Կինոնկարների IMDb կայքը ներկայացրել է իր վարկածով՝ 2025 թվականի լավագույն կինոնկարներն ու սերիալները։ Վարկանիշային ցանկը կազմվել է ըստ մեկ ամսում IMDb-ում ունեցած դիտումների քանակի։ Այսպես․ տարվա ամենից հայտնի կինոնկար է համարվել Ջեյմս Գանի «Սուպերմենը»՝ Դեւիդ Կորենսվետի գլխավոր դերակատարմամբ։ Այն գլխավորել է IMDb-ի չարթերը՝ համաշխարհային պրեմիերայից հետո երկու շաբաթ անընդհատ։ Հավաքել է մոտ 600 միլիոն դոլարի հասույթ։ Երկրորդ տեղում «Զենքն» է՝ Ջուլիա Գարների եւ Ջոշ Բրոլինի մասնակցությամբ։
Այս կինոնկարը հատկապես գրավել է իր խորհրդավորությամբ, եզակի սյուժեով եւ տպավորիչ էֆեկտներով։ Երրորդ տեղում Մայքլ Բ․ Ջորդանի մասնակցությամբ «Մեղավորներն» են։ IMDb-ն այս կինոնկարը համարել է «ժանրերը ջարդուփշուր անող կինոնկար»։ Երեք ամիս անընդհատ եղել է IMDb-ի առաջատար ֆիլմերի քսանյակում։ Ցանկում են նաեւ «Ճակատամարտ՝ ճակատամարտի հետեւից», «Յուրայի դարաշրջանի աշխարհը», «Ֆրանկենշտեյնը», «Բախտավոր Գիլմոր 2»-ը եւ այլն։