Քաղաքականություն

Նվաճված երկրների սահմանին մաքսակետեր չեն լինում

Նվաճված երկրների սահմանին մաքսակետեր չեն լինում

Երեկ քաղաքացիական ակտիվիստ Կարապետ Պողոսյանը հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետից մի քանի լուսանկար էր հրապարակել, որոնք ցույց էին տալիս, որ սահմանային անցակետի հայկական կողմում կան տարբեր նշանակության կառույցներ` մաքսատուն, մաքսային հսկողության համար նախատեսված կառույցներ, մաքսային պահեստ, մինչդեռ թուրքական կողմում բացարձակ դատարկություն է: Լուսանկարները ցույց են տալիս, որ Թուրքիան ամենեւին մտադրություն չունի բացել հայ-թուրքական սահմանը, իսկ Հայաստանի կառավարությունը վատնել է բյուջեի միջոցները՝ մեկ միլիարդ դրամ ծախսելով լուսանկարներում երեւացող շինությունների կառուցման վրա: Այդ լուսանկարները տարածվեցին հայկական տարբեր լրատվամիջոցներով, եւ ընդհանուր արձագանքն այն էր, որ Հայաստանի իշխանությունները, նման ծախս անելով, նպատակ են ունեցել յուրացնել բյուջետային միջոցները` ցույց տալ մի ծախս, անել դրանից անհամեմատ քիչ, իսկ տարբերությունը յուրացնել, մյուս կողմից՝ սահմանային անցակետ կառուցելով ցանկացել են ռուս սահմանապահներին հեռացնել հայ-թուրքական սահմանի այդ հատվածից, այն տրամաբանությամբ, որ Հայաստանի սահմանային անցակետերը հսկվում են բացառապես հայ սահմանապահների կողմից, ռուսները մաքսակետին հարող տարածքում անելու բան չունեն: Ու թեեւ այս երկու բացատրություններն էլ տրամաբանական են, սակայն, իմ կարծիքով, իրականությունը կարող է բոլորովին այլ լինել:

Որքանո՞վ է տրամաբանական՝ հավասարության նշան դնել Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ եւ հարցնել, թե ինչու, օրինակ, Հայաստանը կառուցել է մաքսատուն սահմանի վրա, իսկ Թուրքիան չի կառուցել: Եթե այդպես լիներ, մենք պետք է հարց տայինք, թե ինչու Նիկոլ Փաշինյանը լուսանկար ունի` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեղինակած գիրքը գրկած եւ մինչեւ ականջները լայն բացված հրճվանքով, իսկ, օրինակ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի գրկել Նիկոլ Փաշինյանի հեղինակած գիրքը եւ չի լուսանկարվել: Մաքսատան եւ գրքով լուսանկարների համեմատությունը շատ տեղին է, երկուսն էլ խոսում են Հայաստանի իշխանությունների՝ թուրքական հպատակությունն ընդունելու, Թուրքիային որպես սյուզերեն եւ իրենց որպես վասալ ճանաչելու մասին: 

Մի՞թե Փաշինյանը եւ Հայաստանի իշխանությունները չէին տեսնում, որ թուրքական կողմը սահմանի վրա ոչինչ չի կառուցում՝ ո՛չ մաքսակետ, ո՛չ մաքսային պահեստ, ո՛չ սահմանային հսկողության կետ եւ այլ ենթակառուցվածք: Ինչո՞ւ, այդ դեպքում, նրանք փութաջանորեն կառուցեցին դրանք հայկական կողմում: Արդեն չորրորդ տարին է` 2022 թվականից, որ ստեղծվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆորմատը, Հայաստանը եւ Թուրքիան հատուկ բանագնացներ են նշանակել, որոնք պարբերաբար հանդիպում են եւ իբրեւ թե ինչ-որ հարցեր են քննարկում: Թուրքական կողմը ձեւ է անում, թե իբրեւ մտադրություն ունի բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, բացել հայ-թուրքական սահմանը, եւ թուրք պաշտոնյաները հայերի հետ հանդիպման ժամանակ նրանց հուսադրող խոստումներ են տալիս` առաջիկայում կբացենք, մի քանի շաբաթից կբացենք, շուտով կբացենք: 

Հայաստանի իշխանությունը ներկայացնող անձինք, որքան էլ որ ասենք, թե անմեղսունակ են, միեւնույն է՝ հասկանում են, որ իրենց, մեղմ ասած, խաբում են: Բայց նրանք շարունակում են անընդհատ խաբվելու ցանկություն դրսեւորել, ցույց են տալիս, թե հավատում են թուրքական կողմի խոստումներին, որ դրանց վերաբերվում են ամենայն լրջությամբ: Իսկ որպեսզի իրենց պահվածքն առավել համոզիչ լինի, նրանք դա ամրապնդում են նաեւ կոնկրետ գործողություններով: Երբ թուրքական կողմն ասում է, որ պատրաստվում է բացել հայ-թուրքական սահմանը, Հայաստանի իշխանությունները միանգամից գումար են հատկացնում մաքսատուն կառուցելու համար, դրանով ցույց տալով, թե որքան լուրջ են վերաբերվում թուրքական կողմին, նրանց խոսքն ընդունում են չափազանց արժանահավատ: Որովհետեւ, եթե մաքսատուն չկառուցեն, ապա թուրքական կողմի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինչպես իրենք են խաղում Հայաստանի հետ, այնպես էլ Հայաստանն է փորձում իրենց հետ խաղալ․ բանակցում են հարաբերությունները կարգավորելու հարցում, հստակ իմանալով, որ հարաբերությունների կարգավորում չի լինելու, բանակցում են սահմանը բացելու հարցով՝ հստակ իմանալով, որ սահմանի բացում չի լինելու: Նիկոլ Փաշինյանն իրեն եւ Հայաստանը դնում է գժի տեղ, ում կարելի է խաբել, հիմարի տեղ դնել, ոտնահարել Հայաստանի արժանապատվությունը եւ ինքնասիրությունը: Նիկոլն իր իշխանությունը երկարաձգում է Հայաստանի հեղինակազրկման հաշվին:

Հայ-թուրքական սահմանին միակողմանիորեն կառուցված մաքսատունն ու սահմանային հսկողության անցակետը որեւէ կապ չունեն հայ-թուրքական սահմանի բացման հետ, դա Հայաստանի իշխանությունների կողմից թուրքական տիրապետությունն ընդունելու մասին հուշարձան է, այնպես, ինչպես Էրդողանի գիրքը գրկած Նիկոլ Փաշինյանի լուսանկարը: Մաքսատուն եւ սահմանային անցակետ չկառուցելով, Թուրքիան հասկացնում է, որ իրենց նման կառույցներ ընդհանրապես պետք չեն, իրենց նպատակը Հայաստանը զավթելն ու ոչնչացնելն է, իսկ զավթված տարածքները սահմաններ չեն ունենում, որ մի հատ էլ սահմանային հսկողության կետ կամ մաքսակետ կառուցելու անհրաժեշտություն լինի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image