Քաղաքականություն

«Հրապարակ». Մայր Աթոռից հետո թիրախում կհայտնվեն եզդիները, ասորիներն ու ռուս մոլոկանները

«Հրապարակ». Մայր Աթոռից հետո թիրախում կհայտնվեն եզդիները, ասորիներն ու ռուս մոլոկանները

Չի բացառվում, որ հետագայում դարձյալ փաստաթղթեր հրապարակվեն որեւէ այլ եպիսկոպոսի, քահանայի մասով, եւ հայտարարվի, որ նրանք 1986 թ., 1970 թ. ԿԳԲ-ի գործակալ են: «Հրապարակի» հետ զրույցում իր տեսակետն է հայտնում վրաստանաբնակ հայ գործիչ, բժիշկ Գուրգեն Մխիթարյանը: «Սկզբում մեղադրում էին կաթողիկոսին, որ զավակ ունի։ Դա բավական չեղավ, հետո մեղադրեցին ուրիշ հարցերում: Թբիլիսիի հայկական եկեղեցու բակում էի կանգնած, մարդիկ պատմում էին հայկական լրատվամիջոցներից մեկով ինչ-որ մեկի պատմածը, թե իբր 200 միլիոն դոլար է տվել Վեհափառը, որ գնդակահարեն Վազգեն Սարգսյանին խորհրդարանում․ հոկտեմբերի 27-ի դեպքերը նկատի ունեն: Նման ստահոդ լուրեր են տարածում, ու ոչ ոք դրա համար չի պատժվում: Հրապարակված կամ հետագայում հրապարակվելիք փաստաթղթերը վստահություն չեն ներշնչում, մեր հայ ազգի ամբողջ դժբախտությունն այն է, որ ստախոսության ու խոսքի ազատության միջեւ դրվում է հավասարության նշան: Եվ հիմար ամբոխը միշտ էլ հավատում է սկանդալային թեմաներին, բայց ռեալ ոչ ոք չի ուզում լսածի շուրջ մտածել, վերլուծել»,- ասաց Մխիթարյանը:

Ըստ նրա՝ Վրաստանի հայ համայնքում էլ կան հայ աղանդավորներ, որոնք գալիս են եկեղեցու բակ ու, Վեհափառի հետ կապված, հայերի շրջանում այդպիսի ստահոդ լուրեր են տարածում, սակայն հիմնական դերակատարները Եհովայի վկաներն ու «Կյանքի խոսք» կազմակերպության ներկայացուցիչներն են: Անդրադառնալով Մայր Աթոռի վրա դեկտեմբերի 18-ի ասպատակությանն ու հետագա գործողություններին՝ նա նշում է, որ 2018 թվականի «հեղափոխությունը» դեռ չի ավարտվել, ու այս ասպատակությունն էլ դրա ապացույցն է: «Այսօր կատարվողն այդ «հեղափոխության» տրամաբանական շարունակությունն է: Ես ուղիղ հեռարձակմամբ հետեւում էի ու տեսա, որ տասը եպիսկոպոսների առաջնորդությամբ այնտեղ գնացած մարդիկ ծամոն էին ծամում, երկու ձեռքի միջնամատն էին ցույց տալիս, հարբած մարդիկ երեւացին: Գիտեք, շատ վատ է, որ նման կեղտոտ խավին իրավունք են տալիս ինչ-որ հարց որոշել, դա շատ վատ է: Իսկ հետագա զարգացումների մասով, Աստված տա, որ սխալվեմ: Մինչ այս արշավի սկիզբը շատ էր խոսվում Պապ թագավորի ժամանակաշրջանի մասին, դա հենց այնպես չեն խոսել՝ ինձ թվում է: Եվ եթե այս իշխանություններն իրենց համեմատել են Պապ թագավորի հետ, ապա Վեհարանում կկատարվի այն, ինչ որ կատարվեց Ներսես Մեծ կաթողիկոսի հետ: Մինիմում՝ կգնան կալանավորման, մաքսիմում՝ գուցեեւ վատ վախճան լինի, քանի որ նրանք հիշատակել են Պապ թագավորին: Իսկ Փավստոս Բուզանդից մենք գիտենք, թե Ներսես կաթողիկոսի վախճանն ինչպես է եղել: Աստված տա՝ ես սխալվեմ»,- շեշտում է վրացահայ գործիչը:

Ցանկացած պոպուլիստական հայտարարություն մեծ արձագանք է գտնում հասարակ ժողովրդի մոտ՝ կարծում է մեր հայրենակիցն ու հավելում, որ հարցեր առաջանում են միայն փոքրամասնության մոտ, որն այսօր պատանդի կարգավիճակում է մեծամասնության ձեռքին: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ Լենինի ժամանակ, նույնն էր կատարվում, հարձակում եկեղեցիների վրա եւ այլն: «Հայաստանում հիմա կարելի է լրիվ նեոբոլշեւիկյան ժամանակաշրջան համարել, որովհետեւ հենց եկեղեցու դեմ է այս շարժումը կատարվում: Ինձ մոտ հարց է առաջանում․ մի՞թե մարդիկ չեն հասկանում՝ ում է սա ձեռնտու: Ես Վեհափառին անձամբ չեմ ճանաչում, ինձ համար հիմք չեն տարածվող լուրերը, ես ունեմ անձնական կարծիք, բայց մի ծաղկով էլ գարուն չի գալիս»,- ասաց Մխիթարյանը: Վրաստանի հայ համայնքի ակտիվ անդամները, ըստ զրուցակցիս, չունեն սեփական կայուն տեսակետ, մե՛կ կարող են իր տեսակետը կիսել, մե՛կ` ճիշտ հակառակ տեսակետ:

Անդրադառնալով Մայր Աթոռի վրա հարձակմանը՝ նա նշում է, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին աշխարհի ամենամաքուր եկեղեցին է, հատկապես երբ համեմատական ես տանում այլ եկեղեցիների հետ՝ Հռոմի կաթոլիկ, հունադավան եւ այլն, ու ինքը չի կարողանում հասկանալ, թե ինչու են խայտառակում մեր եկեղեցուն, չէ՞ որ ամբողջ աշխարհն է հետեւում տեղի ունեցողին: «2018 թվականի այդ «հեղափոխությունն» իր տված վնասներով երեւի միայն հայերի դեմ ցեղասպանության տված վնասներին է զիջում, մյուս բոլոր աղետներն ու ողբերգությունները մեզ այդքան չեն վնասել, որքան դա: 11 միլիոն հայության երեխաներ այսօր մնում են անհայրենիք, անկրոն, անկնունք, մի հատ թափառական ցեղ ենք դառնում մենք»,- ասաց Մխիթարյանը:

Սակայն եկեղեցու դեմ այս պատերազմը չի բավարարվելու միայն Մայր Աթոռի դեմ գրոհով կամ զավթմամբ, ինչպես դա ծրագրում են անել իշխանությունները, դա շարունակություն է ունենալու՝ համոզված է վրացահայ գործիչը: «Քանի որ հայոց եկեղեցին՝ Էջմիածինը, ճանաչված է նախաքաղկեդոնական ուղղափառ եկեղեցիների կողմից որպես գլխավոր, դա ասորի Հակոբիկ եկեղեցին է, ղպտիների ուղղափառ եկեղեցին է, եթե չեմ սխալվում՝ նաեւ հնդիկ Մալաբար եկեղեցին, եւ դրանք՝ բոլորը, մերձավորարեւելյան եկեղեցիներ են: Հասցնելով հարված Մայր Աթոռին, նրանք գլխատում են նախաքաղկեդոնական եկեղեցիներին եւս, եւ դա աշխարհաքաղաքական կենտրոնների շահերից է բխում: Եթե Մայր Աթոռը, Աստված մի արասցե, պարտվի, ապա հաջորդը կլինեն եզդիները, կթիրախավորվեն եզդիական համայնքի շեյխերը եւ Հայաստանում բնակվող ասորի Հակոբիկ եկեղեցու հետեւորդները, հետո արդեն հերթը կհասնի ռուս մոլոկաններին: Թվարկածս ազգային եւ կրոնական փոքրամասնությունները Հայաստանի ավանդական եւ ավանդապաշտ համայնքներն են: Աշխարհաքաղաքական կենտրոններին, գուցե Վատիկանին եւս, ձեռնտու է Հայաստանյայց առաքելական եկեղեցու քանդումը»,- եզրափակեց Գուրգեն Մխիթարյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image