Հասարակություն

«Հրապարակ». Ցմահների ծեծի գործով կա մեկ տուժող եւ զրո մեղադրյալ

«Հրապարակ». Ցմահների ծեծի գործով կա մեկ տուժող եւ զրո մեղադրյալ

Քրեակատարողական հիմ­նարկներում ծեծի, դաժան վերաբերմունքի դեպքերը, որպես կանոն, մնում են անհետեւանք: Դատապարտյալներին ծեծի ենթարկող, խոշտանգող պագոնավորները պատասխանատվության չեն ենթարկվում, որքան էլ արտառոց լինի դեպքը, կամ դաժան՝ բռնությունը: Ձեւական քննություն է իրականացվում, որը կարճ ժամանակ անց դադարեցվում է: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 5-րդ հարկում ապրիլի 3-ին ցմահ դատապարտյալների հանդեպ իրականացված  ծեծուջարդը եւս անհետեւանք է մնալու: Մեր հարցին, թե դեպքի հետ կապված կա՞ վարույթ, Քննչական կոմիտեի խոսնակը պատասխանեց. «Քրեական վարույթ կա նախաձեռնված: Այս պահին մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձ չկա: Նախաքննությունը շարունակվում է»: 
Հայտնի է, որ ցմահներին ծեծի են ենթարկել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները, որոնց գործառույթների մեջ է մտնում «անհնազանդներին» հնազանդեցնելը: Թե հատկապես ովքեր են այդ օրը՝ ապրիլի 3-ին, մտել ցմահների խուց եւ հաշվեհարդար տեսել նրանց հետ, գաղտնի տվյալ չէ, եւ հեշտությամբ այն կարելի էր պարզել: Բայց անցել է 2 ամիս, եւ մեղադրյալ չկա: 

Հիշեցնենք․ դեպքը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում, սոցցանցերում` ապրիլի 3-ին, բարձրաձայնել էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Նա գրել էր, որ  դատապարտյալները ծեծված ընկած են հատակին, եւ նրանց որեւէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Պատճառը եղել է այն, որ ցմահներից մեկին առեւանգել են խցից եւ բռնության են ենթարկել` պատճառաբանելով, թե նրան այլ խուց են տեղափոխում եւ այնտեղ «չնախատեսված խուզարկություն են անցկացնելու»: Մյուսներն էլ փորձել են կանչել վարչակազմի ներկայացուցիչներին, հարվածել են դռներին, այսպես ասած` բունտ է բարձրացել, որին էլ հաջորդել է ծեծը: «Տեղյա՞կ է արդարադատության նախարարության տիրուհին, որ փակված անպաշտպան մարդկանց են ջարդում։ Թշնամին գրավել է երկիրը։ Բռնություն է շուրջբոլորը։ Ես արդեն ահազանգել եմ Պաշտպանի գրասենյակ, նրանք պարտավոր են հենց այս պահին այցելել ցմահ դատապարտյալներին եւ հայտարարությունով հանդես գալ»,- գրել էր իրավապաշտպանն այդ օրը: 

Արդարադատության նախարարին կից գործող դիտորդների խումբը, այցելելով կալանավայր, պարզել էր, որ 10-ից ավելի հատուկջոկատայիններ ներխուժել են «Նուբարաշեն» ՔԿՀ խցերից մեկը, ազատազրկված անձանց պառկեցրել են գետնին եւ ծեծի ենթարկել, ընթացքում անգամ վարչակազմի մի աշխատակից օգնել է ցմահներից մեկին, որպեսզի բռնությունը չշարունակվի՝ կանխելով եւ փակելով ազատազրկվածին իր մարմնով։ Իսկ ներխուժման պատճառը, ըստ դիտորդական հաշվետվության, եղել է այն, որ մարդիկ հարեւան խցից ձայներ են լսել, ենթադրել են, որ բռնություն է գործադրվում, եւ կանչել են վարչակազմին` հարվածելով դռներին: Արդարադատության նախարարն արձագանքեց եւ հայտարարեց, որ «իրավաչափ ուժ է կիրառվել»: Մինչդեռ ՄԻՊ աշխատակիցները, այցելելով ցմահներին, հակառակն էին նշել՝ «ոչ իրավաչափ ուժ է կիրառվել»:

Փաստորեն, քրեական վարույթ կա, բայց մեղադրյալներ չկան, արդյո՞ք պաշտոնյաների, իրավապահ համակարգի արձագանքը համահունչ էր կատարվածին․ մեր հարցին իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պատասխանում է. «Արտառոց դեպքից հետո, երբ սպեցնազը մտել էր եւ ջարդ էր կազմակերպել, բավականին ադեկվատ արձագանքեցին նախ Քրեակատարողական ծառայության աշխատակիցները՝ ծառայության պետն այցելեց, նախարարն այցելեց, չնայած մինչ այդ ասում էր, որ  իրավաչափ ուժ է կիրառվել: Պարզվեց, որ կիրառված ուժն իրավաչափ չի եղել: Քրեական վարույթ է հարուցվել, գիտեմ, որ մեղադրյալներ չկան, եւ շատ խիստ անհանգստացած եմ, որ էլի տուժելու են ցմահ դատապարտյալները: Ես հանդիպել եմ այդ 4 անձանց հետ եւ մտավախություն ունեմ, որ կարող է իրենց դեմ աշխատել հարուցված քրեական գործը: Նրանք ի վիճակի չեն փաստաբան ունենալու, եւ չգիտեմ` ոնց կընթանա քննությունը: Շատ կուզեի, որ հասարակական սեկտորի կողմից վերահսկողություն լիներ այս գործի նկատմամբ: Տեղեկություններ ունեմ, որ մեկ անձ է տուժող ճանաչվել»:

Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ Քրեակատարողական ծառայության պաշտոնյաները եւս պետք է հետեւեն այս գործի ընթացքին, որովհետեւ դատապարտյալները որեւէ մեղք չեն ունեցել: «Հիմա ՔԿԾ պետը, նախարարը այցելել են ու խոստացել են, որ տեղաշարժ է լինելու ցմահների ռեժիմի փոփոխության հարցում, որը տարիներ շարունակ մեռյալ կետում է: 2019 թվին ընդունվել է օրենք` ռեժիմի փոփոխության վերաբերյալ, բայց 6 տարվա ընթացքում 4 ցմահ դատապարտյալ է ազատ արձակվել, իսկ պայմանական վաղաժամկետով ցմահներին չեն ազատում` ոչ մեկին: Տարիներ շարունակ նրանք դիմում են պայմանական ազատման համար, եւ բոլորը մերժվում են, այն դեպքում, երբ ամենակարգապահներն են ցմահները եւ տեսանելիորեն առանձնանում են իրենց դրական վարքագծով: Սա, կարծում եմ՝ քաղաքական որոշման հետեւանք է, այն, որ մարդկանց դատարանները չեն ազատում»:

Մեր տեղեկություններով, ծեծ­վածներից մեկը՝ Գ. Ս.-ն, 6 գրքի հեղինակ է, իսկ դատապարտյալը, որին փորձել էին առեւանգել եւ բռնության ենթարկել, ամենեւին էլ «արտոնյալներից» չէ, ինչպես տարածած հաղորդագրության մեջ նշել էր Քրեակատարողական ծառայությունը, այլ համեստ, հավատացյալ անձնավորություն, որը եկեղեցի է կառուցել բերդի համար:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image