Մեկնարկեց Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Նիստին արդեն ներկայացել են ավագանու բոլոր անդամները, բացի ՔՊ խմբակցության անդամներից։ Նրանք նիստին չեն մասնակցում։ Նշենք, որ քաղաքում եռուզեռը սովորականից շատ է, քանի որ ոստիկանական հսկողություն է իրականացվում, հավանաբար, նիստի հետ կապված։ Որպես ավագանու ամենատարեց անդամ նիստը վարեց Վարդան Ղուկասյանը՝ իրեն հատուկ հումորով նկատեց, որ գյոզալական Գյումրին դարձրել են համայնք․ «Ըսպես էլ բան կեղնի»,-կատակով դժգոհություն հայտնեց նա։
Ղուկասյանը հերթականությամբ ներկայացրեց նիստի օրակարգը, որի առաջնային հարցերից է քաղաքապետի ընտրությունը։ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու ղեկավար Կարեն Սիմոնյանն իր խոսքում ասաց, որ իրենց միակ նպատակը քաղաքում ՔՊ-ին իշխանազրկելն է և այդ պատճառով քվեարկելու են ընդդիմադիր Վարդան Ղուկասյանի օգտին։
«Սա հայրաքաղաք է, համայնք չէ, ինչպես ասաց պարոն Ղուկասյանը, մենք նույնպես համայնքապետի թեկնածու չենք առաջադրելու, քվեարկելու ենք Վարդան Ղուկասյանի օգտին, ունենք մեր ծրագրերը, որը հետագայում կքննարկենք քաղաքապետի հետ․․․․»,-ասաց «Իմ հզոր համայնքը» խմբակցության ավագանու ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։
««Մեր քաղաքը» դաշինքը հավատարիմ է իր հայտարարությանը, քվեարկելու ենք ընդդիմության թեկնածուի օգտին»,- ասաց խմբակցության ավագանու ղեկավար Լիզա Գասպարյանը։
Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էլ ներկայացրեց իր թեկնածու Վարդան Կոլյայի Ղուկասյանին, որին հաջորդեց թեկնածուի ճառը։
«Ես հիմա կարող էի հանգիստ մի տեղ նստած լինեի, իմ կյանքը հանգիստ վայելեի, բայց․․․․ Փառք տիրոջը, որ շատ համերաշխ ընտրություն կատարվեց, ինչքան ուզեցին խառնել, բայց չստացվեց, թեկնածուներն իրենց շատ ճիշտ դրսևորեցին և դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորից ով ինձ ձայն է տվել, որդեգրելու ենք համերաշխության, խաղաղության, կառուցողական մեթոդը, շատ պարտավորեցնող է հիմա․․․․Քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերը Աստվածն է։ Իմ ընտանիքի հետ ես խռով եմ մինչև էսօր, որովհետև իմ մարմնի հետ էր կապված, իմ վրա կրակել են․․․․ ես իմ քաղաքի վիճակը հիմա որ տեսա, էս ամեն ինչից դուրս գալով՝ առաջադրեցի իմ թեկնածությունը, այստեղ մարդիկ կան նստած, որ ժամանակին իմ հետ էին, բայց հիմա ընդդիմություն են, կտեսնեք, որ համերաշխությամբ, ճշմարտությամբ կանցկացնենք էս ամենը, բյուջեն ավելացնելու ենք, կտեսնեք․․․․Լսելու ենք բոլորին․․․․ » ,-իր խոսքում ասաց Վարդան Ղուկասյանը։
Ավագանին կես ժամով ընդմիջում վերցրեց, որից հետո կընթանա քաղաքապետի ընտրության գործընթացը։
Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի մարտի 30-ի արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 47 434 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 111 236 է։ 9 քաղաքական ուժից անցողիկ 6 տոկոսը հաղթահարել են 5-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 17 188 քվե- 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 9 727 քվե- 8 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 904 քվե- 2 մանդատ, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 7 380 քվե- 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 739 քվե- 3 մանդատ։
Գյումրու ավագանին, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, կազմված է լինելու 33 անդամից: Քաղաքապետ ընտրվելու համար կուսակցություններին եւ դաշինքներին անհրաժեշտ է լինելու 50 տոկոսից ավելի ձայն: Տվյալ դեպքում դա 17 անդամի «կողմ» ձայնն է: Ավագանու անդրանիկ նիստին՝ ապրիլի 16-ին ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը հայտարարել են, որ իրենց միավորման արդյունքում քաղաքապետ են ընտրելու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: