ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ համայնքի նախկին ղեկավարի որդուն ավելի վաղ առաջադրված մեղադրանքը փոփոխելու վերաբերյալ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու և ՀՀ ոստիկանության գույքը դիտավորությամբ վնասելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամանակը դատարանի կողմից երկարացվել է:
«Հավելենք, որ քրեական գործով հնարավոր քաղաքացիական հայցը և դատական ծախսերն ապահովելու նպատակով համայնքի նախկին ղեկավարի որդուն պատկանող գույքի վրա կալանք դնելու հարցը լուծելու համար ստուգվել է նրա անվամբ հաշվառված անշարժ և շարժական գույքի առկայությունը, ինչի արդյունքում պարզվել է, որ գործով 33-ամյա մեղադրյալի անվամբ, Երևան քաղաքում, Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում, սեփականության իրավունքով հաշվառված է 36 անշարժ գույք, ինչպես նաև` 2 տրանսպորտային միջոց. հիշյալ տեղեկատվությունը փոխանցվել է Արարատի մարզի դատախազություն»:
Հիշեցնենք, որ Ուրցաձորի նախկին համայնքապետի որդու հետ կապված միջադեպը տեղի է ունեցել 2022թ. հունվարի 15-ին: Երբ Գարիկ Սարգսյանին իշխանությունը գործուղեց Վեդի՝ խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնին, վերջինս օրենքի տառը ոտնահարելով համայնքի գործող ղեկավարներին պաշտոնանկ անելու որոշում ստորագրեց, եւ նոր՝ յուրային թեկնածուներ նշանակեց: Պաշտոնանկ եղած ընդդիմադիր համայնքապետերի թվում էր նաեւ Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, որը փորձեց չհնազանդվել կոկորդիլոսագետի ապօրինի հրամանին եւ հրապարակային հայտարարում էր, թե չի հանձնի համայնքապետարանի կնիքն ու բանալին, քանի Գարիկ Սարգսյանն անձամբ իրեն չի հայտնել ապօրինի որոշման մասին: Սակայն վերջինս Անդրեասյանի տան վրա ուղարկեց ոստիկաններին: Անդրեասյանին ինքնիրավչություն շինծու մեղադրանքով բերման ենթարկելու ժամանակ, վերջինիս որդու եւ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանների միջեւ էլ տեղի էր ունեցել միջադեպը: Չնայած Անդրեասյանը հայտնեց, որ որդին փորձել է ինքնապաշտպանվել, քանի որ ոստիկանները
ծեծի էին ենթարկել ոչ միայն նրան, այլեւ ընկերոջը, որն այդ պահին որդու հետ էր եղել, սակայն Անդրեասյանի որդուն մեղադրանք առաջադրեցին իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր արարք կատարելու մեղադրանքով եւ հունվարի 17-ին կալանավորեցին: Իիսկ հիմա մեղադրանքը խստացվել է եւ ոչ վտանգավորը դարձել է վտանգավոր:
Նշենք, որ Անդրեասյանի պաշտպանները այս ընթացքում քանիցս միջնորդություն են ներկայացրել կալանքի միջոցը փոխելու վերաբերյալ, սակայն մերժվել: Իշխանության բարձր օղակներում որոշում ունեն Ռռաֆիկ Անդրեասյանի որդուն Վեդիում մարտի 27-ին սպասվող ընտրություններից առաջ ազատ չարձակել, ուստի կարելի է ասել տրամաբանական է, որ կալանքը երկարացնելու համար պետք է նոր մեղադրանք առաջադրվեր:
Հիշեցնենք, որ Վեդիում պայքարի են դուրս եկել ՔՊ-ն՝ ի դեմս Գարիկ Սարգսյանի եւ Հհզոր համայնք կուսակցությունը, որի հիմնադիրներից մեկն էլ Ռաֆիկ Անդրեասյանն է: