Քաղաքականություն

ՀՀ-ԵՄ ինտեգրումը երաշխավորող տեղաշարժեր

ՀՀ-ԵՄ ինտեգրումը երաշխավորող տեղաշարժեր

«Պատերազմները սկսվում են, երբ դուք ցանկանում եք, բայց դրանք չեն ավարտվում, երբ դուք կամենում եք»։ Նիկոլո Մաքիավելիի այս ասույթը կրկնվում է, ապրում է ու չի մոռացվում արդեն կես հազարամյակ։ Ոչ միայն այն պատճառով, որ այն խորիմաստ դիտարկում է պատերազմների մասին, այլեւ այն,  որ ճշմարտություն է ցանկացած պայքարի մասին։ 
Բագրատ սրբազանի առաջ-նորդած պայքարը բացառություն չէր։ Ես այնքան էլ չեմ պատկերացնում, թե Տավուշի գյուղերում ընթացող սահմանազատման-սահմանագծման գործընթացին դիմակայել-հակազդելուց այն կողմ Բագրատ սրբազանն ուրիշ ինչ էր պատկերացնում կամ ծրագրում, երբ Նիկոլ Փաշինյանի 2018-ի քայլերթը կրկնելով՝ գալիս էր Երեւան։ Սակայն քայլերթի որոշ հետեւանքներ, որ արձանագրվեցին, վստահ եմ՝ սրբազանը չէր պատկերացնի, գուցե նաեւ՝ չէր ցանկանա։ Նախ՝ դժվար թե Բագրատ սրբազանը պատկերացներ, որ Երեւան դեռ չհասած, ոչ միայն Հանրապետության հրապարակում մարդկային նման զանգված իրեն կդիմավորի, այլեւ որքան բացահայտ ու ծպտյալ ռուսամետ գործիչ կա Հայաստանում (նրանց քաղաքական ուժեր կոչելը մի քիչ շատ կլիներ), կշարվեն իր շուրջ։ Արդյո՞ք Փաշինյանին մերժելն էր այդ անհատներին ու խմբակներին ուղղորդում, թե՞ նաեւ Հայաստանը ռուսական ազդեցության ուղեծրում պահելը, երեւի միայն իրենք գիտեն։  

Ամեն պարագայում, կարծես ավանդույթ է դարձել, որ ամեն տարի Հայաստանում պրոռուսական տրամադրությունները թեստի ենթարկվեն եւ մերժվեն․ 2021-ի խորհրդարանական ընտրություններում պրոռուսական «Հայաստան» բլոկի կրած պարտությամբ, 2022-ի մայիսին սկսված շարժման անհետեւանք վերջաբանով, 2023-ին Երեւանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստանից» մինչեւ Տիգրան Արզաքանցյան ու «Ապրելու երկիր» արձանագրած արդյունքներով, այս տարի Բագրատ սրբազանի շուրջ խմբված պրոռուսական շրջանակների՝ հանրային լայն աջակցության չարժանանալով։ 

Իսկ այդ շարժման արդյունքում երեւան եկած որոշ իրողություններ արեւմտամետներին լրջորեն ոգեւորեցին։ Այնքան, որ Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու հարցով հանրաքվեի հարց բերվեց օրակարգ։ Ո՞ւմ հուշումով հանրաքվեի թեման դրվեց շրջանառության մեջ, ի՞նչ հաշվարկով, դա զոնդա՞ժ է, թե՞ ճանապարհային քարտեզի քայլ, ինչպե՞ս է պատահում, որ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե մոտ ապագայում հանրաքվե կանցկացվի, իսկ Փաշինյանը հավատացնում է, թե, հակառակը՝ հանրաքվե չի լինի․․․ այս ամենը կռահումների եւ ենթադրությունների թեմա է։ Փաստացին այն է, որ օրեցօր ավելի տեսանելի է դառնում, որ Մոսկվան եւ Կրեմլը Հայաստանում չունեն համակիր կամ աջակից զանգված, ինչն էլ ոմանց ոգեշնչում է, որ ժամանակն է եվրաինտեգրման ուղղությամբ արմատական քայլ կատարելու։ 

Ոչ այնքան ներքին գործոնները, որքան՝ արտաքին

Այսքանը՝ այն մասին, թե վերջին երկու ամսում ինչը եւ ինչպես Հայաստանին մոտեցրեց եվրաինտեգրման հարցով «անդառնալիության կետը» հատելուն՝ ի դեմս հնարավոր հանրաքվեի։ Բայց մեծ մոլորություն կլիներ, եւ փաշինյանական ուսապարկերի մտավոր մակարդակում կհայտնվեր մեկը, եթե հավատար, որ Հայաստանի եվրաինտեգրման ընթացքը որոշվում է Հայաստանում։ Դա որքան Հայաստանի ներքին գործոններից է կախված, երիցս ավելի կախված է արտաքին հանգամանքներից։ Եվ այստեղ, բարեբախտաբար, դրական զարգացումներ են ծավալվում, որոնք թեեւ Հայաստանի հետ ուղիղ առնչություն չունեն, բայց մինչեւ 2030թ․ ԵՄ նոր ընդլայնման հիմքերն ու երաշխիքներն են ապահովում՝ դրանում ընդգրկելով նաեւ Հարավային Կովկասը՝ ի դեմս Հայաստանի եւ Վրաստանի։ 
Առհասարակ, այն բանից հետո, երբ Ուկրաինայի պատերազմի շղարշի ներքո ՆԱՏՕ-ն Ռուսաստանին դուրս մղեց Բալթիկ ծովից եւ ներփակեց բուն ՌԴ սահմաններում, այժմ մինչեւ Ուկրաինայում պատերազմի ավարտն էլ սպասելի է, որ լուծվի ՆԱՏՕ-ի հարավային ֆլանգի հարցը։ Այստեղ արդեն երկրագունդը պտտվում է Հայաստանի շուրջ։ Հայաստանում հաստատվելով միայն՝ ԵՄ-ն կհաստատվի Հարավային Կովկասում։ Իսկ Թուրքիան, շրջանցելով ԵՄ-ի՝ Հարավային Կովկասում հաստատվելը, ինքնաբերաբար կարգելափակի Թուրքիայի ազդեցության տարածումը դեպի արեւելք, Միջին Ասիա եւ ՌԴ տարածքներ, ինչը լիովին համահունչ է ՌԴ կենսական շահերին։

Դրա համար էլ Ռուսաստանի Դաշնությունից, հատկապես ՌԴ ԱԳՆ-ից, հանրության առջեւ ինչ էլ խոսեն, գործնականում Կրեմլը չի խոչընդոտում եւ չի խոչընդոտի Հայաստանի եւ Վրաստանի եվրաինտեգրմանը։ Մանավանդ որ նման կառուցողականության արդյունքում Կրեմլը ոչ միայն առանց մի ջանքի Թուրքիայի ազդեցությունը կվերացնի իր տարածքներում եւ Միջին Ասիայում, այլեւ, մեծ հավանականությամբ, կստանա նաեւ Ադրբեջանը։ Առհասարակ, պետք է ապրել եւ տեսնել՝ 2031-ին գոյություն ունենալո՞ւ է Ադրբեջանի Հանրապետություն, թե՞ լինելու են Бакинский եւ Карабахский губерния-ներ։ Տեսնենք՝ Coca-Cola-ից ուշ ծնված Ադրբեջանի թյուրիմացություն-պետությունն արդյո՞ք Coca-Cola-ից շուտ չի վերանա։ Բայց որպեսզի Ադրբեջանը կուլ տրվի Ռուսաստանի կամ Իրանի կողմից, նախ հարկավոր է, որ ԵՄ-ն ընդլայնված եւ Հայաստանն ու Վրաստանը ներառած լինեն իր կազմում։ Ահա, այս՝ ԵՄ 2030-ի ընդլայնման համատեքստում անցյալ շաբաթ մի քանի ուշագրավ զարգացումներ եղան։ 

Բրյուսելից՝ սառը պատերազմ, Վաշինգտոնից՝ թեժ

Առաջինը հունիսի 25-ին մեկնարկ տրվեց Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ անդամակցության բանակցություններին։ Իհարկե, կան այնպիսի թյուրիմացություն դեպքեր, ինչպիսին Թուրքիան է, որը 20 տարուց ավելի ԵՄ թեկնածուի կարգավիճակ է ստացել, մի քսան տարի առաջ էլ անդամակցության բանակցություններ է սկսել, բայց ոչ մի սանտիմետր ԵՄ-ին չի մոտեցել։ Մինչդեռ 1990-ականներից հետո մի քանի փուլով մի քանի տասնյակ երկիր է ԵՄ-ին անդամակցել։ Ոչ ոք առանձնապես չի կասկածում, որ Թուրքիան 2030-ի ընդլայնման շրջափուլում էլ կմնա դրսում, իսկ Արեւելյան գործընկերության երկրները՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը եւ Հայաստանը, ԵՄ-ին կանդամակցեն։ Որքանով Արեւելյան գործընկերության չորս երկրները պատրաստ կլինեն անդամակցելու ԵՄ-ին, ժամանակը ցույց կտա, ամեն պարագայում, դժվար թե ԵՄ անդամ բազմաթիվ երկրներից՝ Բուլղարիայից, Ռումինիայից, Սլովակիայից, Բալկաններից, Մերձբալթիկայից ավելի պատրաստ ու շահեկան դիրքում չլինեն։ Էականն այն է, որ Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները մեկնարկեցին տիեզերական արագությամբ, ինչը լավատեսություն է ներշնչում, որ մինչեւ 2030թ․ ԵՄ-ի նոր ընդլայնման քաղաքական որոշումը կյանքի է կոչվելու՝ կոտրելով ցանկացած ավանդույթ ու տաբու, այդ թվում՝ Հայաստանի ու Վրաստանի պարագայում։

Երկրորդ ուշագրավ իրադարձությունը ՌԴ-ԵՄ սառը պատերազմում ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր՝ 14-րդ փաթեթի հաստատումը եւ ՌԴ սառեցված ակտիվների ապասառեցման ու Ուկրաինային փոխանցելու գործընթացի մեկնարկն էր։ Սա նշանակում է մեկ բան․ ՌԴ-ի դեմ սառը տնտեսական պատերազմն ավելի է խորանալու։ Էլի եմ առիթ ունեցել գրելու, որ, ըստ իս, Արեւմուտքը ծրագրել եւ հետեւողականորեն գործում է կարծես այն ուղղությամբ, որ Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի համար ունենա նույն տնտեսապես ավերիչ հետեւանքը, ինչ աֆղանական պատերազմն ունեցավ Խորհրդային Միության համար։ Սակայն ՌԴ-ի հետ հարաբերություններում ամենից հետաքրքիր զարգացումներն անցյալ շաբաթ եղան Վաշինգտոնում։ Նախ՝ անցյալ շաբաթ Վաշինգտոնը պաշտոնապես հայտարարեց, որ թույլ է տալիս ամերիկյան զինատեսակներով հարվածել ՌԴ տարածքի ներսում ցանկացած խորության վրա, ցանկացած օբյեկտի, որը վտանգ է կրում կամ ստեղծում Ուկրաինայի համար։ Երկրորդ․ Վաշինգտոնը պատրաստվում է թույլ տալ, որ ամերիկացի պայմանագրային զինծառայողները մեկնեն Ուկրաինա, ռազմաճակատ եւ վնասվող ամերիկյան զինտեխնիկան տեղում վերանորոգեն, ուկրաինացիներին տեխնիկապես օժանդակեն։ Այսպիսով, անցյալ շաբաթ պարզ դարձավ, որ՝ այո, ինժեներա-տեխնիկական առաջադրանքներով, սակայն ամերիկյան զինվորականները վերջնահաշվում պատրաստվում են պաշտոնապես կանգնել Ուկրաինայի հողին։ 
Հանրագումարում անցյալ շաբաթ արձանագրված տեղաշարժերն ավելի են թեժացնելու թե՛ սառը, տնտեսական, թե՛ թեժ պատերազմական դիմակայությունն Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, ավելի են խճճելու Մոսկվայի հաշվարկները եւ, կամա-ակամա, օժանդակելու են, որ Հարավային Կովկասն առանց մեծ բարդությունների շարժվի դեպի եվրաատլանտյան դաշնություն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image