Մայրաքաղաք Երեւանում եւ Հայաստանի տարբեր վայրերում շարունակվում են բողոքի եւ անհնազանդության ինքնաբուխ ակցիաները։ Առհասարակ՝ Հայաստանում, որքան կարելի է հասկանալ, ներկայում բողոքի նոր շարժում է սկսում բյուրեղանալ։ Ու թեեւ, մեծ հաշվով, այդ բյուրեղացումը դեռ ընթացքի մեջ է, սակայն կարելի է արդեն այժմ որոշ դիտարկումներ կատարել․
• Ի տարբերություն մինչ այժմ ձեւավորված շարժումների, հանուն հայրենիքի այս շարժումն ունի մեկ յուրահատկություն՝ ձեւավորվել է հանուն հայրենի հողի պահպանման։ Այս առումով, վերջինիս գաղափարական հենքը ոչ թե գաղափարական կատեգորիա է, այլ չափազանց նյութական կատեգորիա։
• Ի տարբերություն մինչ այժմ եղած շարժումների, այս շարժման առաջնորդն ու խորհրդանիշը ոչ թե քաղաքական կամ պետական գործիչ է, այլ եկեղեցական՝ հոգեւորական անձ, եւ, հետեւաբար նաեւ՝ այս շարժումն իր մեջ ունի նաեւ որոշակի հոգեւոր-բարոյական բաղադրիչ։
• Գաղափարական առումով հետաքրքրական նրբերանգը, որն առկա է այս շարժման մեջ, ճշմարտության, որպես գաղափարական կատեգորիայի հանդեպ եղած անվերապահ հարգանքն է։ Պատահական չէ, որ պայքարը հռչակվել է որպես ճշմարտության պայքար ընդդեմ ստի եւ կեղծիքի։ Ըստ էության, այս շարժմամբ՝ ճշմարտությունը դարձվեց քաղաքական կատեգորիա։
• Չնայած հանուն հայրենիքի պայքարի այս շարժման առաջնորդների եւ հատկապես արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի հանդեպ գործող իշխանությունների եւ նրա սատելիտների սանձազերծած մեդիա-քարոզչական արշավին, որի նպատակը վերջինիս ու նաեւ շարժումը հեղինակազրկելն էր, սակայն իշխանական բուրգի ամենաբարձր մակարդակում կանգնածը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, դեռեւս չի արտահայտվել։ Ավելին, նա հայ ժողովրդի արժեքային համակարգի մասին իր հրապարակած՝ մանիֆեստային նշանակություն ունեցող գրառման մեջ Հայ առաքելական եկեղեցին հռչակել է որպես ազգային արժեք։ Ուշագրավ է, որ պասիվ է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաեւ Աննա Հակոբյանը։
• Անկասկած, իշխանությունների հրահանգով՝ որոշ մեդիա-քարոզչական խոսափողներ փորձում են որոշակի բաժանում դնել առաքելական եկեղեցու, կաթողիկոսի եւ Բագրատ սրբազանի միջեւ՝ փորձելով ամեն կերպ ցույց տալ, որ Բագրատ սրբազանը չի կարող ողջ առաքելական եկեղեցուն մարմնավորել, հատկապես որ, օրինակ, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Քյարամյան եպիսկոպոսը բացահայտ դեմ էր արտահայտվել շարժմանը։
• Իշխանության որոշ «փայատերեր», ինչպեսեւ սպասելի էր, փորձում են առիթն օգտագործել՝ հակաեկեղեցական իրենց տրամադրվածությունները լոբբինգ անելու, եկեղեցուն վարկաբեկելու համար։