Քաղաքականություն

Ո՞ւմ հետ է հանդիպել Մասուդ Փեզեշքիանը Չինաստանում

Ո՞ւմ հետ է հանդիպել Մասուդ Փեզեշքիանը Չինաստանում

Չինաստանի Թյենծին քաղաքում ընթանում էր Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը, որին մասնակցում էին Չինաստանի, ՌԴ-ի, Հնդկաստանի, Պակիստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի և այլ երկրների ղեկավարներ:

Սակայն, առանձնահատուկ կարևոր էր Իրանի մասնակցությունը: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաժողովում առաջարկով է հանդես եկել՝ այլընտրանքային փոխարժեք ստեղծելու մասին, որը թույլ կտա խուսափել պատժամիջոցների վնասներից եւ շրջանառությունից դուրս մղել ամերիկյան դոլարը:

Սակայն, մեզ համար շատ ավելի հետաքրքիր են Փեզեշքիանի հանդիպումները կոնկրետ երկրների առաջնորդների հետ: Իրանի նախագահն առանձին հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին։ Չինաստանի առաջնորդը հայտարարել է, որ միշտ կարևորել են Իրանի հետ հարաբերությունների զարգացումը:

«Չինաստանը գնահատում է Իրանի բազմիցս վերահաստատված հանձնառությունը՝ չմշակել միջուկային զենք, հարգում է նրա իրավունքը խաղաղ նպատակներով օգտագործել միջուկային էներգիան և աջակցում է Իրանին իր ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային արժանապատվությունը պաշտպանելու, ինչպես նաև քաղաքական բանակցությունների միջոցով իր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու հարցում»,- Ցզինպինի խոսքերը փոխանցում է english.news.cn կայքը:

Փեզեշքիանն իր հերթին հաստատել է, որ պատրաստ է խորացնել համագործակցությունը Չինաստանի հետ` ՇՀԿ-ի շրջանակներում, ինչպես նաև համատեղ դիմակայել ուժային քաղաքականությանն ու պաշտպանել խաղաղությունն ու կայունությունը Մերձավոր Արևելքում: Փեզեքշյանը շեշտում է նաև Իրանի համար ցավոտ երևույթը՝ երկկողմանի ստանդարտները միջուկային խնդրի պարագայում:

Ապա Իրանի և Թուրքիայի նախագահներ Մասուդ Փեզեշքիանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի ժամանակ մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի և խաղաղության գործընթացի վերաբերյալ: Այս մասին էլ տեղեկանում ենք Tasnim լրատվական գործակալությունից։

Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։ Նա ընդգծել է, որ Թեհրանը դեմ է Կովկասում ցանկացած օտարերկրյա ռազմական ներկայության՝ այն համարելով սպառնալիք խաղաղությանը։

Փեզեշքիանը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պուտինն իր խոսքում նշել է Իրանի հետ հարաբերությունների խորացման հետևանքով գրանցված առևտրաշրջանառության աճող թվերի մասին, ինչպես նաև կարևոր է համարել հումանիտար համագործակցությանը:

Պուտինը շեշտել է նաև, որ իրանցի գործընկերների հետ մշտական կապի մեջ են նաև միջուկային ծրագրի շուրջ զարգացումների ֆոնին: Փեզեշքիանն էլ կարևորել է Իրանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, և շեշտել, որ իր անձնական վերահսկողության տակ է վերցրել իրանա-ռուսական համագործակցությունը հնարավորինս անխոչընդոտ կազմակերպելու համար:

ՇՀԿ-ում իր ելույթի ժամանակ Փեզեշքիանը հայտարարել է, ո Իրանը պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակները ու համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image