Ի դեմս անընդհատ սպառազինվող թշնամու՝ ունենք հայրենիք-պետության պաշտպանության ծախսերը նվազեցնող իշխանություն: Եվ հայրենիք-պետության զինված ուժերի փոխարեն առաջնահերթությունը ոստիկանությանը տվող իշխանություն: Ի դեմս նորանոր հատուկ ռազմական կազմավորումներ ստեղծող թշնամու՝ ունենք հայրենիք-պետության ժամկետային զինվորական ծառայությունը կրճատող իշխանություն: Ի դեմս ուժի իրավունքով առաջնորդվող թշնամու՝ ունենք բանակի կարևորությունը հինգերորդական-վեցերորդական մակարդակում գնահատող իշխանություն: Ունենք իշխանություն, որ Ռուսաստանի Դաշնության հետ փոխադարձ օգնության պայմանագիրը ՌԴ ղեկավարությանը շարունակ դեմ տալու փոխարեն զբաղված է Արևմուտքում հովանավորներ գտնելու ու դրանց փոխելու գործընթացով: Ու այդ ամենի պատճառով էլ հայրենիք-պետության անվտանգությունը փորձում է ապահովել թնամու առջև սողալով: Ինչպես նաև հայության արժանապատվությունը զրոյացնող անհեթեթություններ արտաբերելով: Ու այդ պատճառով էլ Հարավային Կովկասի հզորագույն բանակը դարձրել է… Չասեմ, թե ինչ է դարձրել՝ վիրավորելով մեր զինվորականներին ու ոչ միայն նրանց, այլ մեզ բոլորիս:
Նախկին աշխարհակարգի վերացման ժամանակահատվածում՝ երբ պետությունների միջև փոխհարաբերություններում գերակա է դառնում բիրտ ուժի իրավունքը, հայրենիք-պետության ղեկավարն առաջ է քաշում, իր կարծիքով, անվտանգային առաջնային գործոնի՝ համեստության հանգամանքը: Թշնամի պետության ղեկավարը չի դադարում հայտարարելուց, որ Արցախը զավթելուց (իր ասելով՝ Ղարաբաղն ազատագրելուց) հետո Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները կառուցում է իր պահանջների հիման վրա: ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը շնորհակալություն է հայտնում նրան Հայաստանին խաղաղություն պարգևելու համար:
Արցախյան երկրորդ պատերազմում հաղթանակի շնորհիվ վերջին 80 տարում աշխարհի ամենաուժեղ առաջնորդներից մեկի դափնին իր վրա քաշող թշնամուն մեր հայրենիք-պետության ղեկավարը քծնելուց բացի փոխհարաբերվելու այլ տարբերակ չի գտնում: Այն թշնամուն, որ բացեիբաց ծաղրում էր նրան ու միաժամանակ ձեռ առնում մեր ժողովրդին:
Չնայած երկրորդի առումով ևս ուներ այդ իրավունքը, քանի որ պատերազմում խայտառակ պարտություն կրած՝ «չշշկռվելիք գերագույնի» վերընտրության արդյունքում ժողովուրդը միայն այդպիսի վերաբերմունքի էր արժանի: Եվ որպեսզի ազատագրվենք այդ պատվազուրկ վիճակից, պետք է ազգովի մերժենք Եվրամիության չինովնիկների՝ երբեմնի «եվրոյոնջաների» (ընդդիմադիր Փաշինյանի տերմինաբանությամբ) հովանավորությամբ Հայաստանում գործարկվելիք՝ իշխանության վերարտադրման մոլդովական սցենարը: Ճիշտ այնպես, ինչպես շուրջ ութ տարի առաջ ազգովի մերժեցինք մեկին, ով ընդամենը տղամարդկային խոսք էր տվել ու դրժել էր այն: Ինչ մնում է մոլդովական սցենարի հիմնական դրույթին (իբրև թե ռուսական ֆինանսավորման պատրվակով քվեարկությունից առաջ կուսակցության արգելքը՝ մասնակցելու ընտրությանը), ապա դրա դեմն առնելու համար ողջ ընդդիմադիր դաշտը պետք է մեկ-երկու, առավելագույնը երեք ճակատով մասնակցի հունիսի 7-ի ԱԺ ընտրությանը՝ համապատասխան քարոզարշավով: Դա կչեզոքացնի ընդդիմադիր ձայների փոշիացման և դրանով այդ ձայները իշխանությանը նվեր անելու սպառնալիքը:
ՀԳ. Ներողություն եմ խնդրում, որ հայոց բանակի օրվանը նվիրված հոդվածում խոսվեց այլ թեմաների մասին: Բայց այդպիսին է մեր այսօրվա իրականությունը, ու հայոց բանակին վերադառնալու համար առաջնային պայման է իշխանափոխությունը, ինչի հնարավորությունը առկա կլինի չորս ամիս անց: Իսկ մինչ այդ՝ շնորհավո՜ր տաս տարի առաջվա՝ Հարավային Կովկասի հզորագույն բանակի տոնը: Եվ այն կրկին այդպիսին տեսնելու մաղթանքով…