Եվրախորհրդարանի պատգամավորները Հայաստանի խորհրդարանի պատգամավորներին եւ իշխանության ներկայացուցիչներին բացատրում են, որ այնքան էլ լավ բան չէ, երբ Հայաստանը, շարունակելով մնալ ԵԱՏՄ անդամ, Ռուսաստանի պաշտոնական դաշնակից, անընդհատ շաղակրատում է ԵՄ-ի հետ՝ հայտարարելով, թե պատրաստ է հարս գնալ Եվրամիություն` անդամակցել ԵՄ-ին: Նրանք հստակ ասում են, որ ԵՄ հարս գնալու համար պետք է Հայաստանը նախ ամուսնալուծվի Ռուսաստանից, դուրս գա ԵԱՏՄ-ից եւ խզի դաշնակցային հարաբերություններն այդ կառույցի անդամ երկրների հետ, հետո նոր ԵՄ-ին ամուսնության առաջարկ անի: ԵՄ-ում սկսել են կամաց հասկանալ, որ Հայաստանն իրենց ուղղակի ֆռռացնում է, մի կողմից ուզում է եկամուտ ստանալ պաշտոնական ամուսնությունից` ԵԱՏՄ-ից, բայց նաեւ լեւի փող աշխատել ԵՄ-ի հետ հարաբերությունների` արտամուսնական կապերի հաշվին: Հայաստանի պաշտոնյաները շարունակում են նույն երգը երգել` մեզ հասկացեք, մենք բարդ վիճակում ենք, մեզ համար բացառություն արեք: Ուզում են հայավարի շուստրիություն անել, որը չի անցնում:
Փետրվարի 25-ին Ազգային ժողովում կայացած Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստի ժամանակ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հարցին, թե ԵՄ-ն կարող է հստակ ասել, թե պատրաստ են Հայաստանին ընդունել իրենց շարքերը, Եվրախորհրդարանի մի կին պատգամավոր պատասխանում է. «Մենք չենք կարող խոստանալ, որ կամուսնանանք առանց ժամադրությունների: Այս պահին ենք հիմա գտնվում (նկատի ունի ժամադրությունները): Իհարկե, կարող ենք մեր առաջ նպատակը տեսնել, ցանկանալ, բայց կան շատ բաներ, որոնք կարող են տեղի ունենալ, որոնք անկանխատեսելի են, եւ մենք էլ աշխատանք ունենք անելու: Մեր անդամ պետությունների քաղաքացիները նույնպես ավելի ու ավելի պակաս են աջակցում ԵՄ ընդլայնմանը, ավելի շատ են ուզում կենտրոնանալ իրենց ներսի խնդիրների վրա: Հետեւաբար, աշխատանքը հեշտ չի լինելու, որպեսզի նրանց համոզենք, որ եկեք սկսենք այս գործընթացը, որովհետեւ դա պետք է հաստատեն բոլոր անդամ պետությունները»: Եվրոպացի պատգամավորի ասածն այն է, որ իրենք կարող են Հայաստանի հետ բազմաթիվ ժամադրությունների գնալ, հարաբերություններ ունենալ, բայց «առանց մյուս կողմից խոստում պահանջելու»: Մի խոսքով` մեզնից ամուսնության առաջարկ այս պահին մի սպասեք, հետո էլ որ ձեզ հետ չամուսնանանք` ԵՄ չընդունենք, դրան էլ նորմալ վերաբերվեք, ուրեմն ընթացքում ինչ-որ բան է փոխվել:
Շարունակելով ամուսնության թեման, ԵՄ լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնեւիչիենեն ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին հարցնում է. «Մինչեւ մենք կսկսենք խոսել ԵՄ-ի հետ ապագայի կամ եվրոպական ձգտումների մասին եւ, իհարկե, մենք հասկանում ենք, որ ձեր երկիրը գտնվում է շատ բարդ աշխարհագրական դիրքում, ուզում եմ հարցնել` ո՞րն է ամուսնության ձեր կարգավիճակը: Որովհետեւ տարբեր մարդիկ ասում են` արդյոք դուք պաշտոնական ամուսնության կապերո՞վ եք կապված Եվրասիական միության հետ, ո՞րն է ամուսնության կարգավիճակը Ռուսաստանի հետ, որովհետեւ առանց բաժանման չեք կարող նոր ամուսնություն գրանցել, արդյո՞ք սա սիրո վրա գրանցված ամուսնություն է, թե՞ աշխարհագրության»: Կարծում ենք` լիտվացի պատգամավորի խոսքը մեկնաբանելու կարիք չկա:
ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի պատասխանն այն բանի մասին է, ինչն արդեն վերեւում նշեցինք. պարտադիր չէ, որ մենք Ռուսաստանի հետ չամուսնալուծված լինենք, որ ձեզ հետ եւս հարաբերություններ ունենանք, մենք էնքան շատ տեղ ենք ամուսնացած, որ արդեն հաշիվն էլ ենք կորցրել. «Ամուսնության հարցը շատ է բարձրացվել, բայց կարծում եմ` մեր մոտեցումը պետք է պրագմատիկ լինի այս դժվար աշխարհում, որպեսզի մեր ազգային շահը կարողանանք պաշտպանել: Իհարկե, մենք տարբեր երկրների հետ ենք ամուսնացած, մեր բարեկամ երկրների հետ, եւ տարբեր տեսակի հարաբերություններ կան պատմականորեն, մենք շարունակում ենք լինել ԵԱՏՄ անդամ պետություն` դուք տեսնում եք տնտեսական եւ առեւտրային թվերը, սակայն մենք դիվերսիֆիկացնում ենք մեր տնտեսությունը, մենք հասկանում ենք, որ ամենամոտ բարեկամից կախված լինելը լավ չէ»: Այսպիսով Պարույր Հովհաննիսյանը, որը թերեւս ներկայացնում է Հայաստանի պաշտոնական տեսակետը գոնե արտաքին հարաբերությունների մասով, Եվրախորհրդարանի պատգամավորին ասում է, որ Ռուսաստանն է մեր ամենամոտ բարեկամը, ուղղակի մենք չենք ուզում նրանից շատ կախվածություն ունենալ եւ ուզում ենք նաեւ ձեզ հետ բարեկամություն անել, քանի որ մենք պրագմատիկ ենք, ապրում ենք դժվար աշխարհում:
Հետո Պարույր Հովհաննիսյանն ընկնում է պատմության խորխորատները եւ ուզում է եվրոպացի պատգամավորին բացատրել, որ պետք չէ առանձնապես զարմանալ մեր՝ նման անհետեւողական վարքագծի վրա, մենք միշտ ենք այդպիսին եղել, կարելի է ասել՝ մեր ազգի ծննդյան օրվանից: «Պատմական առումով մենք փորձել ենք պահել հաշվեկշիռը` ամենասկզբից Ալեքսանդր Մեծն էր, հետո կար Պարսից կայսրությունը, հետո կար Հռոմեական կայսրությունը, հետո՝ Օսմանյան կայսրությունը, Ռուսական կայսրությունը, այս ամենը գոյատեւման քաղաքականության մասին էր, եւ մենք միշտ փորձել ենք ամենալավ տարբերակները գտնել»: Նախ, Պարույր Հովհաննիսյանին ասենք, որ սկզբում Ալեքսանդր Մեծը չէր, հետո՝ Պարսից կայսրությունը, այլ՝ ճիշտ հակառակը, ինչ վերաբերում է ամենալավ տարբերակը գտնելու մասին նրա պնդումներին, ապա մենք չենք գտել այդ կայսրություններին հօգուտ մեր լավագույն շահերի, այլ տարբեր կայսրություններ են եկել եւ նվաճել մեր երկիրը: Նույնն էլ իրականում հիմա է. մենք չենք որոշում՝ լինենք Ռուսաստանի ստեղծած ԵԱՏՄ-ի՞ անդամ, թե՞ ԵՄ-ի, եթե Ռուսաստանը թույլ լինի եւ չկարողանա մեզ պահել, ԵՄ-ն մեզ կտանի, եւ պարտադիր չէ, որ անպայման դա լինի անդամակցության տեսքով, ուղղակի կպահի իր ազդեցության տիրույթում:
ՀԳ. Ճակատագրի ինչպիսի հեգնանք. նույն օրը, երբ ՀՀ ԱԺ-ում ընթանում էր Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զանգահարում է ՌԴ ԴԺ նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ նրան հրավիրում Հայաստան: Ըստ ռուսական կողմի` «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»: Դե հիմա թող եվրոպացի պատգամավորները ոչ թե Պարույր Հովհաննիսյանին կամ որեւէ հայ պաշտոնյայի, այլ իրենք իրենց հարց տան ու պատասխանեն՝ Հայաստանի գործող իշխանություններն ուզո՞ւմ են ամուսնալուծվել Ռուսաստանից, թե՞ ուղղակի ուզում են մեկ-մեկ գալ ԵՄ եւ մի քիչ էլ իրենց հետ լավ ժամանակ անցկացնել: