Ավելորդ քաշն ու ճարպակալումն այժմ մարդկության մեծագույն խնդիրներից են, քանի որ զգալիորեն բարձրացնում են մի շարք վտանգավոր հիվանդությունների, այդ թվում նաև սրտանոթային համակարգի հիվանդությունների և քաղցկեղի զարգացման հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ բժիշկները հորդորում են օր առաջ լուծել այս խնդիրն ու կարգի բերել կազմվածքը:
Մարզիչներն ու սննդաբանները մշակել են տարատեսակ դիետաներ ու մարզումներ, որոնք օգնում են պայքարել ավելորդ քաշի դեմ, սակայն հաճախ դրանք բացասաբար են անդրադառնում օրգանիզմի վրա կամ պարզապես անարդյունավետ են լինում: Կան նաև շատ արդյունավետ դիետաներ, սակայն դրանց օգնությամբ ցանկալի արդյունքին հասնելու համար բավական մեծ կամքի ուժ և ժամանակ է հարմավոր, մինչդեռ լինում են դեպքեր, երբ հարկավոր է լինում ազատվել ավելորդ կիլոգրամներից հնարավորինս կարճ ժամանակահատվածում:
Նման դեպքերում օգնության են հասնում կարճատև «էքսպրես»դիետաները, որոնք ընդամենը մի քանի օրում կօգնեն ազատվել զգալի ավելորդ քաշից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ դիետաներից ամենաարդյունավետները:
Էստոնական դիետա
Էստոնական դիատան մի շարք մոնոդիետաներից կազմված 7-օրյա սննդակարգ է, որի բոլոր կանոններին հետևելու դեպքում կարելի է հեշտությամբ ազատվել մինչև 5 կգ ավելորդ քաշից: Ցանկալի արդյունքին հասնելու համար այս դիետայի ընթացքում հարկավոր է խուսափել սոուսներից, համեմունքներից, շաքարից, աղից, թեյից ու սուրճից, իսկ օրվա ընթացքում խմել առնվազն 1,5 լիտր մաքուր չգազավորված ջուր:
Սննդակարգը.
1-ին օրը՝ 6 հատ խաշած հավկիթ,
2-րդ օրը՝ 1 կգ անյուղ կաթնաշոռ,
3-րդ օրը՝ 300 գրամ խաշած կամ շոգեխաշած հավի կրծքամիս,
4-րդ օրը՝ խաշած բրինձ (100 գրամ բրինձը խաշել 1 լիտր ջրում),
5-րդ օրը՝ 6 հատ կարտոֆիլ՝ պատրաստված ջեռոցում առանց կեղևազրկելու,
6-րդ օրը՝ 1 կգ խնձոր,
7-րդ օրը՝ 1,5 լիտր կեֆիր:
Հավկիթով դիետա
Այս դիետան համարվում է ամենաարդյունավետ «էքսպրես» դիետաներից մեկը, քանի որ թույլ է տալիս ընդամենը մեկ շաբաթում ազատվել 5-10 կգ ավելորդ քաշից (արդյունքը կախված կլինի նախնական քաշից ու նյութափոխանակության արագությունից): Նման արդյունքը պայմանավորված է վիտամին H-ի (բիոտին) ազդեցությամբ, որն արագացնում է ածխաջրային ու ճարպային փոխանակությունը, ինչպես նաև կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:
Հավկիթով դիետան շատ արդյունավետ է, սակայն ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է սննդակարգի ընթացքում հրաժարվել շաքարից, աղից, սոուսներից և այլ հավելումներից, ինչպես նաև հացից, գազավորված ըմպելիքներից ու հյութերից: Բացի այդ, հարկավոր է հիշել օրական առնվազն 1,5 լիտր մաքուր ջուր խմելու անհրաժեշտության մասին, ինչը կօգնի խուսափել օրգանիզմի ջրազրկումից:
Սննդակարգը.
Առաջին օրը.
Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ, սուրճ (առանց շաքարի ու կաթի):
Ճաշին՝ 2 հատ հավկիթ, լոլիկ, բուսական թեյ:
Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ, ճակնդեղով, գազարով ու կարտոֆիլով աղցան (վինեգրետ առանց յուղի), թուրինջ, թեյ:
Երկրորդ օրը.
Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ, սուրճ (առանց շաքարի ու կաթի):
Ճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ:
Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ կամ 150 գրամ անյուղ խաշած միս, մի բաժին կանաչ աղցան:
Երրորդ օրը.
Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ, սուրճ (առանց շաքարի ու կաթի):
Ճաշին՝ 2 հատ հավկիթ, մի բաժին սպանախ և թեյ:
Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ, ճակնդեղով, գազարով ու կարտոֆիլով աղցան (վինեգրետ առանց յուղի), 100 գրամ կաթնաշոռ, բուսական թեյ:
Չորրորդ օրը.
Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ, սև սուրճ (առանց շաքարի ու կաթի):
Ճաշին՝ 2 հատ հավկիթ, մի բաժին սպանախ և սև սուրճ առանց հավելումների:
Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ կամ 150 գրամ ծովի ձուկ, ճակնդեղով, գազարով ու կարտոֆիլով աղցան (վինեգրետ առանց յուղի), թեյ:
Հինգերորդ օրը.
Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ, սև սուրճ (առանց շաքարի):
Ճաշին՝ 2 հատ հավկիթ, մի բաժին սպանախ և սև սուրճ:
Ընթրիքին՝ 150 գրամ ծովի ձուկ, կաղամբով աղցան, սև սուրճ կամ թեյ (առանց հավելումների):
Վեցերորդ օրը.
Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ, սև սուրճ (առանց շաքարի):
Ճաշին՝ մրգային աղցան (ներառել մրգեր ըստ ճաշակի):
Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ կամ 150 գրամ անյուղ խաշած միս, լոլիկով, վարունգով ու նեխուրով աղցան, բուսական թեյ:
Յոթերորդ օրը.
Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ, սև սուրճ (առանց շաքարի):
Ճաշին՝ 2 հատ հավկիթ կամ խաշած սառը հավի միս, լոլիկ և թուրինջ:
Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ կամ 150 գրամ խաշած սառը հավի միս, կաղամբով, գազարով ու լոլիկով աղցան, սև սուրճ (առանց շաքարի):
Այս կարճատև, սակայն արդյունավետ դիետաները կօգնեն հեշտությամբ կարգի բերել կազմվածքն ու ազատվել մի քանի կիլոգրամ ավելորդ քաշից ընդամենը մեկ շաբաթում, սակայն հարկ է հիշել, որ ստացված արդյունքը պահպանելը կարող է շատ ավելի դժվար լինել: Բանն այն է, որ նման «էքսպրես-դիետաները» թույլ են տալիս նիհարել շատ կարճ ժամանակահատվածում, սակայն կորցրած քաշը շատ արագ կվերականգնվի անկանոն սնվելու, անառողջ ու բարձր կալորիականություն ունեցող մթերք օգտագործելու և նստակյաց կենսակերպ վարելու դեպքում: