Հասարակություն

Ղուկասյաններն այնքան աղքատ էին, որ աչք էին դրել 96 հզր դրամ զիբիլի վրա. փաստաբան

Ղուկասյաններն այնքան աղքատ էին, որ աչք էին դրել 96 հզր դրամ զիբիլի վրա. փաստաբան

Գյումրուքաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, որի նկատմամբ  այս պահին երկամսյա տնային կալանք է կիրառվում, այսօր հրավիրված էին Երևան՝ Հակակոռուպցիոն դատարան։ Հարկ է նշել, որ այսօրվա դատական գործը որևէ առնչություն չուներ օրեր առաջ Սպարտակ Ղուկասյանին ձերբակալելու եւ կալանավորման որոշում կայացնելու հետ։ Hraparak.am-ի հետ զրույցում Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասաց, որ այսօր հայր եւ որդի Ղուկասյանները հակակոռուպցիոն դատարանում էին դեռ 2016 թ-ին Վարդան Ղուկասյանի նկատմամբ  հարուցած քրեական գործի շրջանակներում, որի դրվագներից մեկով էլ անցնում է որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սպարտակ Ղուկասյանին նոր մեղադրանք առաջադրվեց․ ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4 –րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։

Փաստաբան Արամայիս Հայրապետյանը հարուցված քրեական գործը համարում է քաղաքական պատվեր։ «Անգամ տնային կալանք տալու որևէ իրավական հիմք չկար։ Երբ ծանոթանում ես գործին, ուղղակի ծիծաղելի է․ քաղաքապետարանը ճանապարհի մի հատված քանդել է՝ վերանորոգելու համար, այդ քանդած, փշրված բուլիժնիկները՝ որպես աղբ,  տարել-լցրել են Ղուկասյաններին պատկանող  մի հողամասում։ Հիմա ասում են՝ Սպարտակն է հարկադրել, որ տանեն լցնեն էնտեղ, ու հաշվարկ են արել մոտ 24մ քառակուսի տարածքի չափով, եւ քմ-ն արժե 4 հզր դրամ,  24 անգամ 4 են արել , ստացել 96 հազար։ Ղուկասյաններն այնքան աղքատ էին, որ աչք էին դրել 96 հզր դրամ զիբիլի վրա։ Նշեմ, որ դա էլ ապրիլին է եղել։ Հիմա են հիշել էդ մասին, որովհետև սրբազանի դատին էր գնացել »,-hraparak.am -ին ասաց փաստաբանը՝ նշելով, որ իր համար դատարանի որոշումն սպասելի էր, իսկ  հետագա զարգացումների հետ կապված ոչինչ չի բացառում, կանխատեսումներ անել չի կարող, քանի որ, իր խոսքով՝ այս իշխանության գործելաոճից ամեն ինչ սպասելի է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image