Քաղաքականություն

Կոնկրետ պահանջն ու ընդհանրական բնույթի առավելությունը

Կոնկրետ պահանջն ու ընդհանրական բնույթի առավելությունը

Որպես ՀՀ գիտակից քաղաքացի՝ այս երկու օրը ես փորձում եմ հասկանալ, թե ինչ բնույթ ունի խաղաղություն կոչվածը: Այն խաղաղությունը, որ արդեն եկել է, ու ես էլ արդեն ապրում եմ այդ խաղաղության մեջ: Որովհետեւ իմ «հայրենիք-պետության» վարչապետը հայտարարել է, որ օգոստոսի 8-ից մենք այլեւս ապրում ենք խաղաղության մեջ, ինչը, բնականաբար, պետք է նշանակեր, որ դրա նախորդ օրը՝ ամսի 7-ին, մենք դեռեւս գտնվել ենք պատերազմական իրավիճակում: Սակայն եթե այս օրերին որեւէ լրագրող փողոցում հարցում աներ, թե ինչ տարբերություն եք զգացել օգոստոսի 7-ի եւ 9-ի միջեւ, վստահ չեմ, թե հարցվողներից որեւէ մեկը կկարողանար հստակ պատասխան տալ դրան: Հիշեցնեմ, որ կես տարի առաջ մենք ստացանք տարբերությունը տեսնելու չափանիշը: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի սազանդարները 2023 թ. համեմատությամբ 2024-ը համարում էին համարյա թե խաղաղության տարի, քանի որ շատ ավելի քիչ սահմանային կրակոցներ են հնչել: Այդ առումով, որքան էլ դա պոպուլիստական հնչեր (կրակոցների պատճառով արմատուրայի արտադրամասի կառուցումը տեղափոխվեց մեկ այլ վայր՝ սահմանից հեռու), ավելի առարկայական էր ու, ըստ այդմ, հասկանալի, քան շարքային քաղաքացու համար օգոստոսի 7-ի եւ 9-ի միջեւ տարբերություն գտնելը:

Իհարկե, ասվածը չի նշանակում, թե ընդհանրապես տարբերություն չի կարող դիտարկել նաեւ հայտարարության հեղինակը: Ի տարբերություն շարքային քաղաքացիների՝ նրա համար որեւէ իրադարձության առարկայական կամ իրական լինելու չափանիշն իր սեփական՝ վիրտուալ իրականության հետ դրա համապատասխանելն է: Ըստ այդմ, Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը համապատասխանում է «իրական Հայաստանին», ուրեմն մեր տարածաշրջանում էլ հաստատվել է խաղաղություն: Մնացածն արդեն կարեւոր չէ, իսկ մնացածը, հիշեցնեմ, 5 կետից բաղկացած հռչակագրի կենսագործման խնդիրն է: Այսինքն, երբ եւ ինչպես է կենսագործվելու այն: Մի ժամանակ, երբ դա իրեն անհրաժեշտ էր, ինքն անընդհատ շեշտում էր նրբությունների դերը: Բայց տվյալ դեպքի առումով դա ոչ միայն էական չէ, այլեւ նույնիսկ վտանգավոր է: Վտանգն առկա է թե՛ «իրական Հայաստանի» եւ թե՛ իր հետագա պաշտոնավարման առումով: Որովհետեւ համաձայնագրի կենսագործման ընթացքում կարող են բացահայտվել այնպիսի նրբություններ, որոնք կարող են տակնուվրա անել իր երկնած վիրտուալ կառույցը:

Այդպիսի նրբություններից է, օրինակ, վաշինգտոնյան եռակողմ հռչակագրի 3-րդ կետի վերջին հատվածը. «Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։ Որում առկա է երկու՝ միմյանց հետ որեւէ առնչություն չունեցող պնդում: Առաջինը Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի միջեւ Հայաստանի տարածքով, այսպես կոչված, անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու՝ խիստ կոնկրետ ու առարկայական պահանջն է: Երկրորդ մասում վկայակոչվում են ոչ առարկայական բնույթի, ընդհանրական ինչ-որ առավելություններ: Ու խիստ հարցական է, թե ինչպես է ընկալվելու այդ՝ առավելություն կոչվածը, հատկապես որ տարընթերցումների դեպքում հաղթանակում է ոչ թե արդարությունը կամ տրամաբանությունը, այլ Իլհամի կողմից առաջ քաշվող պահանջը: Դա մենք տեսել ենք բազմիցս, ու չեմ կարծում, թե այլեւս չենք տեսնելու: Եթե, իհարկե, 2026-ի ԱԺ ընտրությունների արդյունքում վարչապետի պաշտոնում մնա «մեծարգո վարչապետ պարոն Փաշինյանը»: Ինչ վերաբերում է խնդիրներ առաջանալու դեպքում Սպիտակ տուն զանգելուն, ապա դրանք կծագեն մի քանի տարի անց, իսկ 2028-ից հետո չեմ կարծում, թե այդ հարցում կարող է որեւէ դերակատարում ունենալ ԱՄՆ 47-րդ նախագահը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image