Ուսումնասիրելով Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի համայնքապետարանի պաշտոնական էջը, տեղեկացանք, որ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանի որդին՝ Երեմ Գրիգորյանը, հոր վարորդն է եղել, իսկ Լեւիկ Գրիգորյանի հորեղբոր տղան՝ Սամվել Գրիգորյանը, համայնքի ղեկավարի տեղակալը:
Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Էդվարդ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Լեւիկ Գրիգորյանի որդին վարորդ է աշխատել 2017թ.-ին, հիմա չի աշխատում, հաստիքացուցակում էլ կրճատումներ են եղել. «Տվյալները, որ դուք տեսնում եք, երեւի շատ հին են, այդ ուղղությամբ կաշխատենք: Ունեցել ենք 17 հաստիք, կրճատել ենք վարորդի, համայնքի ղեկավարի տեղակալի, անասնաբույժի, քարտուղարուհու եւ այլ հաստիքներ: Հիմա ունենք 10 հաստիք»:
Փաստորեն, Երեմ Գրիգորյանը բանակ զորակոչվելու փոխարեն համայնքապետարանում վարորդ է աշխատել, որից հետո մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
«Ձեր տղան Ձեր վարո՞րդն է եղել»,- հարց ուղղեցինք Լեւիկ Գրիգորյանին: «Ես հիմա վարորդ չունեմ, գոյություն չունի, դա ո՞ր թիվն եք նայում, արդեն 3 տարուց ավելի չունեմ վարորդ»:
-2017թ․-ին Ձեր տղան 19 տարեկան է եղել, ծառայե՞լ է Հայոց բանակում:
-Ո՛չ,դեռ սովորում է գյուղակադեմիայում:
-Մեզ ասացին, որ Ձեր տղան Ռուսաստանի Դաշնությունում է:
-Կարող եք ճշտել, տղաս հեռակա սովորում է, երբ դասերի չի լինում, 2-3 ամսով դուրս ա գալիս Հայաստանից:
Նշենք, որ Լեւիկ Գրիգորյանը Ռաֆիկ Գրիգորյանի եղբայրն է, ով 2003-2012 թթ. ընտրվել է ԱԺ պատգամավոր, 2012-17թթ.-ին ղեկավարում էր Գեղարքունիքի մարզը: 2019 թ. դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին, հեռացել քաղաքականությունից։