Երեւանի քաղաքապետարանը սկսել է Կասկադ համալիրի անավարտ հատվածի կառուցման գործընթացը։ Այդ նպատակով օրեր առաջ քաղաքապետարանը հայտարարել է համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման նպատակով քաղաքաշինական ծրագրերի ներկայացման բաց մրցույթ։
Քաղաքապետ Տ․ Ավինյանի որոշմամբ, կարգադրված է ստեղծել բաց մրցույթը գնահատող հանձնաժողով եւ հաստատել դրա անհատական կազմը, մրցույթի կազմակերպման կանոնակարգը, մրցույթի դիմումի ձեւը եւ տեխնիկական պահանջները: Ինչպես նաեւ՝ հաստատել մրցութային հայտերի գնահատման չափորոշիչները․ «Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված մրցույթի հաղթողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձեւը՝ համաձայն հ. 5 հավելվածի: Հաստատել սույն որոշման հիման վրա ձեւավորված մրցութային հանձնաժողովի անդամի անաչառության եւ գաղտնիության հայտարարության ձեւը՝ համաձայն հ. 6 հավելվածի։ Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երեւանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թեւանյանի վրա: Որոշման կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երեւանի քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը»:
Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերին Երեւանի քաղաքապետարանը ներկայացրեց Կասկադ համալիրի արդիականացման 2 նախագծային փաթեթ, որոնք հանրային քվեարկության դրվեցին «Ակտիվ քաղաքացի» հարթակում։ Քվեարկության ավարտից հետո պարզ դարձավ, որ «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի օգտին քվեարկել էր 1128 հոգի, իսկ «Կասկադ այգիներ»-ի օգտին՝ 902-ը։ Ի դեպ, նախագծերից մեկի հեղինակը՝ ֆրանսիական, մյուսը՝ ամերիկյան ճարտարապետական ընկերություն էր։ Ինչ վերաբերում է հաղթող նախագծին, ապա, համաձայն նախագծային փաթեթի, «Նոր Կասկադ» նախագիծը «կապել եւ աշխուժացնելու է քաղաքը»․ «Այն կազմված է հանրային անցումներից՝ լրացված հրապարակներով, տեռասներով, սրճարաններով եւ ռեստորաններով, որոնք էլ ստեղծում են հենց այդ աշխույժ մթնոլորտը: Կենտրոնական հատվածը 1000 նստելատեղով համերգային եւ երաժշտական սրահն է, որտեղ կանցկացվեն դասականից մինչեւ հանրաճանաչ երաժշտության համերգներ։ Նախագիծն ընդգծում է Երեւանի հորիզոնը՝ ցույց տալով իր խորհրդանշական ներկայությունը եւ ծառայելով որպես մշակութային ցուցասրահ»։
Հատկանշական է, որ գործող ճարտարապետ, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանը, լինելով Կասկադի համահեղինակներից, դուրս էր մղվել այս գործընթացից եւ հայտնվել դիտորդի կարգավիճակում, ավելին՝ իրեն ո՛չ դիմել են, ո՛չ տեղեկացրել, որ պատրաստվում են Կասկադն արդիականացնել։
Այս անգամ եւս Կասկադի համահեղինակ՝ ճարտարապետ Ասլան Մխիթարյանը մեզնից տեղեկացավ, որ քաղաքապետարանն ընտրված նախագծի համար քաղաքաշինական ծրագրերի ներկայացման բաց մրցույթ է հայտարարել։ «Տեղյակ չեմ․․․, այսինքն՝ հիմա էլ մրցույթ են հայտարարում, թե ով պետք է իրականացնի, ֆինանսավորի այդ նախագիծը, որ ընտրված նախագծին ընթացք տան․․․ ի՞նչ ասեմ․․․ շնորհակալ եմ իմ կոլեգաներին, որոնցից ոչ մեկը չասեց, որ նախագծի իրավունքը հեղինակին է պատկանում, եւ իմ նախագիծն այդպես էլ չներկայացրին․․․ ու ոչ էլ բողոքեցին․․․ ես մենակ ի՞նչ անեմ․․․»,- նեղսրտեց Ա․ Մխիթարյանը։
