Մշակույթ

Սարդարապատում իրեն դիրքավորեց որպես գալիք ընտրություններում միակ խաղաղարարի

Սարդարապատում իրեն դիրքավորեց որպես գալիք ընտրություններում միակ խաղաղարարի

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Հանրապետության տոնի առիթով, նոր քննադատությունների ու քննարկումների առիթ տվեց։ Մեր պետության ու մեր ինքնության հարատեւությունն ապահովելու համար նա 5 իրողություններ թվարկեց՝ կրկնելով նաեւ հանրությանը քաջածանոթ մի քանի թեզեր։ Իր խոսքում նա մասնավորապես նկատել էր․ «Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլեւս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության», «Վերջին 4.5 դարի մեր պատմությունը, Պատմական Հայաստանը մեզ մեկական հիմնական ուղերձ են հղում․ «Մի՛ կրկնեք այդ պատմությունը», «Մի՛ գնացեք իմ ճանապարհով», «Մի՛ կրկնեք ինձ»»։ Իսկ վերջում Փաշինյանն իր ելույթն ավարտել էր «Պատերազմ չի՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն» խոսքերով։

Պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանի դիտարկմամբ, Փաշինյանի ելույթը մի քանի նպատակ ուներ․ «Առաջինը՝ գալիք ընտրություններում իրեն որպես միակ խաղաղարարի եւ խաղաղության երաշխավորի դիրքավորումն էր, որ եթե ինքը լինի, խաղաղություն կլինի, եթե ինքը չլինի, մնացած ով էլ գա իշխանության, խաղաղություն չի լինի։ Ինչպես 2021-ին խաղաղության կեղծ օրակարգով մտավ ընտրությունների մեջ, այնպես էլ հիմա փորձում է նույնն անել առաջիկա ընտրությունների հետ կապված»։

«Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի» փաշինյանական թեզն այսպես է մեկնաբանում Սողոմոնյանը․ «Մյուսը Ալիեւից ու Էրդողանից ստացած պատվերներն են, այն է՝ Արցախի հարցը վերջնական գերեզմանել, այդ թվում՝ հանրային գիտակցության մեջ։ Այդ «առաքելությանն» ուղղված գործողություն էր իր ելույթը, որ պետք չէ հայրենիք փնտրել, իսկ ո՞վ ասաց, որ մենք հայրենիք ենք փնտրում ընդհանրապես․․․, կեղծ, շինծու, սխալ ձեւակերպումներով ինչ-որ թեզեր, որոնք ներկայացվում են որպես ճշմարտություն։ Այսինքն՝ նկարագրվում է իրավիճակ, որ իբրեւ թե հայ ժողովուրդը հայրենիք է փնտրում, բայց հայ ժողովուրդը հայրենիք չի փնտրում, նա ունի հայրենիք եւ ճանաչում է իր հայրենիքը, բայց իր հայրենիքն իրենից խլված է։ Մասնավորապես, 2023-ին մեր ժողովրդի մի մասը՝ 120 հազար հոգի, տնավեր, փախստական դարձավ։ Հիմա, այս պարագայում ի՞նչ է նշանակում՝ հայրենիք չփնտրել, նշանակում է հետամուտ չլինե՞լ արցախցիների վերադարձին, մեր հայրենիքը չէ՞ Արցախը։ Սա Արցախի հարցը հասարակական գիտակցության մեջ գերեզմանելուն ուղղված խոսույթ էր, որն Ալիեւի եւ Էրդողանի օրակարգն է, նրանց պատվերը, հավանաբար՝ նրա դիմաց, որ, ինչպես ինքն է ասել՝ պատերազմ չի լինելու, ուստի դրա դիմաց պետք է գերեզմանի Արցախի հարցը, իսկ նրանք դրանով կնպաստեն իր իշխանության պահպանմանը․․․ այսպիսի գործարքի մասին է խոսքը։ Սակայն ես համոզված եմ, որ մեր թշնամին Արցախով չի բավարարվելու, եւ դա ինքն ակնհայտ ցույց է տալիս։ Եվ առաջին անգամ չէ, որ մենք իրենից լսել ենք մի բան, իսկ տեղի է ունեցել հակառակը։ Հիշենք, թե 2018-ին ինչեր էր խոստանում եւ ինչ բերեց մեր գլխին, հիշենք՝ 2021-ին ինչեր էր խոստանում, կառավարության ծրագրում ինչեր կային ամրագրված, եւ ինչ ունենք հիմա, եւ այդպես շարունակ․․․․»։

Փաշինյանի կարծիքով, 2025 թվականի կարեւորագույն իրողություններից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային կետերում այլեւս սահմանային հսկողություն են իրականացնում բացառապես մեր երկրի սահմանապահները, մի բան, որը, ըստ նրա, աննախադեպ է։ Միաժամանակ նա նաեւ նշել էր․ «Արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է։ Մենք՝ ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը»։

Այս մասով Մ․ Սողոմոնյանը նկատում է, որ Փաշինյանն օգտագործում է կիսաճշմարտություններ․ «Դա այդպիսի մանիպուլյատիվ հնարք է՝ օգտագործում է կիսաճշմարտություն հանդիսացող թեզեր, որոնցով առաջ է տանում իր ասելիքը։ Այն, որ արտաքին ուժերը չեն կարող լինել մեր անվտանգության երաշխավորը, եւ մենք պետք է լինենք մեր երաշխավորը՝ ճշմարիտ թեզ է, բայց իր խոսքի կոնտեքստում եւ իր խոսքի նպատակների մեջ սա մանիպուլյատիվ է, այն առումով, որ նախեւառաջ Հայաստանի ոչ բոլոր սահմաններն են պաշտպանվում հայ սահմանապահների կողմից․ հայ-թուրքական սահմանը ռուս սահմանապահների կողմից է պաշտպանվում, եւ 2-րդ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփման գիծը մեծամասամբ ոչ թե սահմանապահների կողմից է պաշտպանվում, այլ՝ ռազմական ստորաբաժանումների, դիրքապահ զինվորների կողմից, որովհետեւ չկա խաղաղություն կամ խաղաղության պայմանագիր։ Մի կողմից, այսպիսի խոսքերը, որ մենք ենք երաշխավորը, մյուս կողմից էլ, երբ նայում ենք աշխարհաքաղաքական իրադրությանը տարածաշրջանում եւ տեսնում ենք, որ Հայաստանի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանից հեռացել են նրա բարեկամները, դաշնակիցները, իսկ թշնամիների ախորժակը շատ ավելի է բացվել, եւ թշնամիների միջեւ դաշինքներն ավելի են ամրապնդվել, օրինակ՝ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան դաշինքը, որի ամրապնդման քայլերից մեկն էլ Բերձորում օդանավակայանի հիմնումն էր, այս պարագայում ասել՝ մենք ենք երաշխավորը, դա ոչ թե ուժեղ, վճռական քաղաքականության ցուցիչ է, այլ՝ աքլորանալու նշան»։       

ԵՊՀ դասախոս Նարինե Դիլբարյանը, անդրադառնալով Փաշինյանի ելույթի բացահայտ ու ծածուկ ուղերձներին, ասում է, որ ելույթը լսելիս նախեւառաջ զարմանք է ապրել․ «Որովհետեւ եթե իր նպատակը՝ ՀՀ այն ժողովրդին, որին 2021-ի ողջ նախընտրական շրջանում, ապա՝ կառավարության ամրագրված ծրագրով խոստացել էր պահպանել հայկական Արցախը, շրջափակել ճանապարհները՝ Արցախի շահերի պաշտպանությունից ելնելով, եւ, ընդհանրապես, ողջ ՀՀ տարածքը դարձնել անվտանգ տարածք, ու հիմա այն վարչապետը, որը չի կատարել իր իսկ կառավարության ծրագիրը, Առաջին հանրապետության օրը գնում է Սարդարապատի համալիր ու հրահանգում է հուշահամալիրը փակել պարզ քաղաքացիների առջեւ, որոնք չէին կարողանում մոտենալ Սարդարապատի համալիրին։ Հետեւաբար, հպարտ միայնության մեջ այսպիսի «կարեւոր» ուղերձներ հղելը ցույց է տալիս, որ նպատակն ընդամենը ձեւն է եւ ոչ թե բովանդակությունը»։

