«Ատում եմ նրանց, ովքեր առանց հոգնելու՝ անդադար ասում են, թե մենք փոքր ժողովուրդ ենք։ Նման միտքն անընդհատ կրկնելուց, նույնիսկ մեծ ժողովուրդը կարող է վերածվել փոքրի, փոքրանալ։ Թերագնահատումն էլ մերժելի է, ինչպես՝ գերագնահատումը։ Դրա փոխարեն պետք է անընդհատ աճել։ Հակառակ դեպքում՝ վերջն է լինելու։ Հակառակ դեպքում՝ մահն անխուսափելի գալու է»,- մի առիթով ասել է հայազգի ֆրանսիացի գրող, սցենարիստ եւ կինոռեժիսոր Անրի Վերնոյը (15 հոկտեմբերի 1920 — 11 հունվարի 2002)։ Եղել է Պատվո լեգեոնի ասպետ, արժանացել «Սեզարի», նաեւ՝ Մայր Աթոռի՝ «Ս․ Գրիգոր Լուսավորիչ» 1-ին աստիճանի ու այլ բազմաթիվ շքանշանների ու պատվո կոչումների։ Վերնոյը հանդիսանում է ֆրանսիական քրեական մարտաֆիլմի ժանրի ստեղծողը։
Նաեւ վարպետն է կատակերգական եւ արկածային կինոնկարների։ Իրականում սակայն նա՝ Աշոտ Մալաքյանը մասնագիտությամբ եղել է ինժեներ։ 40-ական թվականների վերջին աշխատել է որպես լրագրող, ապա սկսել նկարահանել կինոնկարներ։ 1948 թվականին սկսում է կարճամետրաժ կինոնկարների նկարահանումը, հետո արդեն անցնում լիամետրաժի։ Առաջին լիամետրաժ կինոնկարը, որը նկարահանում է Վերնոյը՝ «Սեղան հանգուցյալների համար» ժապավենն էր, որը նկարահանվել է 1951 թվականին՝ ըստ ֆրանսիացի արձակագիր եւ դրամատուրգ Մարսել Էմեի ստեղծագործության։ Այն միանգամից ռեժիսորին բերում է մեծ ճանաչում։ Աշոտ Մալաքյանը վերցնում է ֆրանսիական անուն, որպես ստեղծագործական կեղծանուն եւ դառնում Անրի Վերնոյ։ 1954 թվականին, նրա նկարահանած «Հնգոտանի ոչխարը» կամ «Այդքան տարբեր ճակատագրեր» կինոնկարը, որը թվով վեցերորդն էր, արժանանում է «Ոսկե լեոպարդ» մրցանակի՝ Լոկարնոյի կինոփառատոնում։ 56 թվականին՝ «լավագույն խաղարկային ֆիլմի սցենար» անվակարգում առաջադրվում է «Օսկարի»։
Համագործակցել է Ժան Կոկտոյի եւ Ժակ Անեումի հետ։ 60-70-ական թվականներին Վերնոյի ստեղծագործական կյանքը հասնում է ծաղկման։ Նա հայտնվում է ֆրանսիական կինոյի 20-րդ դարի երկրորդ կեսի դասականների հետ նույն հարթակի վրա, ինչպիսիք են՝ Ժան Ռենուարը, Ռենե Քլերը, Ֆրանսուա Տրյուֆոն, Մարսել Կարնեն, Քրիստան Ժակը։ Հատկապես հայտնի են դարձել նրա հետեւյալ կինոնկարները՝ «Կապիկը ձմռանը», «Մեղեդի՝ ներքնահարկից», «Սիցիլիական կլանը», «Օձը», «Քաղաքի վրա տարածված վախը», «Իմ թշնամու դիակը»։ Կարելի է ասել, որ Վերնոյն է բացահայտել Ալեն Դելոնին եւ Ժան Պոլ Բելմոնդոյին՝ որպես ֆրանսիական դետեկտիվ կինոյի աստղեր։ Համագործակցել է այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են՝ Ալեն Դելոնն ու Ժան Գաբենը, Ֆերնանդելը, Իվ Մոնտանան, Կլաուդիա Կարդինալեն, Օմար Շարիֆը եւ այլք։ Ընդհանուր առմամբ՝ նկարահանվել է վեց տասնյակի հասնող կինոնկարներ։