Քաղաքականություն

Յոժն ու Նիկոլը

Յոժն ու Նիկոլը

Նախկիններին քննադատող ու Նիկոլին գովերգող, կոմիկ դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժը) օրերս ֆեյսբուքյան զարմանալի գրառում է կատարել: Իմաստն այն է, որ գործող իշխանությունը կառավարելու շնորհք չունի ու ի վերջո պետք է հեռանա: Բայց որքան հիշում եմ, ժողովուրդը Նիկոլին վարչապետ էր կարգում ոչ այն պատճառով, որ նախկինները չէին կարողանում լավ կառավարել: Ընդհակառակը, 2016-2017թվականներին և 2018-ի սկզբին Հայաստանն ունեցել է իր լավագույն վարչապետներից մեկին՝ Կարեն Կարապետյանին:

Ինչը բազմիցս արձանագրելել եմ նաև ես՝ լինելով նախկիններին ընդդիմադիր: Այնպես որ, Նիկոլին վարչապետ կարգելու խնդիրն այդ հարցը լուծելուն չէր միտված: Իրական հարցը նախկինում գոյություն ունեցած «բեսպրեդելի» ու անարդարության մթնոլորտն էր, որ բազմաթիվ հայաստանցիների հանեց փողոց: Պետք է խոստովանել, որ այդ առումով գերազանց աշխատեց նաև արևմտյան դրամաշնորհներով սնվող քաղհասարակությունը: Ու Նիկոլն էլ, բնականաբար, օգտվեց այդ ամենից: Իսկ Նիկոլի խնդիրն, առնվազն իմ պատկերացմամբ, մթնոլորտ փոխելն էր՝ չխաթարելով կառավարման մակարդակը:

Սակայն ինձ ու ինձ նմաններին լսող, բնականաբար, չկար, ու 2018-2020 թվականներին արդեն պարզ երևաց, որ «դուխով» Նիկոլն ու իր շրջապատը կիլոմետրերով հեռու են կառավարման կարողություններին տիրապետելուց: Արդյունքում գոնե տարրական գրագիտություն ունեցող մարդը պետք է գիտակցեր, որ Նիկոլի ղեկավարած կառավարությունն ամենաապաշնորհն էր, որ երբևիցե ունեցել էր անկախ Հայաստանը:

Բայց այդ ժամանակ դեռևս շատերն էին վստահում իրենց երբեմնի կուռքին: Ու քննադատողներին զսպում էին թևավոր դարձած՝ «Թողե՛ք, թող աշխատեն» արտահայտությամբ: Բայց եթե մենք թողել էինք, թշնամին, դժբախտաբար, չթողեց: Ու երբ ծագեց պատերազմը՝ այդ հարցում էլ երևաց վերջինիս՝ որպես գլխավոր հրամանատարի, բացարձակ ապաշնորհությունը: Իհարկե, բավական հիմնավոր է կասկածը, որ խայտառակ պարտությունը պլանավորվել էր նախօրոք: Դրա վկայությունն ազգությամբ հրեա ռուսախոս բլոգեր Լապշինի ու լրագրող Նաիրի Հոխիկյանի միջև կայացած՝ մեծ զոհերի արդյունքում առաջանալիք հանրային շոկի մասին խոսակցությունն էր: Սակայն, որն էլ դրանցից լինի ճշմարիտը՝ երկուսն էլ ունեն գոյության իրավունք:

Այնպես որ, Նիկոլի խնդիրը զուտ մթնոլորտն առողջացնելն էր՝ հնարավորինս ձեռք չտալով կառավարմանը: Դա, իհարկե, միամտություն էր, բայց միամտություն չէ՞ր Նիկոլին վարչապետ կարգելն ընդհանրապես: Ինչևէ, մեր միամտությունը դաժան պատժվեց, ու ոչ միայն ունեցանք մարդկային ու տարածքային կորուստներ, այլև զրոյացվեց հայոց պետության կառավարման մակարդակը: Իսկ նախկինում գոյություն ունեցող անարդարությունների կծիկը վերածվեց խոսքային թավշյա փաթեթավորմամբ ոստիկանական բռնապետության:

Բայց որպեսզի այնպես չստացվի, թե միայն հայերն էին միամիտը, թվարկեմ մեզ նման ժողովուրդներին. Թունիսի և հատկապես Լիբիայի, նաև Սիրիայի ու Եգիպտոսի արաբներ, վրացիներ, ուկրաինացիներ, մոլդովացիներ, մեր օրերում՝ սերբեր (Սերբիայի Հանրապետության) և այլն: Այս թվարկման մեջ պետք է լինեին նաև ռուսներն ու բելառուսները, բայց դրանց հաջողվեց խուսափել «գունավոր» մղձավանջից, բնականաբար, իրենց ղեկավարության շնորհիվ:

Չեմ կարող չասել, որ ժամանակ կար, որ քննադատում էի ավտոմատ հրացանով Լուկաշենկոյին, այսօր ընդունում եմ դրա խիստ անհրաժեշտությունը:

Ինչ մնում է մեր երկրում անարդարությունների կծիկին, ապա մեր օրերում նշված երևույթի առանձնահատուկ օրինակը վստահաբար Թորոսյան Արսենի հետ պատահածն է: Ով, որպես առողջապահության նախարար, ըստ մամուլի հաղորդումների, քովիդի համավարակի ամիսներին խնդիրներ ուներ օրենսդրության հետ: Բայց քանի որ նվիրյալ տեսակից էր՝ բայց ոչ թե հայրենիքին, այլ «մեծարգո վարչապետին», ընդամենը, որպես պատիժ, ունեցավ պաշտոնի իջեցում՝ դառնալով շարքային պատգամավոր:

Այնուհետև վերը նշված անձի նկատմամբ վերջինիս նվիրվածությունը պարգևատրվեց, ու ինքը դարձավ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ: Իսկ մոտ օրերս էլ, երբ ազատվեց ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, կրկին նշանակվեց նախարար: Իսկ մի ժամանակ մամուլը հայտնում էր, որ Նիկոլը խոստացել էր նրան այլևս չնշանակել գործադիր պաշտոնի: Բայց, ինչպես երևում է, այնուամենայնիվ, գնահատվել է նվիրվածությունը: Չնայած գրագետ մարդիկ դա անվանում են ստրկամտություն:

Այդ առումով կա նաև մեկ այլ, սակայն տվյալ դեպքում՝ զավեշտական օրինակը: Այս անգամ սկզբում կարծես թե գնահատվում էր ոչ թե անձամբ «մեծարգո վարչապետին», այլ նրա նկարին նվիրվածությունը: Հետո առաջացան ինչ-ինչ խնդիրներ, ու գնահատվելն անհետացավ շուրջ 10 ամիս, հետո այն կրկին հայտնվեց: Ու Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնից «sms»-ով պաշտոնանկ արված Անդրեասյան Կարենը նշանակվեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ: Ասում են, որ ինքը, որպես իրավաբան, չկա այդ ոլորտում, բայց դա կարևոր էլ չէ:

Երբ ՀՀ գործող իշխանությունը խնդիրներ ունենա միջազգային ատյաններում, ինքը պետական գումարներով արտերկրյա փաստաբանական գրասենյակներ կվարձի, ու նրանք օտարներին պետական բյուջեից գումարներ հատկացնելով՝ Հայաստանը կպաշտպանեն ՀՀ քաղաքացիներից: Ճիշտ այնպես, ինչպես հիմա ՀԷՑ ՓԲԸ-ի դեպքում է: ՀՀ քաղաքացիների պահը շեշտադրելն անհրաժեշտ է, քանի որ Ադրբեջանի հետ, ըստ նախաստորագրված համաձայնագրի, այլևս խնդիրներ չպետք է մնան նախկինից ու ծագեն նորերը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image