնում են իրենց ուզած ուղղությամբ, եւ Հայաստանն էվոլյուցիոն ճանապարհով, քայլ առ քայլ վերածվում է իրենց ազդեցության տարածքի: Ամեն ինչ փոխվեց, երբ 2013 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը միանում է Եվրասիական տնտեսական միությանը: Հենց 2013-ին եվրաբյուրոկրատիան որոշեց էվոլյուցիայից անցնել ռեւոլյուցիայի եւ կազմակերպել գունավոր հեղաշրջում, ինչը եւ կյանքի կոչվեց 2018-ին:
Եվրամիությունը` եվրաբյուրոկրատիան, հիմա տեսնում է, որ Հայաստանի հասարակությունն ըմբոստացել է իր կողմից նշանակված կառավարիչների դեմ եւ ուզում է ազատվել նրանցից, դրա համար է որոշել ամեն գնով պաշտպանել իր դրածոներին: Իրենք Հայաստանը ձեռք բերելու համար միլիոնավոր եւ միլիարդավոր դոլարներ են ծախսել, հիմա 15 միլիոնն ի՞նչ է, որ չծախսեն այդ ներդրումը պաշտպանելու համար: Այնպես որ, իրենք ոչ թե Հայաստանի գործող իշխանությանն են պաշտպանում, այլ իրենց ունեցվածքը` հանձինս Հայաստանի, Հայաստանում կառավարելու իրավունքի:
ՀԳ. Սերժ Սարգսյանի եւ նրա նախորդների կողմից Հայաստանի զարգացման կոնցեպտը շատ պարզ էր. օգտագործել Ռուսաստանի եւ ԵԱՏՄ երկրների էժան էներգետիկ ռեսուրսները, հումքային բազան՝ Հայաստանում դրանց հիման վրա մրցունակ արտադրություն կազմակերպելու եւ այդ նույն երկրների շուկայում պատրաստի արտադրանքն իրացնելու համար, ապահովելով տնտեսական զարգացում եւ կայունություն: Ի՞նչ տնտեսական կոնցեպցիա է ենթադրում Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ. Հայաստանից էժան հումքի` հանքահումքային ռեսուրսերի արտահանում եւ դրա փոխարեն եվրոպական արտադրանքի` ապրանքների ներմուծում, տիպիկ գաղութային տնտեսության կառուցվածք եւ հարաբերություններ: