Իջեւանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը հունվարի 27-ին արտահերթ նիստ է անցկացրել` օրակարգում ընդգրկելով ընդամենը 1 հարց. «Տալ հավանություն ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Իջեւան համայնքի Կիրանց բնակավայրի գլխավոր հատակագծի (կենտրոնական մասի վերակառուցման եւ նոր կառուցվող թաղամասի մանրամասն գոտեւորման /մաստեր պլանի՝ հասարակական, բնակելի կառույցների էսքիզային առաջարկների ներառմամբ) նախագծման առաջադրանքին»:
Հաշվի առնելով այն, որ համայնքապետարանի մեծամասնությունը ՔՊ-ականներ են, 15 կողմ եւ 3 դեմ ձայներով որոշումն ընդունվել է: Նախագծին դեմ են քվեարկել ավագանու ՀՅԴ-ական անդամները: Մեկը` Ռաչիկ Եպիսկոպոսյանը, որը մեզ հետ զրույցում ասաց, որ ավագանու նիստ են արել առանց քարտեզի եւ հատակագծի. «Օրակարգում 1 հարց է եղել, թույլտվություն տանք, որպեսզի փոփոխություն անեն Կիրանցի հատակագծում: Քանի որ քարտեզը չունեին, չէին ներկայացրել, թե ինչ տարածքի մասին է խոսքը, մենք չհամաձայնեցինք, քանի որ չգիտենք՝ նո՞ր սահմաններով է, թե՞ հին: Իրենք պարզաբանում են, որ մենք ընդամենը թույլտվություն ենք տալիս, որ փոփոխություն կատարեն տարածքում` թաղամաս կառուցելու համար: Իսկ էն տարածքները, որ տվել են Ադրբեջանին, պատճառաբանում են, որ այդ տարածքները մեր բալանսում չեն եղել, բայց էդպիսի բան գոյություն չունի, մենք չենք ուզում, որ մեր համայնքից, մեր տարածքից այլեւս 1 քառակուսի մետր զիջեն թշնամուն»: Եպիսկոպոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ են կառուցում, որ ընտանիքների համար են կառուցում նոր թաղամասը։ «Դե, կոնկրետ ինչ-որ ընտանիքի համար չէր»:
ՀՅԴ-ական Վահան Ղազումյանը եւս դեմ է քվեարկել նախագծին, նույն պատճառաբանությամբ` հատակագիծ չկար, չգիտեն, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը: Թե ինչու է քաղաքապետ Արթուր Ճաղարյանը որոշել հրատապ արտահերթ նիստ գումարել, հարց ուղղեցինք Իջեւանի համայնքապետարանի մամուլի բաժին։
«Հրատապության մասով ասենք, որ ավագանու որոշման քաղվածքը պետք է ներկայացվեր Քաղաքաշինական կոմիտե, քանի որ կանոնակարգով ավագանին գտնվում է արձակուրդում, եւ հաջորդ նիստը բավականին ուշ կլինի, իսկ քաղվածքը պետք է տրամադրվեր սեղմ ժամկետում, այդ պատճառով ավագանու արտահերթ նիստ է նշանակվել»,- անորոշ պատասխան տվեցին Իջեւանի համայնքապետարանից:
Ավագանու նիստում օրակարգը զեկուցել է Իջեւանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինութան, գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի պետ Արթուր Այդինյանը: «Կիրանց բնակավայրում նախկին հատակագծի մեջ ուզում են փոփոխություններ անեն, նախագծման առաջադրանք են ուղարկել, որպեսզի համաձայնենք, նախագիծ կազմենք»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Այդինյանը: Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը։ «Նոր գլխավոր հատակագիծ պետք է գյուղի համար սարքվի, սահմանազատումից հետո Կիրանցը հատակագիծ չի ունեցել: Գլխավոր հատակագիծը եղել է 2019 թվականին, հիմա հատակագծի մեջ փոփոխություններ են կատարվել»: Իսկ սահմանազատումն ինչի՞ հիման վրա եղավ, եթե հատակագիծ էլ չուներ գյուղը։ «Դե, սահմանազատում եղավ, հիմա նոր հատակագծի մեջ փոփոխություններ կլինեն»:
Ստացվում է, որ առանց նոր հատակագծի սահմանազատում եք կատարել, որքան ուզել է Ադրբեջանը, այնքան տվել եք։ «Դա ես չեմ կարող ասել, դա պետական մակարդակի հարցեր են լուծել, ես չեմ կարող ասել` ոնց են արել, ինչ են արել, տեղյակ չեմ ես»:
Ավագանու ՔՊ-ական անդամ, Իջեւան համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ավագանու նիստի ժամանակ բոլոր փաստաթղթերը ներկայացվել են, եւ խոսակցության առարկան եղել է հին հատակագիծը, ավագանու անդամները գիտեն, որ դա խնդիր չի կարող ներկայացնել: Սահմանազատումից հետո Կիրանցը նոր հատակագիծ ունի՞, կասե՞ք, թե որ հատակագծով են արվելու փոփոխությունները։ «Մենք ավագանու անդամներին ասել ենք, որ խոսքը նոր հատակագծի մասին է, որը, որպես այդպիսին, գոյություն չունի, իսկ հին հատակագծի հետ կապված՝ մենք կարող ենք տրամադրել, բայց կարիք չենք գտել հին հատակագիծը տրամադրելու, որովհետեւ մեր բոլոր ավագանիները գիտեն, որ հին հատակագիծը վերցնելու համար խնդիր չի եղել»:
Համայնքի ղեկավարի տեղակալին հարցրինք՝ կարո՞ղ եք ասել, թե սահմանազատումից հետո Կիրանցի ընդհանուր տարածքը քանի քառակուսի մետր է կազմում։ «Ես Ձեզ հստակ չեմ կարող պատասխանել, որովհետեւ խորացված չեմ ուսումնասիրել եւ չեմ տիրապետում, ինքս անձամբ չեմ զբաղվել դրանով»: