Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ հունվարի 27-ը, որը հանդիսանում է Բանակի օրվա նախատոնը, սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Նման գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը: Նա առաջինն էր, ով բացահայտել էր, որ հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է: Որպես այդպիսին վերջինս սահմանվել է 2005 թվականին ՄԱԿ-ի կողմից: 1945 թվականի այդ օրը խորհրդային զորքերի կողմից ազատագրվեց լեհական Օսվենցիմ (գերմաներեն՝ Աուշվից) քաղաքի մոտ կառուցված նացիստական համակենտրոնացման ճամբարների համալիրը: Այդ համակենտրոնացման ճամբարում սպանվել է 1,1 միլոն մարդ, որից շուրջ 1 միլիոնը՝ հրեաներ:
Իր ֆեյսբուքյան էջում Էդգար Ղազարյանն նշում է բազմաթիվ օրեր, որոնցից որևէ մեկը կարող էր սահմանվել որպես հիշատակի օր: Սակայն ընտրվել է հայությանը ոչինչ չասող հենց այդ օրը: Կարծում եմ, որ այս հարցում ևս առկա է գործող իշխանությանը, իմը՝ Նիկոլին, բնորոշ մոտեցում: Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը որևէ ձևով չպետք է հիշեցներ ոչ առաջին՝ հաղթական և ոչ էլ հատկապես երկրորդ՝ խայտառակ պարտությամբ ավարտված պատերազմը: Այն չպետք է հիշեցներ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական ավելի մանր ագրեսիաների օրերից ոչ մեկը: Որովհետև եթե Փաշինյանի վարչապետությամբ Հայաստանը պատրաստ է մուրալով խաղաղություն աղերսելուն՝ փակելով Ղարաբաղյան շարժման էջը, ապա ոչինչ չպետք է հիշեցնի այն ամենը, ինչ տեղի է ունեցել շարժման հետ կապված:
Իսկ երկրորդ՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի պահը հիանալի հնարավորություն է «նոր» Հայաստանի «մեծարգո» վարչապետի համար քծնելու հրեաներին: Հատկապես որ նրանց թիկունքին ԱՄՆ նախագահ Թրամփն է: Ում ինքը ձեռքով բարևել է, հետը լուսանկարվել ու նույնիսկ մասնակցել է ամերիկյան ավանդական՝ նախաճաշի աղոթքի միջոցառմանը: Ինչ մնում է Հայաստանի բնական դաշնակից Իրանին, ապա ԱՄՆ-ի նախագահ Թրամփի նման անհատական դաշնակից ունենալու պարագայում Իրանի կողմը նայելն ի՞նչ իմաստ ունի: Այս պատմության մեջ առկա է մի փոքրիկ, շատ փոքրիկ նրբերանգ: Օսվենցիմ (Աուշվից) անվանումը կրող համալիրն ազատագրվել է խորհրդային բանակի կողմից: Եվ եթե հունվարի 27-ն ինչ-որ կերպ առնչվեր Արցախյան ազատամարտի կամ ադրբեջանական ագրեսիայի այլ թվականների հետ, ապա միաժամանակ այդ երկու հանգամանքները բավարար էին, որպեսզի «մեծարգոյին» գցեին տվայտանքների մեջ: Հատկապես որ հիանալի առիթ կլիներ նրա խմբակի անդամներին «մեղադրելու» ԿաԳեԲե-ի գործակալներ լինելու մեջ:
Ինչ մնում է լեգիտիմությունը վաղուց կորցրած իշխանության՝ տվյալ հարցում ներկայացված հիմնավորումներին, ապա դրանք չարժեն նույնիսկ դպրոցական մակարդակում հիշվելուն: Մեզ մնում է, որ հունիսի 8-ին կայանալիք իշխանափոխությունից հետո հսկայական վերափոխումների շրջանակում փոխել նաև Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը՝ համապատասխանեցնելով այն մեր ազգային ոգուն ու մեր ազգային պատմությանը:
ՀԳ. Ինչ մնում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ օրվա ուղերձին, ապա որոշեցի ոչ միայն չանդրադառնալ դրան, այլև նույնիսկ չլսել կամ չընթերցել այն: Չգիտեմ այն գրվել է, թե ընթերցվել է նրա կողմից: