Հասարակություն

Ո՞ր պրոցեդուրան կոսմետոլոգի մոտ ոչ մի դեպքում չանել

Ո՞ր պրոցեդուրան կոսմետոլոգի մոտ ոչ մի դեպքում չանել

«Վերջին շրջանում մեզ շատ են դիմում բժշկական մասնագիտացում չունեցող, սակայն տարատեսակ կոսմետիկ պրոցեդուրաներ անցկացնող մարդկանց պատճառով մաշկային խնդիրներ ունեցող հիվանդներ»,- մեզ հետ զրույցում ասաց մաշկաբան Կարեն Խուդաբախշյանը։ Նախօրեին բժիշկ-մաշկաբանը հայտարարություն էր տարածել եւ կոչ էր արել պայքարել բժշկական մասնագիտություն չունեցող, սակայն էսթետիկ եւ կոսմետոլոգիական միջամտություններ իրականացնող մարդկանց դեմ։

«Այսօր հիվանդն ինձ դիմել է ակնեի խնդրով, եւ անամնեզը կազմելուց հետո պարզել ենք, որ ակնեի խնդիրն էլ ավելի է խորացել ու սրվել, որովհետեւ կոսմետոլոգն իր այցելուին նշանակել է եռակոմպոնենտ պրեպարատ, որն ունի բարձր հորմոնային կոմպոնենտ, օրական երկու անգամ օգտագործելու համար, ինչի հետեւանքով էլ սրվել է խնդիրը։ Իմ կոլեգաներն էլ են պարբերաբար նման խնդիրների բախվում։ Այս շարժման նպատակն այն է, որ մենք պայքարենք մեր բուժառուների որակյալ բժշկական սպասարկման համար»,- ասաց Խուդաբախշյանը։

Մաշկաբանը նկատում է, որ շատերը սխալմամբ կարծում են, թե իր կոչի նպատակն ինչ-որ անձանց կամ բուժհաստատություններ թիրախավորելն է, այնինչ նպատակը հիվանդների առողջության պահպանումն է։ Ինքը փորձել է հասկանալ, թե նման ծառայություններ առաջարկողները արդյոք գտնվո՞ւմ են պետական վերահսկողության տակ, ու պարզել է, որ տարեկան մի քանի անգամ ստուգումներ են լինում, սակայն դա բավարար չէ: Հաճախ դեպքեր են հանդիպում, երբ մասնագետը սխալ տեղում ներարկելով բուտոլոտոքսին, հիվանդի մոտ առաջացրել է պտոզ, օրինակ՝ հոնքային հատվածի խիստ իջեցում, ու հիվանդն այդ վիճակով ստիպված է եղել մնալ 5-6 ամիս, քանի որ որեւէ բժշկական միջամտությամբ դա ավելի վաղ շտկել հնարավոր չէ։

«Բժիշկ դառնալու համար դու պետք է ավարտես բուժական գործ, ընդունվես կլինիկական օրդինատուրա, ավարտես, առողջապահության նախարարության կողմից ստանաս համապատասխան բուժլիցենզավորում եւ իրավունք ունենաս բուժական գործունեություն ծավալելու։ Մարդիկ, չանցնելով այդ փուլերը, տեսնում են ինչ-որ մի գովազդ՝ երկու-երեքշաբաթյա կուրսերով, որտեղ մի բժիշկ սովորեցնում է էսթետիկ միջամտություններ, չի պահանջում համապատասխան բժշկական կրթությունն ապացուցող փաստաթուղթ, մարդիկ, խաբեությանը տրվելով, դիմում են այդ մասնագետներին, ինչի հետեւանքով ունենում ենք այսպիսի իրավիճակ»,- ասաց մաշկաբանը։ Մարդիկ սովորաբար նախապատվությունը տալիս են չլիցենզավորված կոսմետոլոգների ծառայություններին` համեմատաբար ցածր գների պատճառով, սակայն հետագայում կարող են խնդիրների առաջ կանգնել։ Եղել են դեպքեր, երբ նման կոսմետոլոգները մաշկային խնդիրներ բուժելու համար լուրջ եւ ծանր դեղամիջոցներ են նշանակել։ «Իրենց իրավունք են վերապահում ինչ-որ մաշկային բուժումներ նշանակել, նշանակում են պրեպարատներ, որոնք նույնիսկ մենք ենք վախենում միանգամից նշանակել, ծանրութեթեւ ենք անում նշանակելուց առաջ` այնպիսի բարձր հորմոնալ պրեպարատներ, որոնք ցուցված են ավելի բարդ խնդիրների ժամանակ, բայց իրենք իրենց իրավունք են վերապահում նշանակել այդպիսի պրեպարատներ»,- ասաց մաշկաբանը։

Խուդաբախշյանի հրապարակային կոչից հետո պատկան մարմիններից կապ են հաստատել իր հետ եւ վստահեցրել, որ վերահսկողություն կա, իսկ հունվար ամսից վերահսկողությունն ավելի կուժեղանա։ «Ես ոչ մի բան չունեմ կոսմետոլոգների դեմ․ ամեն մի նոզոլոգիա, ամեն մի հիվանդություն պահանջում է յուրահատուկ մոտեցում, եւ այդ մոտեցումը պետք է տրվի նեղ մասնագետի կողմից։ Եթե մեքենայի մարտկոցը փչացել է, կամ շարժիչի խնդիր կա, մենք չենք տանում կոշկակարանոց, ասում՝ կարո՞ղ եք լուծել։ Նույնն էլ՝ մաշկի հետ կապված․ եթե ունեք մաշկի հետ կապված խնդիր, դիմեք միայն ու միայն մաշկաբանին, մաշկային խնդիրներով զբաղվում է միայն մաշկաբանը, ոչ թե կոսմետոլոգը։ Կոսմետոլոգը կարող է բժշկի կողմից նշանակված պրոցեդուրաները կատարել, բայց ոչ բուժել մաշկային խնդիրները»,- ասաց Խուդաբախշյանը։

Ինչ վերաբերում է բուն մաշկաբանությանը, ապա Հայաստանում ամենատարածված մաշկային խնդիրներից են ակնեն, ռոզացեան, սեբորային մաշկաբորբը, պսորիազը եւ այլն, իսկ դրանց առաջացման պատճառներն անհատական են։ Բժիշկ-մաշկաբանը խնդրում է՝ ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ կամ տնային բուժմամբ չզբաղվել, որովհետեւ հաճախ դրանք եղած մաշկային խնդիրներն էլ ավելի են խորացնում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image