Առաջիկայում էկրան կբարձրանա ռուսական նոր պատմական սերիալ՝ «Իշխան Անդրեյ» խորագրով։ Համաձայն ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումների, սերիալը համարվում է ռուսալեզու հանրության շրջանում ամենասպասված կինոնախագծերից մեկը։ Շատերը կարծում են, որ այն մեծ արձագանք կունենա հասարակության շրջանում՝ շնորհիվ իր մի քանի հանգուցային ասպեկտների, ինչպիսիք են սլավոնական էսթետիկան, դերասանական կազմը՝ Սերգեյ Բեզռուկովի գլխավորությամբ, թեեւ նա չէ գլխավոր հերոսին մարմնավորողը, ճակատամարտերի էպիկական տեսարանների առկայությունն ու ռուսական բնաշխարհի հիասքանչ տեսարանների առկայությունը։ Սերիալը հանդիսատեսին տեղափոխելու է հեռավոր 12-րդ դար՝ Հին Ռուսիայի ժամանակներ։
Անդրեյ Բոգոլյուբսկին վերադառնում է Բյուզանդիայից։ Նրա հայրը՝ Յուրի Դոլգոռուկին, չի ցանկանում կորցնել իշխանությունը եւ հաշտվել այն բանի հետ, որ իշխանություններից մեկն անկախ է գործել։ Նա ուղարկում է որդուն Սուզդալ՝ կառավարելու այդ իշխանությունը, որտեղ երիտասարդ իշխանը պլանավորում է Ռուսիայի համար ստեղծել նոր կենտրոն։ Սակայն մտածածը կյանքի կոչելը, պարզվում է, անքան էլ դյուրին գործ չէ։ Սերիալում մենք կտեսնենք հոր ու որդու դիմակայությունը` որպես հին որ նոր կարգերի դիմակայություն, բոյարների հեղհեղուկ դիրքորոշումը, ովքեր կարող են ցանկացած պահի գահընկեց անել ժողովրդի կողմից սիրված իշխանին։ Պալատական ինտրիգներ, քաղաքական վայրիվերումներ, նաեւ՝ սիրային գիծ՝ իշխան Անդրեյի ու նրա առաջին կնոջ՝ Ուլիտայի միջեւ։ Սա սերիալը դարձնում է ավելի նրբազգաց, քան զուտ պատմական վավերագրությունն է։