Հայտնի է, որ Ֆուտբոլի Հայաստանի նախկին ավագ, իտալական գրանդի՝ «Ինտերի» կիսապաշտպան, հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդ Հենրիխ Մխիթարյանն անցնող մրցաշրջանում ևս հռչակվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Կաշվե գնդակի հայ վարպետի բազմահազար երկրպագուների համար սա, անշուշտ, ցնծության ու հպարտության հերթական առիթն էր:
Մարդ, ով Հայաստանն ու հայկական ֆուտբոլը լավագույնս է հանրահռչակել աշխարհում: Թերևս միլիոնների խաղի հայ ներկայացուցիչներից ամենալավը: Տիտղոսները, փառքն ու հանրաճանաչությունը վկայում են դրա մասին:
Այս օրերին ակտիվորեն լուսաբանվեց նաև, որ Հենոն հրաժարվել է օրվա իշխանություններից ընդունել իրեն շնորհված պետական մրցանակը, ավելի՛ն, նա նույնիսկ ներկայացուցիչ չի ուղարկել պարգևը ստանալու համար:
Մեկնաբանություններն ու համընդհանուր գնահատականն այս էր՝ Մխիթարյանը փաստացի նույն ֆուտբոլային լեզվով ասած հաղթական «գոլ խփեց» փաշինյանական՝ առանց այն էլ պարտված թիմի դարպասը:
Հայտնի և իր հետ ամենևին կապ չունեցող հանգամանքների բերումով ազգային ընտրանուց 2 տարի առաջ հեռացած Մխիթարյանի այդ գոլը ոչ թե անձնական ու ընտանեկան «ազարտով» և նույնիսկ «մարզական չարությամբ» էր պայմանավորված, այլ իր չափնուկշիռը, հարգնուպատիվը, արժանապատվությունը հասկացողի իմաստնությամբ: Որակներ, որոնք սակավ են մեզանում և էական հատկանիշներ, որոնք զարդարում և պատիվ են բերում յուրաքանչյուր մարդու, քաղաքացու, առաջնորդի:
Իսկ որ նրա առաջնորդությամբ ժամանակին հայկական ֆուտբոլային ընտրանին ապրել է իր «ոսկե դարը»՝ այդ թվում կոնկրետ ՖԻԴԵ-ի վիճակագրությամբ, վարկանշային աղյուսակում պատմական ու դեռևս անգերազանցելի դիրքով, չոր փաստ է, ինչպես չոր թվերը՝ Մխիթարյան-Նիկոլ դիմակայության ցուցատախտակին, այն էլ՝ 2:0 հաշվով:
Առաջին գոլը Հենոյի հեռանալն էր հավաքականից, այդ թվում՝ նիկոլի պես հրաշքով ՀՖՖ-ի ղեկին կանգնած Արմեն Մելիքբեկյանը:
Երկրորդն էլ, ասվեց՝ մարդուն զարդարում է ոչ թե մրցանակը, այլ մարդն է զարդարում մրցանակին...
Հ.Գ. Հարևան Վրաստանում օրինակ, անցյալ տարեվերջին նախագահ դարձավ նախկինում հայտնի ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիին: Թբիլիսիի քաղաքապետն էլ ֆուտբոլային ծանրակշիռ ճանապարհ անցած, իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Կախա Քալաձեն է:
«Ազատության»-ը տված վերջին հարցազրույցում, ի դեպ, հարցին, թե հնարավո՞ր է ֆուբոլիստի կարիերան ավարտելուց հետո զբաղվի քաղաքանականությամբ, Հենոն իրեն բնորոշ խորհրդանշական ժպիտով արձագանքում է՝ եկե՛ք այդ հարցը թողնենք հետագայի վրա...