Անդրադառնալով արդեն Փաշինյանի ուղերձի բովանդակությանը՝ Դիլբարյանը նշում է, որ նա ոչ մի լումա չունի Հայաստանի ներկայիս հանրապետության տարածքային ձեռքբերումների հարցում․ «Այսինքն՝ ինքը հայրենիքը չի ընդլայնել, ավելի անվտանգ, առավել բազմամարդ, երջանիկ չի դարձրել, որ հիմա էլ մարդկանց կոչ է անում՝ հայրենիք չփնտրել։ Ոչ մի վարչապետի քաղաքական բառապաշարում նման տարօրինակ արտահայտություններ չպետք է լինեն, որովհետեւ մարդիկ իրենց հայրենիքը ոչ թե փնտրում են, այլ իրենց հայրենիքով ապրում եւ գործում են, անգամ՝ դրսում ապրելով, եթե, իհարկե, հայրենատեր մարդիկ են ու գործում են ի շահ իրենց հայրենիքի։ Իսկ թե որտեղ հայրենիք փնտրել, ես կարծում եմ՝ բոլոր ճանապարհները տանում են դեպի Արեւմտյան Հայաստանի հերքում։ Դուք տեսնում եք, թե այս իշխանությունը որքան է արդարացնում «Արեւմտյան Ադրբեջանի» պնդումները, իբրեւ թե այն դիտակետից, որ Արցախի իշխանություն են այստեղ ընտրում, դրա համար Ադրբեջանն իրավունք ունի խոսել «Արեւմտյան Ադրբեջանի» մասին՝ նկատի ունենալով Հայաստանը։ Եվ ՀՀ վարչապետն էլ իր մեկ այլ ուղերձում առաջարկում էր մեզ Արեւմտյան Հայաստան դիտարկել Արարատի մարզը, այսինքն՝ կեղծում էր»։ Ն․ Դիլբարյանն ընդգծում է, որ «Արեւմտյան Հայաստան»-ը միջազգայնորեն հաստատված քաղաքական, իրավական եզրույթ է, եւ Փաշինյանը չէ, որ պետք է այն չեղարկի։

«Փաշինյանը ոչ միայն արցախյան պայքարն է ուզում փակել, չեղարկել, այլեւ՝ Հայ դատը, ցեղասպանությունն է մինչեւ անգամ կասկածի տակ դնում, այսինքն՝ հայկականության բոլոր ուղղություններն ուզում է չեղարկել, բայց, անկեղծ ասած, անգամ իր խոստումները խախտող անհատի հայտարարություններն ընդամենը իրեն են բնորոշում եւ որեւէ էական վնաս չեն կարող հասցնել այն գաղափարաբանությանը, որը դարեդար գոյություն ունի եւ հիմնված է միջազգային իրավունքի վրա։ Ուստի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի հիշելու իր փոքր հայրենիքը, եւ եթե այն բռնազավթված է՝ պայքարելու դրա համար, այսինքն՝ դեպի Արցախ վերադարձը, անկախ Նիկոլ Փաշինյանի հորդորներից կամ քաղաքական նոր ծրագրից, գործելու է։ Եվ համոզված եմ՝ ինչպես հաջողությամբ ընտրեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նոր նախագահին, այդպես էլ ընտրվելու է Արցախի Հանրապետության նախագահ, որովհետեւ Արցախի Հանրապետությունը ձեւավորվել է ազգերի ինքնորոշման, միջազգայնորեն ճանաչված իրավունքի հիման վրա, եւ յուրաքանչյուր իրեն հարգող պետություն ընդունում է, որ որոշակի տարածքում ապրող միեւնույն ազգային պատկանելությամբ մարդիկ իրավունք ունեն խաղաղ իրականացնելու իրենց ինքնորոշման իրավունքը։ Եվ Արցախի ժողովրդի վերադարձի պայքարը՝ հանուն խաղաղ վերադարձի, նույնքան օրինական է, որքան ժամանակին Արցախի Հանրապետության հռչակումը պատմականորեն հայաբնակ այդ տարածքում»,- եզրափակում է Դիլբարյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image