«Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչպես մյուս երկրները, եւ դա բացահայտ հայտարարում ենք՝ ծառի հետեւում չենք թաքնվում»։ Այս մասին ապրիլի 29-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ «Հարավային Կովկաս. զարգացում եւ համագործակցություն» համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։
«Այո, մենք չենք ժխտում, որ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ։ Միջազգային իրավունքի սկզբունքները ոչ մի դեպքում չպետք է խեղաթյուրվեն քաղաքական գերակայության պատճառով»,- հավելել է Ալիեւը։ Նաեւ ընդգծել է, որ միջազգային հանրությունն ընտրովի է վերաբերվել Ադրբեջանին՝ նրա տարածքային ամբողջականության հարցում։ «Նույնիսկ ուկրաինական իրադարձություններից առաջ միջազգային հանրությունը միշտ շատ բաց ձեւով աջակցել է Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը։ Բայց երբ խոսքը հասավ մեզ, ուղերձը հետեւյալն էր՝ Հայաստանի հետ հաշտության պայմանագիր կնքեք»,- հավելել է նա։
Ակնհայտ է, որ Իլհամ Ալիեւը ռուս-ուկրաինական, ավելի ստույգ՝ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության դաշտում արդեն դիրքավորվում է Արեւմուտքի ճամբարում: Այդ կողմնորոշումը բացահայտվում է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների ֆոնին. Փաշինյանի իշխանությունը խարխլված է, ամենայն հավանականությամբ, նրան փոխարինելու կգան բացահայտ ռուսական կողմնորոշում ունեցող եւ ՌԴ-ի կողմից հավանություն ստացած «ռեւանշիստները»՝ ինչպես սիրում են ասել ադրբեջանցիները: Իսկ դա անպայման բեկում կմտցնի արցախյան հարցի շուրջ ընթացող բանակցություններում. հայկական կողմը կխստացնի իր դիրքորոշումը, կհրաժարվի Ադրբեջանի հետ պայմանագրի կնքումից, Ադրբեջանի օգտին դելիմիտացիայից, նրա պահանջները կատարելուց: Եվ բնական է, որ Ադրբեջանն ուզում է իր դիրքերն ամրապնդել արեւմտյան ճամբարում՝ հետագա հակամարտության դեպքում նրա ռազմական եւ քաղաքական հովանավորությանն արժանանալու ակնկալիքով, եւ մեծ հաշվով հույսը կտրել է Ռուսաստանից ինչ-որ բան ստանալու հնարավորությունից ու հասկանում է, որ այս պարագայում Ռուսաստանն իր աջակիցը չէ, այլ հակառակորդն է։