Վերջին օրերին Հայաստանի կառավարությանն ուղղված կոչեր են արվում՝ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ եւ ԵԱՀԿ՝ օգտվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ընձեռված հնարավորություններից։ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ պայմանավորված՝ միջազգային խաղաղության եւ անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։
Տարածքային ամբողջականությունը խախտելու հետեւանքով ստեղծված վտանգները ԱԽ-ին դիմելու հիմք են՝ նախատեսված է ՄԱԿ-ի կանոնադրության 35-րդ հոդվածով։ Կարդում ենք․ «Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ կարող է Անվտանգության խորհրդին կամ Գլխավոր ասամբլեային տեղյակ պահել 34-րդ հոդվածում նշված բնույթի ցանկացած վեճի կամ իրավիճակի մասին»։ Իսկ 34-րդ հոդվածն ասում է․ «Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունը կարող է Անվտանգության խորհրդին կամ Գլխավոր ասամբլեային տեղյակ պահել ցանկացած վեճի մասին, որի կողմն է հանդիսանում ինքը, եթե նախապես սույն կանոնադրությամբ նախատեսվող խաղաղ կարգավորման պարտավորություն է ստանձնում տվյալ վեճի առնչությամբ»։
ԵՊՀ Եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս Գրիգոր Չոբանյանը մեզ ներկայացրեց ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու ընթացակարգը։ «Մեզ համար, որպես կոնտակտային կետ, կազմակերպության գլխավոր քարտուղարն է, այն մարմինը, որն ԱԽ-ին ներկայացնում է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցերը, եւ այդ հարցը մտնում է օրակարգ։ Սա միջազգային իրավունքի տեսանկյունից առաջին քայլն է, ինչից հետո գլխավոր քարտուղարը, ըստ անհրաժեշտության, կարող է մտցնել հարցն ԱԽ օրակարգ։ Կարեւոր նյուանս կա․ այն, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ոչ թե պետությունների առաջ, այլ ՄԱԿ-ի առաջ պատասխանատու մարմին է, ու ինքը որեւէ պարտավորություն չունի ՀՀ-ի նկատմամբ՝ որոշակի ժամկետներում հստակ ու արագ արձագանքելու։ Ինքն է գնահատում անհրաժեշտությունը»,- ասաց Չոբանյանը։
Ի՞նչ սանկցիաներ կարելի է սպասել ՄԱԿ-ից՝ հաշվի առնելով, որ ժամանակին Ադրբեջանն իր, այսպես կոչված, օկուպացված տարածքների վերաբերյալ ՄԱԿ-ի 4 ռեզոլյուցիաներ էր ստացել, բայց Հայաստանը դրանք չէր կատարում։ Ըստ միջազգայնագետի՝ մեր ու Ադրբեջանի դեպքում մի շատ կարեւոր նրբություն կա․ «Այն, որ հիշեցնում են՝ բա ինչի՞ չէին կատարվում։ Չէին կատարվում, քանի որ դրանցում ՀՀ-ի վրա դրված պարտավորություններ չկային։ Այնտեղ գրված է՝ հայկական զինված ուժեր, չի գրված ՀՀ զինված ուժեր։ Դրանք շատ տարբեր բաներ են։ Իսկ առհասարակ՝ ՄԱԿ-ի ԱԽ որոշումներն ունեն պարտադիր բնույթ։ Իրավաբանորեն։ Ի տարբերություն Գլխավոր ասամբլեայի որոշումների, որոնք իմպերատիվ բնույթ չունեն։ Իսկ այս դեպքում, եթե ԱԽ-ի կողմից նման որոշում կայացվի, եւ սանկցիաներ կիրառվեն, ապա Ադրբեջանը դրանք պարտավոր է կատարել միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ-ն անվտանգության ու խաղաղության հարցերով վերին ատյանն է»։
Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանն էլ, որպես հիմնավորում, հիշեցրեց նախադեպերը։ Դրանցից ամենաթարմը հուլիսի 21-ին տեղի ունեցածն է, երբ Կիպրոսը դիմեց ՄԱԿ-ի ԱԽ՝ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության առաջնորդ Էրսին Թաթարի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունների կապակցությամբ, որ պատրաստվում են բացել Ֆամագուստա քաղաքի Վարոշա թաղամասը եւ այն բնակեցնել 3,4 %-ով։ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի խոսքով՝ Էրդողանի պլանները հակասում են միջազգային իրավունքին։
Ի դեպ, վաղ 90-ականներին ՄԱԿ-ը բավականին ակտիվ դերակատարում էր ստանձնել մեր տարածաշրջանում։ Այդ տարիներին ՄԱԿ-ը 4 փաստահավաք առաքելություն ուղարկեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտի։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսի կողմից 92 թվականին Լեռնային Ղարաբաղ այցելած առաջին փաստահավաք խմբի առաքելության հիմնական նպատակներից էր ԵԱՀԽ Նախարարների խորհրդի գործող նախագահ Իրժի Դինստբիրի կողմից իրականացվող ԵԱՀԽ միջնորդական ջանքերին աջակցելը։ 1992 թ. հուլիսին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հակամարտության գոտի ուղարկեց եւս մեկ փաստահավաք առաքելություն, որի նպատակն էր՝ ստուգել ադրբեջանական կողմի պնդումներն իր դեմ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ: ՄԱԿ-ի փորձագետները եզրակացրին՝ «քիմիական զենքի կիրառման փաստը հաստատող որեւէ ապացույց խմբին չի ներկայացվել»։
«Ինձ թվում է՝ մենք կարող ենք հիմնավորել․ ի վերջո, զոհեր կան, քաղաքացիական բնակչության վրա հարձակումներ։ Բայց դա կախված է Նիկոլ Փաշինյանից»,- ամփոփեց Արա Պապյանը։ Վերջին 2 ամիսներին արեւմտյան կողմնորոշման հասարակական կազմակերպությունները երկրորդ անգամ են պահանջում ՀՀ իշխանություններից՝ դիմել ՄԱԿ-ի ԱԽ։ Նախորդը մայիսի 27-ին էր։ Մենք փորձեցինք պարզել կառավարության դիրքորոշումն այս հարցում, սակայն վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը, սովորության համաձայն, չպատասխանեց մեր զանգերին։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն էլ կարծում է՝ այս իշխանության օրոք դիվանագիտական ոչ մի գործիք չի աշխատելու: «ՄԱԿ-ի ԱԽ մշտական 5 անդամներից որեւէ մեկի կողմից Նիկոլը չունի աջակցություն: Այսինքն՝ Ֆրանսիան անում է մեզ համար ականջահաճո հայտարարություններ, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կողմերին են կոչ անում, Չինաստանն ընդհանրապես չի խոսում: Էնտեղ Բրիտանիա՞ն է մեր շահերը պաշտպանելու»։
Հիշեցնենք, որ, համաձայն ընթացակարգի, Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամներից որեւէ մեկը եթե վետո դնի հարցի քննարկման վրա, որոշում չի կարող կայացվել։ Մի բան, որ պատահեց 2020-ին՝ պատերազմի ամենաթունդ ժամանակահատվածում, երբ ՄԱԿ-ում քննարկվում էր մեր օգտին քայլ անելու նախաձեռնությունը։ Բացի այդ, ըստ Արմեն Աշոտյանի՝ ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական 10 անդամ երկրների հետ ադրբեջանական լոբբիստներն աշխատել են հազարապատիկ ավելի լավ, քան մենք։