Հարցազրույց

«Հրապարակ». Մենք ստեղծում ենք «Բոլորին դեմ եմ» կուսակցություն, որ մասնակցենք ընտրություններին

«Հրապարակ». Մենք ստեղծում ենք «Բոլորին դեմ եմ» կուսակցություն, որ մասնակցենք ընտրություններին

Փետրվարի 1-ին կհիմնադրվի տարօրինակ անունով մի կուսակցություն` «Բոլորին դեմ եմ»։ Նախաձեռնության հեղինակները մի խումբ երիտասարդներ են: Նրանցից մեկը` Իշխան Գեւորգյանը, կարճ ձեւակերպեց իրենց նպատակը՝ մեր ուզածը 100 օրվա մանդատ է։

«Կուսակցությունը հիմնադրվում է այն նպատակով, որ մասնակցի 2026-ի ընտրություններին եւ 100 օրվա ընթացքում երեք փոփոխություն կատարելուց հետո անցկացնի նոր ընտրություններ»,- ասաց նա եւ նշեց, որ առաջարկվող երեք փոփոխություններից մեկը վերաբերում է «դեմ եմ բոլորին» ընտրական քվեաթերթիկի վերականգնմանը, երկրորդը՝ կայուն մեծամասնության չեղարկմանը, իսկ երրորդը՝ ընտրական շեմի իջեցմանը։ «Հրապարակը» զրուցել է «Բոլորին դեմ եմ» նախաձեռնության անդամ, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի հետ:

- «Բոլորին դեմ եմ» անվանումը, ըստ էության, որոշակի շփոթություն է առաջացրել: Համացանցում որոշ օգտատերեր գրել էին, որ «Բոլորին դեմ եմ» նախաձեռնությանը միանալով, ըստ էության, մերժում են անխտիր բոլորին, ընտրությունների գաղափարին են դեմ արտահայտվում: Սակայն, իրականում, խոսքը նման անվանումով կուսակցության մասին է, որը մասնակցելու է ընտրություններին: Այսինքն, դուք ուզում եք բավարար քանակով ձայներ հավաքել, անցողիկ շեմը հաղթահարել եւ անցնել Ազգային ժողով: Բայց շատերը կարող են նաեւ մոլորության մեջ ընկնել: Ի դեպ, 90-ականների ընտրությունների քվեաթերթիկներում կար այդ տողը՝ «Բոլորին դեմ եմ», բայց հետո հանվեց դա: Սակայն այդ տողն այն մարդկանց համար էր, ովքեր չգիտեն՝ ում ձայն տան, բոլորին դեմ են, ըստ էության` մերժում են ընտրությունը եւ բոլորին։ Այժմ իրավիճակը լրիվ այլ է: Քվեարկելով «Բոլորին դեմ եմ»-ին՝ ընտրում են կոնկրետ ուժի:

- Քաղաքականության մեջ որեւիցե բան չի կարող շփոթմունք առաջացնել, հատկապես եթե այդ մասին խոսակցություններ են գնում: «Բոլորին դեմ եմ»-ը բոյկոտի կոչ չէ, հակառակը` ակտիվ մասնակցության, որպեսզի վարչական ռեսուրսով եւ այլ եղանակներով բերվող ձայները բարձր մասնակցության մեջ ունենան փոքր կշիռ, եւ ոչ ոք չկարողանա, իր ունեցած ռեսուրսներից օգտվելով, դառնալ թագավոր եւ միանձնյա իշխել Հայաստանը: Մենք ստեղծում ենք «Բոլորին դեմ եմ» ինքնալուծարվող կուսակցությունը, քանի որ առանց կուսակցության հնարավոր չէ ընտրություններին մասնակցել եւ բան փոխել: Հաջողության հասնելու դեպքում ստեղծելու ենք 100-օրյա կառավարություն, կկազմակերպենք նոր արտահերթ ընտրություններ, ինչից հետո կուսակցությունը կլուծարվի: Արդյունքում կստացվի, որ իշխող թիմը չի կարողանա պետական ռեսուրսներն օգտագործել իր վերարտադրման համար, եւ տեղի կունենա հավասար մրցապայքար` նոր կանոններով: Հայաստանում վերջապես մեկ անգամ կարող է տեղի ունենալ ընտրություն` առանց վարչական ռեսուրսի ու կողմնակալ մոտեցումների: Մեր առաջարկը սա է:

- Այսինքն` Փաշինյանին հնարավորություն եք տալու մասնակցել ընտրություններին, սակայն մեկ տարբերությամբ` առանց վարչական ռեսուրսի:

- Նիկոլ Փաշինյանը չի կազմակերպի այդ ընտրությունը, սակայն որեւէ կուսակցության առաջ արգելքներ դնելու ծրագրեր չունենք` ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր, միակ կուսակցությունը, որը չի մասնակցելու այդ արտահերթ ընտրություններին, «Բոլորին դեմ եմ»-ն է:

- Այսինքն` պայքարը նորից ընդդիմության եւ իշխանության միջե՞ւ է լինելու:

- Գուցե նաեւ նոր ուժեր, ովքեր, նոր փոփոխություններից ոգեւորված, կարող են մասնակցել նոր ընտրություններին: Պետք է շեմն իջեցնել մեկ տոկոս, որպեսզի գաղափարների համար նոր դաշտ բացվի: Պետք է լայն դաշտ ստեղծել, իրար հետ համագործակցելու, կոալիցիաներ կազմելու: Երկիրը պետք է տանել քաղաքացիների մեծամասնության պատկերացումների ուղղությամբ, այլ ոչ թե մեկին՝ 20-22 տոկոս աջակցություն ունեցող, ամեն անգամ ընտրել, ով իր հերթին կսպառնա, ասելով՝ կա՛մ համակերպվում եք, կա՛մ նոր հեղափոխություն իրականացնում:

- Հնարավո՞ր է իշխանություններն իրենց ձեռքի խամաճիկը դարձած ԿԸՀ-ի միջոցով կարողանան այնպես անել, որ ընտրություններին «Բոլորին դեմ եմ»-ը չմասնակցի, մերժեն գրանցումը, որովհետեւ անվանումը փոքր-ինչ կարող է խնդրահարույց լինել:

- Օրենքում չկա ոչ մի դրույթ, որն իշխանություններին թույլ կտա արգելել կուսակցությունը: «Կուսակցությունների մասին» օրենքում չկա որեւէ խնդիր, այլ հարց է, որ եթե սոցիոլոգիան նրանց հուշի, որ մենք կարող ենք մասնակցության թիվը մեծացնել, ինչի արդյունքում Նիկոլի վարչական ռեսուրսների կշիռը կարող է ընկնել, դեռ մի բան էլ իրենց ձայն տվող քաղաքացիների մի մասն էլ մեզ կարող է միանալ, այդ պարագայում կարող են զոռբայաբար չգրանցել կուսակցությունը…..

- Օնլայն հարթակ է ձեւավորվել` «Բոլորին դեմ եմ», երեկվա դրությամբ 200-ից ավելի մարդ էր միացել նախաձեռնությանը: Ինչի՞ համար է այն:

- Այսօր արդեն 300-ից ավելի մարդ է միացել: Օնլայն հարթակը մի քանի նպատակով է ստեղծվել: Նախ, ցանկանում ենք համայնք ստեղծել, որը կքննարկի: Հարթակը նաեւ այն բանի համար է, որ համախոհ-համահիմնադիրներ գտնենք, որպեսզի ստեղծվի լուծարվող կուսակցությունը, ինչպես նաեւ՝ այդ հարթակը նրա համար է, որ մարդիկ կարողանան մեզ աջակցել: Համակարգի դեմ դուրս գալով՝ միամտություն կլինի կարծել, թե մենք կարող ենք աջակցություն ստանալ որեւէ ուժի կողմից: Մեզ ոչ ոք չի օգնելու:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image