Գյուղատնտեսական երկիր Հայաստանում գյուղատնտեսության նախարարություն չկա, գյուղատնտեսական խնդիրների լուծմամբ կոչված է զբաղվել էկոնոմիկայի նախարարության կազմում գործող գյուղատնտեսական ուղղվածության մի քանի վարչություն։ Գյուղատնտեսության ոլորտի բուսաբուծության չլուծված հիմնախնդիրները բազմաթիվ ու բազմապիսի են։ Վերջին երկու տարում Հայաստանում տարածվել է կորոլյոկի նոր հիվանդություն։ Ի դեպ, կորոլյոկը թարգմանում ենք արքայանարինջ, սակայն Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր գյուղի բնակիչ, հայտնի այգեգործ Դերենիկ Բեջանյանի խոսքով՝ արքայանարինջը մանդարինն է, իսկ կորոլյոկն արքայարմավն է: Նոյեմբերյանցի բազմավաստակ այգեգործ-գիտնական Արմո Գաբրիելյանը հայտնում է, որ կորոլյոկի այդ հիվանդությունն Իսպանիայից, Իտալիայից տարածվելով՝ հասել է Վրաստան, Հայաստան։ Ա․ Գաբրիելյանի հետ զրուցեցի բուսաբուծության ոլորտի խնդիրների մասին։ Նա տարակուսանք հայտնեց, թե գյուղատնտեսական մթերքների, մրգերի լաբորատորիան ինչու է Բագրատաշենի մաքսակետից տեղափոխվել երկաթուղային Այրում կայարան, չէ՞ որ Հայաստան գյուղմթերքներ, մրգեր հիմնականում ներկրվում են Բագրատաշենի մաքսակետով, ոչ թե՝ երկաթուղու Այրում կայարանով։
Ա․ Գաբրիելյանն անթույլատրելի համարեց, որ մարզերում գյուղատնտեսական բույսերի բուժանյութեր վաճառող խանութներում աշխատում են համապատասխան մասնագիտական կրթություն, աշխատանքային փորձ չունեցող անձինք, ովքեր այդ բուժանյութերի օգտագործման, բույսերի բուժման նպատակով բուժանյութերի անհրաժեշտ չափաքանակների որոշման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն չեն կարող տրամադրել այգեգործներին։ Ինքը՝ Ա․ Գաբրիելյանը, Նոյեմբերյան համայնքի Պտղավան գյուղում գործող բուժանյութերի խանութում նման խորհրդատվություն է տրամադրում գնորդներին։ Հիմնահարցերից մեկն էլ այն է, որ որակյալ բուժանյութերի հետ Հայաստան են ներկրվում ու վաճառվում գյուղատնտեսական մշակաբույսերի, այգիների համար նախատեսված ոչ որակյալ բուժանյութեր, որոնք իրացվում են ավելի էժան գներով։ Ողջամիտ կասկածներ կան, որ Հայաստան մեծաքանակ բուժանյութեր ներկրողները ստվերային պայմանավորվածություն են ձեոք բերում բուժանյութեր արտադրող ընկերությունների հետ, որպեսզի համեմատաբար էժան գների դիմաց արտադրողները փոխեն արտադրվող բուժանյութերի քիմիական բաղադրությունները, դրանցում նվազեցնելով բուժիչ քիմիական տարրերի քանակը։
Ա․ Գաբրիելյանի խոսքով՝ գյուղացիների մեջ տարածված մտայնություն կա, որ գյուղատնտեսական բույսերի տարածված հիվանդությունները սնկային հիվանդություն են, մինչդեռ սնկային հիվանդությունները շատ բազմազան են։ Ա․ Գաբրիելյանն ասում է, որ շատ բարձր է Արարատյան դաշտում աճեցվող գյուղատնտեսական մթերքների մեջ պեստիցիդների, նիտրատների քանակը։ Բազմափորձ գյուղատնտես Դերենիկ Բեջանյանը Հայաստանը համարում է «բույսի վարակների թանգարան», որովհետեւ ձմռանը Դեբեդի հովտի համեմատաբար տաք, լավ եղանակը այդ վիրուսների գոյատեւման համար կլիմայական նպաստավոր միջավայր է ապահովում: Արմո Գաբրիելյանը հայտնեց, որ տնկիների միջոցով Հայաստան հիվանդությունների, վնասատուների մուտքը կանխարգելելու համար օրենքով պահանջվում է, որ ներմուծվող տնկիները մաքսակետերում 2 օր, գազային խցիկներում, համապատասխան ջերմաստիճանի պայմաններում կարանտին անցնեն։ Դ․ Բեջանյանը նշեց նաեւ, որ դեղձի մշակությամբ հռչակված Դեբեդի հովտում վերջին տարիներին դեղձենու մշակությունը, դեղձի բերքը խիստ նվազել են։
Նրա խոսքով՝ Հայաստանում կորոլյոկի աճեցման ծավալները, ստացվող բերքի քանակն աննշան են Վրաստանում աճեցվող այգիների, դրանցից ստացվող բերքի քանակի համեմատ, քանի որ կորոլյոկի աճեցման համար անհրաժեշտ կլիման Վրաստանի շատ տարածքներում առկա է: Սակայն Դ․ Բեջանյանը նշեց, որ Հայաստանում աճող միրգն ավելի համով է, քանի որ Հայաստանի մրգի մեջ արեւը, քվանտային էներգիան մեծ են։