Հասարակություն

Ո՞նց կարող է ամբողջ դատական համակարգը կամ մեծ մասը կոռումպացված լինել

Ո՞նց կարող է ամբողջ դատական համակարգը կամ մեծ մասը կոռումպացված լինել

Օրերս դատավորների ընդհանուր ժողովը 5 ժամանոց քննարկումից հետո ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ՝ կշտամբելով Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ)։ Հայտարարության մեջ նշված էր, որ «ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, եւ այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»:  Ի դեպ, դատավորների ընդհանուր ժողովի նիստին 230 դատավորից մասնակցել է ընդամենը 165-ը։ ԲԴԽ-ից սրա վերաբերյալ դեռեւս հստակ արձագանք ու դիրքորոշում չի հնչել, թե արդյոք համաձա՞յն են դատավորների գնահատականներին։ Ավելի շատ կարծես խուսափում են հստակ գնահատական տալ այս հայտարարությանը՝ այնպես, ինչպես խուսափեցին հստակ գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների դռներն արգելափակելու վերաբերյալ կոչին։

ԲԴԽ անդամ եւ դատավոր Սերգեյ Չիչոյանն այս առնչությամբ մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը․ «Էդ գնահատականն ընդհանուր ժողովն է տվել, ես որեւէ բան չեմ կարող արձագանքել, պարզապես կուզեի օբյեկտիվ իրավիճակ լիներ, իրենք օբյեկտիվ գնահատական տային, ինչ-որ տեղ իրենք մեր աշխատանքին կարող էին ավելի ճիշտ գնահատական տալ»։ 

Ի դեպ, Չիչոյանը չի մասնակցել այդ ժողովին, ԲԴԽ անդամներից միայն Անի Մխիթարյանն է մասնակցել, մյուսները մասնակցում էին ԲԴԽ անդամներից մեկի մայրիկի հոգեհանգստի արարողությանը։

- Հակասություններ կա՞ն ԲԴԽ-ի ու դատավորների միջեւ։

- Չէ, ես բացարձակ չեմ տեսել հակասություն եւ ես՝ ինքս, իմ դատավոր ընկերների եւ մեր կոլեգաների հետ որեւէ հակասություն չունեմ։ 

- Իսկ կարո՞ղ է Գագիկ Հարությունյանը ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական տվեց, եւ դատավորները նոր որոշեցին, որ ԲԴԽ-ն անգործություն է ցուցաբերում։

- Բացարձակ նման խնդիր ես չեմ տեսնում։ 

- Պարոն Չիչոյան, իշխանությունը որոշել է, որ պետք է վեթթինգ իրականացնի, դատական համակարգը բարեփոխումների է ուզում տանել, Դուք ի՞նչ կարծիքի եք այս ամենի մասին։

- Եթե բարեփոխումներն օրենքի, Սահմանադրության շրջանակներում են, բոլորս էլ ողջունում ենք։ Իհարկե, մենք էլ գտնում ենք, որ որոշակի բարեփոխումներ անհրաժեշտ են դատական համակարգում, բայց ամեն ինչ պետք է կատարվի Սահմանադրության, օրենքի շրջանակներում։

- Այն, որ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դատարանների դռներն արգելափակել, դա, օրինակ, Սահմանադրության եւ օրենքի շրջանակներո՞ւմ էր։

- Դուք մի քիչ արդեն քաղաքական հարց եք տալիս, խնդրում եմ՝ այդ հարցը չուղղեք ինձ։

- Միայն իրավական տեսանկյունից ասեք:

- Ես պատասխանեցի էդ հարցին, Վահե ջան։

- Պարզապես տպավորություն է, որ ԲԴԽ-ն՝ որպես մարմին, ու ԲԴԽ անդամները, առհասարակ, խուսափում են հստակ իրավական գնահատական տալ դրան։ Ի՞նչն է կաշկանդում ձեզ։

- Դա Ձե՞ր տպավորությունն է։ Ես չունեմ նման տպավորություն։ ԲԴԽ-ի եւ ԲԴԽ որեւէ անդամի կաշկանդող խնդիր չկա, ԲԴԽ-ն իր լիազորությունների շրջանակում գործում է, գործում է շատ ակտիվ, աշխատանքները շատ-շատ անում ենք, ապրիլի 9-ից մեր գործունեությունն սկսել ենք ծավալել եւ մեկ տարվա ընթացքում մենք բավականին ծավալուն աշխատանք ենք կատարել։ Միգուցե հնարավոր են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ որոշ թերություններ, եթե մարմինն աշխատում է, հնարավոր են, չէ՞, թերություններ։ Էդ ընթացքում բավականին աշխատանք ենք տարել՝ շատ ծավալուն։ Մեր աշխատանքի որոշ մասը տեսանելի է, որոշ մասը՝ անտեսանելի։ Եվ ես՝ որպես ԲԴԽ անդամ, մեր աշխատանքը գնահատում եմ բավարարից էլ բարձր։

- Այդ դեպքում ինչո՞ւ հրաժարական տվեց Գագիկ Հարությունյանը։

- Հարցը կխնդրեմ իրեն տվեք, ես չեմ կարող պատասխանել։

- Իսկ կարո՞ղ է Հարությունյանի հրաժարականին հետեւի նաեւ ԲԴԽ անդամների հրաժարականը:

- Ես որեւէ մեկի տեղը չեմ կարող պատասխան տալ, չեմ կարծում՝ նման խնդիր լինի։

- Իշխանությունները մտադիր են դատավորների շրջանում վեթթինգ իրականացնել։ Բայց անորոշ է՝ ինչպես են դա անելու, ինչ օրենսդրական փոփոխությամբ։ Դուք ի՞նչ պատկերացում ունեք այս առումով։

- Ես չեմ կարող ասել՝ օրենսդիր մարմինն ինչպիսի փոփոխություններ, ինչպիսի նախագիծ կներկայացնի։ Երբ որ նախագիծը ներկայացվի, կարծում եմ՝ մենք ունենք նաեւ պայմանավորվածություն կառավարության հետ, որ օրենքի նախագծերը նաեւ ուղարկում են ԲԴԽ կամ համապատասխան մարմիններին։ Երբ որ ծանոթանամ նախագծին, նոր հնարավորություն կունենամ կարծիք հայտնելու։ Էս պահին ես չգիտեմ՝  ինչի մասին է, ոնց են անելու։

- Ընդհանրապես, Դուք վեթթինգի պրակտիկային, միջազգային փորձին ծանո՞թ եք՝ ինչպե՞ս է այն իրականացվում, ո՞ր երկրներում, ո՞ր դեպքերում, կամ արդյոք դա լա՞վ բան է, առհասարակ։

- Վեթթինգը լավ բան է, թե վատ բան, թող հանրությունը որոշի։ Եթե հանրությունը գտնում է, որ դատավորը պետք է վեթթինգի ենթարկվի, թող ենթարկվի, դա ի՞նչ խնդիր է։ Բոլորս էլ պատրաստ ենք վեթթինգի, էնպես չի, որ մենք թաքցնելու որեւէ բան ունենք։  Ես իմ մասով կարող եմ ասել՝ արդեն բավականին երկար ժամանակ՝ շուրջ 20 տարի, աշխատում եմ դատավոր, տեսանելի է իմ արած գործունեությունը։ Ու կարծում եմ՝ իմ գործընկերներն էլ նույն վիճակում են։ Էդ օրենքը կընդունվի, խնդիր չեմ տեսնում դրա մեջ, ես մտահոգվելու բացարձակ կարիք չունեմ։

- Ձեր ասած հանրության մի մասը կարծում է, որ դատական համակարգն ամբողջությամբ կոռումպացված է եղել, դատավորները կոռումպացված են եղել, նրանց հայտարարագրերում ներկայացված միլիոններն արդար, ազնիվ ճանապարհով չեն գոյացել, եւ դատավորները պետք է բոլորը փոխվեն։

- Ամեն մեկն իր չափանիշներով է ելույթ ունենում, եւ հանրությունը միակարծիք չի կարող լինել ոչ մի դեպքում։ Ամեն մեկն իր կարծիքն ունի, ամեն մեկը՝ իր դժգոհությունը։ Պատկերացրեք էսպիսի մի բան, ես քաղաքացիական գործերի մասով միայն ասեմ՝ տարեկան Հայաստանի դատական իշխանությունը շուրջ 120 հազար քաղաքացիական գործով վճիռ է կայացնում։ Դուք պատկերացրեք՝ 120 հազար գործից մի կողմը որոշակի առումով դժգոհ է։ Դե, բնականաբար, ինչ-որ մեկը մի բան կարտահայտվի, ինչ-որ մեկը մի բան կխոսի։ Ու ամեն տարի էդ անիվը պտտվում է, ամեն անգամ ինչ-որ մարդկանց խոսակցություններ են լինում։ Իսկ ինչ վերաբերում է դատավորների կոռումպացված լինելուն, երբեմն եղել են դեպքեր, որ հանրությունը տեսել է, որ մեկ-երկուսն ինչ-որ խնդիրներ են ունեցել կոռուպցիայի հետ, բայց, ընդհանուր առմամբ, համաձայն չեմ էդ գնահատականի հետ։

- Այսինքն՝ ընդհանուր առմամբ, դատական համակարգը կոռումպացվա՞ծ չէ, դատավորների մեծ մասը կոռումպացվա՞ծ չեն։

- Ես դրա հետ բացարձակ համաձայն չեմ։ Ո՞նց կարող է ամբողջ դատական համակարգը կամ մեծ մասը կոռումպացված լինի։ Մեր համակարգում էնքան պարկեշտ, էնքան ազնիվ, էնքան խելացի աշխատակիցներ ունենք․․․

- Այդ դեպքում ինչպե՞ս եք գնահատում քաղաքական իշխանության կողմից արշավը դատական համակարգի նկատմամբ։

- Մեր իշխանություններն էլ նույն հանրության մի մասն են կազմում, հնարավոր է, որ մեր իշխանության մեջ էլ լինեն դժգոհ մարդիկ դատական իշխանությունից։ 

- Օրինակ՝ վարչապե՞տը։

- Դե, հիմի, վարչապետի հարցին ո՞նց պատասխանեմ՝ վարչապետը դժգո՞հ է, թե՞ գոհ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image