Քաղաքականություն

Ինչո՞վ է Նիկոլ Փաշինյանը զայրացրել Էմանուել Մակրոնին

Ինչո՞վ է Նիկոլ Փաշինյանը զայրացրել Էմանուել Մակրոնին

Օրերս մենք հրապարակում ունեինք՝ ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Թորոսյանի գրառման հիման վրա: Ըստ նրա՝ հունիսի 1-ին Քիշնեւում կայացած հնգակողմ հանդիպումից անմիջապես հետո Էմանուել Մակրոնը հենց օդանավից վրդովված զանգահարել է ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին եւ ասել, որ այլեւս չի պատրաստվում նման հանդիպումների մասնակցել, քանզի միայն ինքն է շահագրգռված Արցախի եւ արցախցու ապագայով, իսկ մյուսների մոտ (Շոլց, Միշել, Ալիեւ, Նիկոլ) գրեթե նույն մոտեցումն է՝ առ այն, որ Արցախն Ադրբեջանի անբաժանելի մասն է: Այս առնչությամբ «Հրապարակի» հարցմանը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը կարճ պատասխանել էր. «Թույլ տվեք չմեկնաբանել...»: 

Ֆրանսիայում լույս տեսնող ArmActu լրատվականն ավելի հանգամանորեն է ներկայացնում, թե ինչ է տեղի ունեցել, ինչն է այդպես զայրացրել Մակրոնին. «Տեղեկություններն առ այն, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո հեռախոսային կապ է հաստատել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի հետ, համապատասխանում են իրականությանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միակն է, ով պաշտպանել է հայկական շահերը Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ Նախագահ Շառլ Միշելն անցել է Ադրբեջանի կողմը։ Իսկ Փաշինյանն իրեն դրսեւորել է շատ ինքնամփոփ, շատ հետ քաշված եւ շատ թույլ։ 

Իր նախագահական ինքնաթիռ նստելուց անմիջապես հետո Մուրադ Փափազյանը զանգ ստացավ։ Մակրոնը մեծապես դժգոհեց այն ձեւից, թե ինչպես անցավ գագաթնաժողովը։ Նա փաստացիորեն միակը եղավ, ով գագաթնաժողովում պաշտպանեց հայկական շահերը։ Արցախահայության շահերի միակ պաշտպանը լինելը նախագահ Մակրոնին դրեց շատ անհարմար դրության մեջ»։ 

ՀԳ․ Տարբեր երկրների, գերտերությունների ղեկավարներին՝ Մակրոնին, Բայդենին, Պուտինին եւ այլոց մեղադրելուց առաջ պետք է գիտակցենք, որ նրանցից չի կարելի պահանջել Հայաստանին ավելի նվիրյալ լինել, ավելի հայ լինել, քան Հայաստանի այսօրվա իշխանությունն է: Եթե ՀՀ վարչապետը հրապարակավ, առանց հաշվի առնելու ՀՀ եւ Արցախի քաղաքացիների շահերը, ինքնագլուխ հայտարարում է, որ Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում եւ Արցախի ինքնիշխանությունը պաշտպանելու համար որեւէ խոսք չի ասում, որեւէ քայլ չի անում, ապա մյուսներից այլ ակնկալիքներ չպետք է ունենանք եւ չպետք է մեղադրենք Հայաստանին մենակ թողնելու եւ լավ դաշնակից չլինելու մեջ: Մանավանդ որ պարզվում է՝ գոնե ի դեմս Ֆրանսիայի նախագահի, մենք շատ լավ բարեկամ ու դաշնակից ունենք։ Ավելի լավ բարեկամ, քան այսօր ՀՀ իշխանության գլխին կանգնած վարչապետն է, ով այժմ անթաքույց պաշտպանում է թուրք-ադրբեջանական շահերը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image