Բայց չէ՞ որ Ճարտարապետների պալատը Կասկադ համալիրի արդիականացման առնչությամբ հանդիպում-քննարկում էր կազմակերպել եւ որոշել էր նամակ-հայտարարությամբ դիմել նախ՝ քաղաքապետին, ապա՝ նաեւ վարչապետին, արձանագրելով, որ կատարվել է էթիկայի խախտում, եւ պետք է հենց հեղինակը շարունակի Կասկադն ամբողջացնելու նախագիծը՝ բոլոր 3 հեղինակ-ճարտարապետների (Ջիմ Թորոսյան, Սարգիս Գուրզադյան, Ասլան Մխիթարյան) կողմից հաստատված նախագծով։
Սակայն պարզվում է՝ քննարկումն ավարտվել է միայն բարի ցանկությունների շարադրմամբ, եւ ոչ մի նամակ էլ չի գրվել ու չի ուղարկվել քաղաքապետին, վարչապետին․ «Այդ հայտարարությունը, սակայն, նամակ չդարձավ, ու չուղարկեցին քաղաքապետարան․․․»։ Ո՞վ եւ ինչո՞ւ չի ուղարկել այդ նամակը քաղաքապետարան, ո՞րն է եղել պատճառը։ «Դե․․․ ես այդ հարցին չեմ կարող պատասխանել․․․, մեզ ձեռք է տալիս, որ քաղաքն այսպես ապականում են՝ այդ շինարարություններով, ու կանաչը ոչնչացնում են, հիմա էլ Կասկադը կոչնչացնեն ու կսարքեն իրենց համար զվարճանքի կենտրոն»,- դառնացած նշում է Կասկադի համահեղինակն ու անդրադառնում նաեւ հաղթող նախագծին։
«Այդ նախագիծը, որն անցել է, խայտառակություն է, իր այդ համաչափություններով լրիվ Կասկադի հերն անիծում է․․․, ինքը նաեւ դիտահարթակ ունի, դուք տեսե՞լ եք այդ դիտահարթակի վիճակը, հիմա պատկերացնո՞ւմ եք ֆրանսիացու այդ նախագծով այդպիսի 4 դիտահարթակ՝ ավելի մեծ՝ 120 մ երկարությամբ, ո՛չ 80, պետք է կախվի քաղաքի վրա, ի՞նչ պիտի անեն այդ դիտահարթակները․․․ իսկ ինքը՝ նախագիծը, կարծես ծովափնյա վիլլա լինի՝ տասն անգամ մեծացրած, որը Կասկադի հետ ոչ մի առնչություն չունի։ Պատկերացնո՞ւմ եք՝ Կասկադի լայնությունը 50 մ է, իսկ իրենց հարթակի լայնությունը 100 մ է, այսինքն՝ 2 անգամ մեծ, ու այդ հարթակներն այդպես մեծ պիտի ընկնեն խեղճուկրակ Կասկադի վրա․․․։ Սա է այսօրվա մակարդակը, ի՞նչ ասեմ․․․»։
Ինչ վերաբերում է Ճարտարապետների պալատում հրավիրված քննարկմանը, Ա․ Մխիթարյանը նշում է՝ քանի որ նամակը չուղարկվեց, ստացվում է՝ որեւէ արձագանք էլ չեղավ․ «Փաստորեն, ես մենակ պետք է պայքարեմ, բայց ես էլ այն տարիքում չեմ, որ ընկնեմ՝ նրանց հետ գլուխ տամ․․․, եթե իմ կոլեգաները համարում են, որ մեր քաղաքին դա է պետք, ի՞նչ ասեմ․․․, բայց հետո կսկսեն՝ ախ, վախ, ոնց եղավ սա․․․»։ Նկատենք, որ Ճարտարապետների պալատի նախագահը՝ Ալեքսանդր Բադալյանը, ՔՊ ցուցակով ընտրված Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, եւ հարց է, թե այս պարագայում ում շահերն է ներկայացրել եւ ում շահերից է գործել։ Այդ իսկ պատճառով պրոցեսն ընթացք չի ստացել։
Այդուհանդերձ, չի՞ պատրաստվում իր հեղինակային իրավունքի ոտնահարման հետ կապված դատական գործընթաց սկսել։ «Ճիշտ եք ասում, բայց ո՞ւմ դատի տամ․․․ իրանք հա՛մ դատավորն են, հա՛մ ամեն ինչը․․․»,- կարճ եզրափակեց ճարտարապետը։